Բաժիններ՝

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան մասնակցելու վարույթով 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որը գործել է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը եղել է բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը։

Այնուհետև Հ․Ս-ն, մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելու և անօրինական օգուտ ստանալու նպատակով, երեք անձից ստացել է անօրինական օգուտներ, որոնցից մեկից վերցրել է տրանսպորտային միջոց, ինչպես նաև ձեռնամուխ է եղել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող մի շարք վեճերի լուծմանը։

Բացի այդ, Հ․Ս-ի կողմից ստեղծված և ղեկավարված քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, ով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով, ձեռնամուխ է եղել անօրինական գործողությունների միջոցով մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելուն և անօրինական օգուտ ստանալուն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը և ղեկավարելը), Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Ս-ի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող, Սպիտակ համայնքի բնակիչ Մ․Դ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ, որից հետո վերջինս ձերբակալվել է։

Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը անջատվել է վերոնշյալ քրեական վարույթից, միացվել է նույն քննչական բաժնում Մ․Դ-ի կողմից կատարված առերևույթ հանցանքների կապակցությամբ քննվող մեկ այլ քրեական վարույթի, որի շրջանակներում Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը և պահելը) և 396-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով խոշոր չափերով հոգեմետ նյութ ձեռք բերելու և պահելու համար)։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս