Բաժիններ՝

«Սպասում եմ՝ երբ է 21-րդ դարի Խոսրով Կոտակը գալու՝ մի երկու տարածք էլ անտառապատի»

Հարցազրույց Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտաարտադրական հարցերով տեղակալ Սեյրան Մինասյանի հետ:

– Պարոն Մինասյան, կենտրոնը տարեկան 7-12 անգամ 39 գետերի մակերևութային ջրերի դիտարկումներ է կատարում: Ինչպե՞ս կբնութագրեք այդ գետերի ընդհանուր վիճակը:

– Եթե համեմատում ենք խորհրդային ժամանակահատվածի հետ, հիմնական գետերը բավական մաքրվել են, որովհետև չկա արդյունաբերական ճնշումը: Չկա ծանր քիմիական արդյունաբերության ճնշումը Հրազդան գետի վրա, Արարատյան դաշտի վրա: Գյուղատնտեսական բնույթի ճնշումը նույնպես խիստ նվազել է: Բոլորս գիտենք, որ վարելահողերի մակերեսը կրճատվել է, բոլորս գիտենք, որ օգտագործվող պարարտանյութի քանակը կրճատվել է, հետևաբար` լվացվող, գետ լցվող պարարտանյութի քանակը նույնպես կրճատվել է:

Երրորդ գործոնը` կապված բնակչության թվի հետ, կոմունալ-կենցաղային ճնշումն է: Այստեղ կարծիքները տարբեր են: Իմ կարծիքով` այդ ճնշումը նույնպես նվազել է, որովհետև բնակչության թիվն է նվազել: Այս առումով հավանաբար կարելի է ասել, որ միայն Հրազդան գետի վրա ճնշումն է մեծացել կոմունալ-կենցաղային աղտոտվածության մասով, որովհետև Երևանի բնակչության թիվը չի նվազել, իսկ եթե համարենք, որ շատ-շատերն առանց գրանցման են ապրում Երևանում, այդ առումով, կարելի է ասել, կոմունալ-կենցաղային ճնշումը Հրազդան գետի վրա պահպանվել է կամ նույնիսկ մի փոքր ուժեղացել:

Կարդացեք նաև

Ջրերի վրա ճնշման հիմնական գործոններից մեկը, որը հաճախ անտեսված է եղել, ավտոտրանսպորտն է եղել, որովհետև միավոր ավտոտրանսպորտ նշանակում է` միավոր վառելիք, միավոր քսայուղեր, միավոր սպասարկում, և այլն և այլն, և այդ ամեն ինչը նորից հայտնվել է ջրային ռեսուրսների մեջ: Այս առումով շատ հետաքրքիր երևույթ է տեղի ունեցել: Տրանսպորտի քանակը, բնականաբար, Հայաստանում շատացել է, բայց տրանսպորտային ճնշումն ընկել է, որովհետև օգտագործվող վառելիքի քանակն է քչացել: Եթե խորհրդային տարիներին բերվել է մոտ 1մլն տոննա վառելիք, հիմա 200-300 հազար տոննա բենզին է, ասենք, տրանսպորտ մտնում, այսինքն` կոնկրետ այդ քանակը նվազել է:

Այստեղ իր դերն է խաղում նաև այն, որ շատ մեծ քանակի տրանսպորտային միջոցներ գազով են աշխատում, համաշխարհային մակարդակով որոշակի տեխնոլոգիական առաջընթաց է տեղի ունեցել: Այն ժամանակվա միավոր մեքենայի միավոր կիլոմետրի համար ծախսված վառելիքի քանակն ու հիմիկվանը տարբեր են: Սա էկոլոգիական առումով բարելավման է հանգեցրել: Եթե մեր գետերի վիճակը համեմատենք եվրոպական, ամերիկյան, Մեծ Բրիտանիայի գետերի հետ, իհարկե, շատ ավելի լավ վիճակում են: Առաջին հայացքից աղտոտվածությունը կա, բայց իրականում բավական լավ է: Ծանր աղտոտվածության առումով մենք խնդիր չունենք: Արդեն մաքրվել է։ Եվրոպական երկրների գետերի համեմատ, այդ առումով շատ ավելի լավ վիճակում են:

Օրինակ` եվրոպացի փորձագետները գալիս, նայում են մեր գետերը, միասին գնում ենք, չափումներ ենք անում, լուրջ մասնագետները ֆիքսում են, որ մեզ մոտ շատ ավելի մաքուր վիճակ է, բայց կա մի միտում: 2000-ական թվականներից սկսած` 2002, 2003-ից, եթե նայենք Դեբեդի, մի շարք այլ գետերի օրինակով, նորից սկսվել է աղտոտումը: Որակը սկսել է դանդաղ վատանալ (խոսքը քիմիական աղտոտման մասին է), բայց այս պահին մենք ողբերգական վիճակ չունենք: Մի քանի կարևոր կետեր կան` Դեբեդ գետը` Վանաձորից անմիջապես ներքև, Հրազդան գետը` Երևանից ներքև, Ողջի գետը` Կապան քաղաքից ներքև, Ախուրյան գետը` Գյումրիից ներքև:

Սրանք հիմնական աղտոտված կետերն են, որոնք լուծում են պահանջում: Հիմա պրոցեսը դարձելի է, բայց եթե այսպես շարունակվի, մենք 20-30 տարի հետո կունենանք շատ վատ վիճակ, երբ էկոհամակարգի վերականգնումը կարող է շատ դժվար լինել կամ ինչ-որ տեղ` նաև անհնար:

– Ձեր նշած կարևոր կետերի համար ի՞նչ լուծում եք առաջարկում:

– Պետք է լինեն մաքրման կայաններ: Բայց ի վիճակի՞ է մեր երկրի բյուջեն դրանց համար գումարներ հատկացնել: Չեմ կարծում, որ Հայաստանն այսօր ի վիճակի է լուծել այդ մաքրման կայանների խնդիրը, որովհետև դա թանկ երևույթ է: Օրինակ` Երևանի համար մաքրման կայան կառուցելը 300 մլն եվրոյից ոչ պակաս կարժենա: Մի քանի տասնյակ միլիոն կարժենա Գյումրիի, Վանաձորի համար: Այսօր մեր երկիրը, կարծում եմ, պատրաստ չէ այդ ուղղությամբ գումարներ ծախսել: Միակ լուծումը մաքրման կայանների կառուցումն է: Պետք է նաև չկեղտոտենք մեր գետերը, աղբը չլցնենք գետը:

– Խոսեցիք կոմունալ-կենցաղային աղտոտման մասին: Ի՞նչ այլ գործոններ են ազդում Հայաստանի գետերի ջրերի որակի վրա:

– Մեզ մոտ ամենամեծ պրոբլեմը կոմունալ-կենցաղային աղտոտումն է: Հայաստանում գործող մաքրման կայաններ չկան: Միլիոն-միլիոնուկեսանոց Երևանի կոյուղաջրերը հավաքվում են և համազարկային լցվում Հրազդան գետը: Եթե Դարբիկ գյուղի մոտ գնաք Հրազդան գետը, գետին մոտենալ հնարավոր չէ: Երկրորդ հիմնական խնդիրը, որը նաև մեր բնակչությունից է գալիս, գետի աղբոտումն է: Ես հաճախ գնում եմ նմուշառման` Դեբեդի ափով մինչև մաքսատուն. կարելի է ամաչել. ամբողջ Դեբեդը աղբ է լցված:

Երբ գարնան վարարումից հետո ջուրը նստում է, ամբողջ եզրերի ծառերի ու ափերի վրա կենցաղային աղբը` ցելոֆանը, շորերը, օդի մեջ են մնում: Նույնը վերաբերում է մյուս գետերին: Գնացե՛ք, տեսե՛ք` Գավառագետում ինչ է կատարվում: Գավառ քաղաքի ամբողջ աղբը լցնում են Գավառագետը, դա գնում, լցվում է Սևանա լիճ: Հետո ուզում ենք Սևանը մաքուր պահել:

RazdanRiverԸստ էության, միլիարդավոր գումարներ են ծախսվել, Արփա-Սևան է կառուցվել, բարձրացվում է ջրի մակարդակը, արևելյան ափերին արդեն հստակ երևում է, որ ջուրը մաքրվում է, իսկ մենք Սևանի շրջակայքի բոլոր բնակավայրերի աղբն ուղղակի լցնում ենք Սևանա լիճը: Սա կարող ենք չանել, սա էլ հո մեծ գումարներ չի՞ պահանջում: Սևանի ափին մի փոքր գյուղ կա Դրախտիկ անունով: Մի քանի մարդ է ապրում այդ գյուղում: Գոմերը սարքել են այդ փոքր վտակի վրա: Այդ ամբողջը լվանում, բերում, լցնում է Սևանա լիճ: Ինչպե՞ս կարելի է: Պատկերն այդ առումով շատ տխուր է: Կարծում եմ` մաքրման կայան կառուցելն այս առումով ավելի հեշտ կլինի, քան չկեղտոտելու վիճակին հասնելը: Աղտոտման երրորդ բաղադրիչը հանքարդյունաբերությունն է: Ինչպես մենք աղբն ենք լցնում գետը, նույն փնթիությունն այնտեղ է տիրում:

Չեն նայում, որ պոչամբարը լցվել է, հաճախ շարունակում են շահագործել, այդ պոչամբարը լցվելուց հետո ռեկուլտիվացիա չեն անում: Ընդհանուր շատ ծայրահեղ անպատասխանատու ենք այս հարցերում: Սա համաշխարհային պրոբլեմ է, միայն մեզ չէ բնորոշ: Միացյալ Նահանգներում ու Կանադայում էլ կան նման խնդիրներ, բայց, քանի որ մեր երկիրը փոքր է, և օրենսդրական կարգավորումներն այնքան էլ կատարյալ չեն, և դեռ վայրի կապիտալիզմի փուլում ենք գտնվում, մեզ մոտ դրանք շատ ցայտուն են դրսևորվում ու երևում: Մեզ մոտ օրենսդրությունն էլ չկա:

Չկա հետշահագործման ժամանակահատվածի համար պատասխանատվությունը, որն այդ առումով շատ կարևոր ինստիտուտ է, չկա պոտենցիալ վտանգների համար պատասխանատվությունը: Ցանկացած հանք էլ կարելի է շահագործել: Իսպանիայում հատուկ պահպանվող տարածքում հանքավայր կա, որը մինչև հիմա շահագործվում է, բայց այն ձևով է շահագործվում, որ այդ տարածքին վնաս չի պատճառում: Հասկանում եմ` դա թանկ արժե, բայց կարելի է այդպես անել: Կան տեխնոլոգիական լուծումներ, միշտ կարելի է ձևը գտնել:

Բայց այն, ինչ որ այսօր վայրենի, բարբարոսաբար արվում է, դա ապշելու է: Սոդքում բաց հանույթ են անում, այն դեպքում, երբ խորհրդային տարիներին հիմնական հանույթը փակ է եղել: Պետությունը հսկայական ջանքեր է գործադրում Սևանա լճի մակարդակը բարձրացնելու համար, ահագին տարածքներ մաքրվում են: Դրանք միլիոնավոր դրամներ են, այսինքն` այնպես էլ չի, որ պետությունը կամ հասարակությունը ջանքեր չեն գործադրում այդ ուղղությամբ: Բայց մի կողմից` սա է, մյուս կողմից` նա:

– Կնշե՞ք մի քանի կետեր, որտեղ հանքարդյունաբերությունն աղտոտում է առաջացրել:

– Դա Կապանից ներքև հատվածն է, Քաջարանի կոմբինատի պոչհանքերն են, լոկալ խնդիր ունենք Ախթալա-Ճուճկան վտակների դեպքում, այդ լոկալ խնդիրը կա Ձորագետի Արմանիս վտակի հետ կապված: Բացառությամբ Քաջարանի` հանքային գործող ձեռնարկությունները շատ փոքր մասշտաբի են, նրանց ազդեցությունը չի կարող գլոբալ լինել, իսկ Ալավերդու կամ Ախթալայի պղնձի հանքերը շատ լոկալ ազդեցություն ունեն:

Իրականում հանքարդյունաբերողներն այնքան էլ շահագրգռված չեն իրենց պոչհանքերից արագ ազատվել: Կարելի է մոլիբդենն էլ հանել, էկոլոգիան էլ պահել, անտառներն էլ շատացնել: Հա, մի Խոսրով Կոտակ 4-րդ դարում եկել է, անտառ է տնկել, 1600 տարի կտրում ենք, չի վերջանում: Հիմա ես սպասում եմ, թե երբ է 21-րդ դարի Խոսրով Կոտակը գալու, մի երկու տարածք էլ անտառապատի:

– Ձեր կենտրոնի 2012-ի դեկտեմբերի տեղեկանքի համաձայն` Ախթալա գետի գետաբերանի հատվածում դիտվել է մանգանով, պղնձով և ցինկով արտակարգ բարձր աղտոտվածություն: Սահմանային թույլատրելի նորմերը գերազանցվել են համապատասխանաբար` 200,7; 247,6 և 395,6 անգամ: Նույն դիտակետում դիտվել է նաև ալյումինով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 14,7 անգամ: Դրանք կարո՞ղ ենք համարել հանքարդյունաբերության ազդեցությունը:

– Իհարկե, ուղղակիորեն: Ես Ախթալան առհասարակ կհանեի գետերի ցանկից: Դա գետ չէ, դա հանքարդյունաբերության կեղտաջրերի կոյուղատար է: Այնտեղ գետ չկա, այդ գետը ոչնչացված է: Ընդ որում, ոչնչացվել է ոչ թե վերջին 10-20 տարում, այլ` վերջին 200 տարում: Նույն ձևով, ըստ էության, ոչնչացվել է Արծվանիկ գետը, Նորաշենիկը:

– Ոռոգման տեսանկյունից ի՞նչ վիճակում են մեր գետերը:

– Նորմալ է: Խնդիր չկա: Առանձին վտակներ կարող են խնդիր տալ: Դեբեդ գետի ձախափնյա հատվածում` երկաթգծից ձախ ընկած հատվածում, ներքին հոսանքում, տարբեր գյուղացիներ փոքր հողամասեր էին սարքել: Երբ պոչամբարի հիմնական ծանրությունը գցեցին Ճուճկանի վրա, այդ այգիները սկսեցին չորանալ: Այդպիսի խնդիր կար, օրինակ, Կարճևանում, Ագարակի ներքին հատվածում: Դրանք լոկալ դեպքեր են, բայց, ընդհանուր առմամբ, մեր ջրերը ոռոգման համար և ընդհանուր առմամբ բարձր որակի ջրեր են:

– Ծանր մետաղներով աղտոտված գետերի ջրերով ոռոգելու դեպքում այդ մետաղները չե՞ն կարող անցնել մշակաբույսերին:

– Դրանք շատ փոքր մասշտաբի են, և չի կարելի դա ասել ամբողջ Հայաստանի համար: Արարատյան դաշտում մենք չունենք նման խնդիր, Շիրակի դաշտում չունենք այդպիսի խնդիր, ըստ էության, Լոռիում էլ չունենք նման խնդիր: Ընդհանուր առմամբ, մեր ջրերի որակը բարձր է, ուրիշ բան, որ մենք վատ ենք օգտագործում: Գնացե՛ք, նայե՛ք` Եղեգիս գետի հետ ինչ են արել: Դա բռնաբարված է ամեն հնարավոր տարբերակով: Ակունքից այդ գետը խողովակ են մտցրել, գալիս է, հէկ-ը վերջանում է, տակից վերցնում են մյուս հէկ-ի համար, ու այդպես` մինչև գետաբերան: Գետը ոչնչացվել է:

– Սևանա լճի ջրերում ևս Ձեր դիտարկումներն եք անում: Ի՞նչ կարող եք ասել լճի վիճակի մասին:

– Արևմտյան հատվածը, որտեղ ջուրը բարձրանում է, կիսակառույցները, տները, անտառները մնացել են ջրի տակ: Այդտեղ ջրի որակը շատ է վատացել: Կենտրոնում և արևելյան հատվածներում ջրի որակը լավացել է: Ինչքան հնարավոր է, արագ պետք է մաքրել արևմտյան հատվածը: Կարող եմ ասել, որ սնուցիչ քիմիական նյութերի կոնցենտրացիան հիմա բարձր է, բայց դրա սպառողը չկա, այսինքն` եթե կոպիտ ասեմ, ձկան կեր շատ կա, ձուկ չկա:

Եթե այդ խնդրին ոչ մի կերպ չենք արձագանքում, ռեալ միջոցառումներ չենք անում, դա կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների` կոլապսի: Բնության մեջ շատ պրոցեսներ դանդաղ են ընթանում, բայց դրանք գծային չեն, և մենք չգիտենք` որի պահին կարող է լիճը հավասարակշռությունից դուրս գալ, իսկ եթե հավասարակշռությունից դուրս եկավ, էլ ետ չես բերի: Եթե հանկարծ լիճը սկսի ծաղկել, արդեն շատ դժվար կլինի կանգնեցնելը: Դրա համար շտապ պետք է լուծել այդ խնդիրը:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս