«Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի կատարում իր պարտականությունները». Գեղամ Մանուկյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ պարզաբանեց օրվա առաջին կեսին իր արած հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» քարտեզի վերաբերյալ: Մասնավորապես, երբ ԱԺ-ում իշխանությունը ներկայացրեց «Խաղաղաղության խաչմերուկը», բաժանված բրոշյուրում ներառված քարտեզում դեպի Իրան նշված է եղել ծոց, ինչն Իրանի համար խիստ քաղաքական ու վիճելի հարց է։
«Թբիլիսիում այդպես էլ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել է։
Փարիզում արդեն, ու հիմա նորից տպված բրոշյուրում արդեն նշված է Պարսից ծոց, որը շատ կարևոր է Իրանի համար։ Երևի դիվանագիտական խողովակներով բողոքից հետո անդրադարձել են, որ նման ձևակերպումն Իրանի համար խնդրահարույց իրավիճակ է ստեղծում»:
Ըստ էության ձևակերպումը քարտեզի վրա փոխվել է և Ծոցը դարձել է Պարսից ծոց։
Պարզաբանումից հետո պատգամավորն անցավ իր հարցին.
«Ցավոք, ԱԳ նախարարն այստեղ չէ, բայց բարձրաձայնեմ։ Երկու անգամ Արարատ Միրզոյանին Քրիստինե Վարդանյանի, Արթուր Խաչատրյանի և իմ անունից ուղղվել է հարցում՝ մեկը՝ հոկտեմբերի 11-ին, մյուսը՝ 24-ին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև Գեղամ Մանուկյանը մանրամասնեց գրությունների բովանդակությունը և ասաց, որ հոկտեմբերի 11-ի գրությունում հստակ դիմել էին արտգործնախարարին՝ ծանոթանալու Նիկոլ Փաշինյանի արտահայտած՝ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթի հետ, որն իբրև պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելուն։ Սակայն պատասխան չեն ստացել։ Իսկ մյուս գրությամբ Արարատ Միրզոյանին առաջարկել էին ծանոթանալ այն առաջարկների հետ, որ Ադրբեջանը ներկայացրել էր Հայաստանին։
«Ցավոք, անցել է շուրջ մեկ ամիս, բայց այդպես էլ ԱԳ նախարարի կողմից երկու հարցումներին պատասխան չի եղել։ Եթե Արարատ Միրզոյանն այստեղ լիներ, ապա կասեի՝ ինչո՞ւ չեք կատարում ձեր պարտականությունները»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորին հորդորեց հնչեցնել իր հարցը, գուցե Կառավարության մեկ այլ անդամ պատասխանի Արարատ Միրզոյանի փոխարեն, ինչից հետո Գեղամ Մանուկյանը հարցրեց.
«Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի կատարում իր պարտականությունները, փոխարենը՝ առիթ ու անառիթ փորձում է պատգամավորների հետ ոչ նորմալ բառապաշարով խոսել»։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, ապա խորհուրդ տվեց.
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի հարցը գրավոր ուղարկեք, օրենքը պարտադրում է, որ նախարարությունը պատասխանի՝ պատասխանը կգա»։