Բրյուսելը Երևանի և Թբիլիսիի վերաբերյալ արագացված քայլերի է անցնում

Նախօրեին ԵՄ Արտաքին քաղաքական խորհրդի նիստում, որի օրակարգում էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը, ԵՄ ԱԳ նախարարները հավանություն տվեցին Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին։

«Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը և վիզայի ազատականացման հնարավորությունները»,- հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը՝ իր խոսքում ակնհայտ աջակցություն հայտնելով ՀՀ գործող իշխանություններին։ Ըստ նրա, ԵՄ ուղերձն Ադրբեջանին շատ հստակ է եղել՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և շատ ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա։

«Մենք Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների կոչ ենք անում, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի, և մենք հանձնառու ենք հավատարիմ մնալ միջնորդի մեր դերին»,- հայտարարել է Բորելը, որին արդեն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ սպառնալից հայտարարություն տարածելով։ Սակայն ԵՄ ԱԳ նախարարների հավանությունն այս առաջարկներին դեռ չի նշանակում, որ այս որոշումները վաղն իրագործվելու են, դրանցով առաջիկայում կսկսի զբաղվել Եվրահանձնաժողովը, որը կմշակի այս առաջարկները, ըստ ԵՄ հնարավորությունների, և վերջնական փաթեթները, հարկ կլինի, որ վավերացնեն ԵՄ անդամ բոլոր երկրները։

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՄ-ն կարծես իր վերջին որոշումներով ցույց է տալիս, որ Թբիլիսիին ու Երևանին դուրս չի թողնելու իր ուշադրությունից։

Ըստ նրա, առաջին որոշումն օրերս էր, երբ ԵՄ-ն որոշեց ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին, որտեղ օրեցօր խորանում է ռուսական ազդեցությունը։

«Վրաստանի վերաբերյալ այս որոշմամբ ԵՄ-ն ուղերձ է հղում, որ հասկանում է ներվրաստանյան իրողություններն ու աջակցում երկրի նախագահին ու նրա կուրսին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանն այն կարևոր օղակներից է Հարավային Կովկասում, որում ՌԴ ազդեցության վերացմամբ ԵՄ-ն լուրջ քայլ կանի, քանի որ ՌԴ ամենամեծ ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանում է, որը վերջին տարիներին էականորեն նվազել է ու շարունակում է նվազել։ Ադրբեջանն այս հարցում ԵՄ-ի համար հուսալի գործընկեր չէ, ուստի Երևանին ու Թբիլիսիին Բրյուսելը կաջակցի՝ հասկանալով, որ ռեգիոնալ ուժերը փորձում են վերադասավորվել, հիմքեր դնել նոր համագործակցությունների համար, ինչպիսին 3+3-ն է, Հարավային Կովկասի բոլոր երկրներին, այդ թվում՝ Թբիլիսիին կտրելով իր արևմտյան նկրտումներից»,- ասաց Ստյուարտը։

Ըստ նրա, և՛ Երևանի, և՛ Թբիլիսի հետ կապված որոշումներն արագ չեն ընդունվելու, սակայն ԵՄ-ն քաղաքական կամք է հայտնում։

«Պետք է հասկանալ, որ այս քաղաքական կամքի գործնական մասը վերագրվում է ներկայումս Փարիզին, և Փարիզն է փորձելու ստանձնել պատասխանատվություն ռեգիոնի համար։ Այս ամենին զուգահեռ՝ տեսնում ենք Ֆրանսիայի հավելյալ հանձնառությունը թե Հայաստանի, թե Վրաստանի մասով։ Վերջերս Մակրոնը հանդիպումներ ունեցավ թե Փաշինյանի, թե Ղարիբաշվիլիի հետ Խաղաղության ֆորումի շրջանակում։ Այսինքն՝ ուրվագծվում է կոնկրետ աշխատանքային պլան ԵՄ-ի մոտ, թե որքանով այն կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը, քանի որ նման իրավիճակում երկարաժամկետ կանխատեսումներ անելը և հույսեր հայտնելը բարդ է»,- ասաց վերլուծաբանը։

Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ ԵՄ-ն որոշակի քայլեր անում է ռեգիոնում ամրապնդվելու համար, սակայն այդ քայլերը նաև կարելի է ուշացած որակել, քանի որ դրանք տեղի են ունենում հետսովետական շրջանի ամենաբարդ ժամանակահատվածում, երբ ԵՄ-ի փորձերը կարող են ագրեսիվ պատասխան քայլերի պատճառ դառնալ, անընդհատ էլ ավելի սրելով ռեգիոնալ իրադրությունը։

Ըստ նրա, ԵՄ-ն պետք է նաև արագացված իրականացնի այն, ինչ հայտարարում է, քանի որ մինչ ԵՄ-ն հայտարարում է, այլ խաղացողներ գործում են։

«Հարավային Կովկասը դասական առումով վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության թիրախի։ Դա ունի թե իր բացասական, թե դրական կողմերը։ Իհարկե, այս դեպքում ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից շատ բան է կախված, սակայն ավելի կարևոր է տեղի երկրների քաղաքականությունը, որ ավելի շատ լինեն ձեռքբերումները, քան կորուստները, քանի որ աշխարհաքաղաքական բախումը Հարավային Կովկասում կարող է անկանխատեսելի վատ հետևանքներ ունենալ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս