Հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ. Էլմիրա Կարապետյան
Սպորտային կյանքի դժվարությունները, բարդություններն են, որ բացահայտում են մարզիկների իսկական էությունը: Այն, ինչը մեզ համար պարզապես երազանքի ճանապարհն է, իրականում մարզիկների կամքի բացահայտման ուղին է, որով նրանք ձգտում են մնալ պատմության սպորտային էջերում:
Հայկական հրաձգության մեծ ներուժ ունեցող մարզիկներից մեկը Էլմիրա Կարապետյանն է, ով այս տարի դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր: Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի օլիմպիական թիմի առաջին անդամը մեդալի հիմնական հավակնորդներից է 33-րդ խաղերում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց նախորդ բացառիկ նվաճումների, հաջողության իր բանաձևի և մինչև Փարիզ սպասվող իրադարձությունների մասին:
-Վերջին շրջանում Դուք այն բացառիկ մարզիկներից եք, ով շարունակաբար կայուն արդյունք է ցույց տալիս: Արդյոք եղե՞լ է մեկ բեկումնային պահ, որն, ըստ Ձեզ, հստակեցրեց Ձեզ համար, որ, այո, հրաձգությունն է նպատակներն իրագործելու միջոցը:
-Ի սկզբանե, շատերն էին կարծում, որ իմ՝ հրաձգությամբ զբաղվելը լուրջ չէ, քանի որ ստանդարտներին համապատասխան մարզումներ չեմ անցկացնում: Ունեմ իմ ուրույն ոճը:
-Իսկ ո՞րն է դա:
– Ունեմ իմ դիսցիպլինան, բայց ինքս եմ որոշում, ինչը երբ անել: Դժվար է ինձ մտցնել այդ շրջանակների մեջ և ասել՝ մարզվի՛ր այսպես: Երբ նոր-նոր էի սկսում, ասում էին, որ մարզումների համար ճիշտն այս կամ այն ոճն է, ես հակառակվում էի՝ պնդելով, որ պետք է փորձեմ բոլոր տարբերակները: Գուցե, տարօրինակ հնչի, բայց 19 տարեկանից եմ սկսել զբաղվել հրաձգությամբ:
-Տարօրինակ ու հակաօրինաչափ է այս ամենը: Դիսցիպլինան որոշում եք դուք, մարզվում եք 19 տարեկանից: Այդ դեպքում, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
-Կատաստրոֆիկ նպատակասլացությունը: Ու ինձ հետաքրքիր է այն, ինչը գնել չես կարող: Կարող եմ այլ մասնագիտությամբ գումար վաստակել և գնել ցանկացած բան, սակայն մեդալը գնել չես կարող: Ինձ գրավում է այն, որ մարզիկների հետ ներքին պայքարն այլ վայրում չես կարող գտնել: Հրաձգությունը պայքար է միայն քո ու քո միջև:
-Էլմիրա, անցնող տարին իսկապես բացառիկ էր Ձեզ համար գրանցած հաջողությունների առումով: Ի՞նչն է փոխվել այս տարում:
-Դեռևս նախորդ տարի պետք է այս փոփոխությունը լիներ, երբ ընդամենը մեկ միավորի պատճառով դուրս չեկա Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ինձ շատ ոգևորեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, քանի որ աշխարհի առաջնությունում գրանցածս արդյունքը ինձ համար անսպասելի էր: Այնտեղ գրանցած միավորն ինձ համար անձնական ռեկորդ էր, և ամեն ինչ առավել հեշտ է դառնում, երբ մեկ անգամ այդքան միավոր ես հավաքած լինում: Այս տարի բոլոր այն մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, մեդալ եմ նվաճել:
-Կարելի՞ է ասել, որ փորձը՝ որպես այդպիսին, Ձեզ ձևավորվել է որպես մարզիկ:
-Կարծում եմ՝ նախորդ 10 տարիներն են ինձ ձևավորել որպես մարզիկ:
-Ի՞նչն է փոխվել նախորդ տարում, որ այդպիսի մեծ արդյունքներ եք գրանցում:
– Երբ հղի էի, բոլորը կարծում էին, որ լավ արդյունքները դրա հետ են կապված: Բայց մեզ մոտ մի քանիսը հղիացան և հասկացան, որ հղիությունը խանգարող հանգամանք է: Մոտ 4 ամիս դադարի մեջ էի` հղիության վերջին 2 ամիսները և բալիկիս ծնվելուն հաջորդող 2 ամիսները: Մոտ մեկ ամիս էր, որ նորից մարզվում էի, երբ մասնակցեցի աշխարհի առաջնությանը: Ճիշտ ժամանակի դադարն առավել լավ մարզում է:
-Եվ տարվա լավագույն ձեռքբերումը, գուցե, աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելն էր: Ինչպե՞ս եք հիմա վերհիշում այդ բացառիկ նվաճումը:
– Ի սկզբանե ես պարզապես ցանկանում էի տեսնել Ռիոն (ծիծաղում է. հեղ.): Մարզիչներիս էլ խնդրում էի, որ ինձ ուղարկեին հենց այդ մրցմանը: Հրաձգությունում կա մի նուրբ պահ, երբ մտնում ես եզրափակիչ, դա բացարձակ այլ զգացողություն է: Ամենադժվար «կրակ»-ը առաջին տեղի համար պայքարը չէ, այլ 3-րդ և 4-րդ տեղի համար մրցապայքարը, երբ մրցում ես մեդալ ունենալու կամ չունենալու համար: Ես էլ մրցում էի ոչ թե առաջին տեղի համար, այլ պարզապես մեդալի համար: Հենց այն պահին, երբ հասկացա, որ մեդալը կա, նոր զգացի, որ նաև ոսկուն կարող եմ տիրանալ: Ես հաճույք եմ ստանում կրակածս ամեն մի փամփուշտից:
-Կրակելիս խոսո՞ւմ եք ինքներդ Ձեզ հետ:
-Այո, անշուշտ: Բայց ինձ առավել շատ խանգարում է այն, երբ մրցումների ժամանակ լսում եմ հայերեն խոսք:
-Եվ գալով ամենակարևորին` Օլիմպիական խաղերին: Սրանք Ձեր երկրորդ Խաղերն են լինելու: Ինչո՞վ պիտի տարբերվեն նախորդից և ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրված:
-Եթե անկեղծ՝ առաջին Խաղերի ժամանակ այն հուզմունք ասվածը չկար: Խաղերից երկու ամիս առաջ միայն ստացա Օլիմպիական խաղերի քվոտան և միայն վերջին պահին «նստեցի օլիմպիական գնացքը»: Հիմա ես շատ ավելի դանդաղ ու ավելի մանրակրկիտ եմ պատրաստվում Օլիմպիական խաղերին:
-Ձեր մտքում օլիմպիական մեդալ ունե՞ք:
-Չեմ կարող պատասխանել այդ հարցին (ծիծաղում է. հեղ.):
-Ո՞րն է հրաձգության գեղեցկությունը:
-Հանգստությունը:
-Եվ մինչ Օլիմպիական խաղերը ի՞նչ պլաններ ունեք, ի՞նչ է Ձեզ սպասվում:
-Գրեթե ամեն ամիս մրցումներ ունենք: Տարբեր մրցումներ են` Գրան Պրիներ, գավաթներ և այլ մրցաշարեր:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի