ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՄԱՐԴ ՉԻ՛ ԾԵԾԵԼ. ԴԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏՈՒԺՈՂԸ, ԱՅԼԵՎ ՏԵՂՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԵՆ ԱՍԵԼ. ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Մասիս համայնքի նախկին ղեկավար, իմպիչմենտի գործընթացում խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանի պաշտպաններ Գայանե Պապոյանն ու Արման Կարապետյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Գայանե Պապոյան.Դավիթ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2018թ ապրիլյան ցույցերին։ Իբրև թե Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, խուլիգանություն են կատարել զենքի գործադրմամբ։ 2018թ․ Դավիթ Համբարձումյանը կալանքի տակ է եղել մոտ 3 ամիս, ապա խափանման միջոցը փոխվել է, և միայն 7.5 տարի հետո նրա նկատմամբ դատական ակտ կայացվեց։

Կարդացեք նաև

Արման Կարապետյան.Այս ընթացքում Դավիթ Համբարձումյանը տարբեր գործերով հրավիրվել է հարցաքննությունների, բայց մարդկային իր տեսակից ելնելով՝ նա այդ մասին երբեք չի բարձրաձայնել։ Վերջին ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություններ էր իրականացնում Մասիսի համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումներում։ Ավելին, երբ 2025թ. Դավիթ Համբարձումյանն արդեն իմպիչմենտի գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու էր, ու ԱԺ-ում այդ հարցով լսումներ էին, Մասիսի համայնքապետարանի  աշխատակիցները հրավիրվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Գայանե Պապոյան.Կա տեսանյութ, որն ապացուցում է Դավիթ Համբարձումյանի անմեղությունը, և որը միշտ եղել է քրեական գործում, բայց չգիտես՝ ինչու, դատավոր Ժորա Չիչոյանը քննության ողջ ընթացքում այդ տեսանյութին այդպես էլ չանդրադարձավ։

Արման Կարապետյան.- Պետք է հիշեցնեմ, որ նույն խորհրդարանական լսումների ժամանակ, երբ լրագրողները Դավիթ Համբարձումյանին հարցրեցին՝ չի՞ վախենում արդյոք կալանավորվելուց, նա ասաց՝ ոչ, չեմ վախենում, և ես երբեք չեմ փախչելու։

Գայանե Պապոյան.- Առհասարակ դատավճռի հրապարակման ժամանակ ո՛չ պաշտպանների, ո՛չ մեղադրյալի ներկայությունը պարտադիր չէ։ Երբ հրապարակվեց նրա վերաբերյալ դատական ակտը, ինքն աշխատանքի բերումով Հայաստանում չէր, բայց հենց տեղեկացավ դատական ակտի բովանդակության մասին, անմիջապես վերադարձավ։

 Արման Կարապետյան.Դատարանը հաշվի չառավ ո՛չ տեսանյութը, ո՛չ օպերատիվ փորձառու աշխատողների ցուցմունքները, ովքեր այդ պահին եղել են դեպքի վայրում և վկայել են, որ Դավիթ Համբարձումյանն իրեն վերագրվող արարքների հետ որևէ առնչություն չի ունեցել, ու կայացրեց այդ ակտը։ Ավելին, ոստիկաններն ասել են՝ Դավիթ Համբարձումյանը ոչինչ չի արել, եթե աներ, ապա մենք կմիջամտեինք։ Նրանցից են բարձրաստիճան ոստիկաններ Վարդան Վարդանյանը, Սևան Քոչարյանը, Արթուր Զաքարյանը։ Ավելին, այնտեղ են եղել նաև ԱԱԾ Մասիսի բաժնի աշխատակիցները։ Լո՞ւրջ, այսինքն, Դավիթ Համբարձումյանը զենքով շրջել է, չեն տարել, կրակել է, էլի չեն տարել, ոչինչ չե՞ն արել…

Դատարանը արժանահավատ է համարել մեկի ցուցմունքը Դավիթ Համբարձումյանի դեմ, ով ասել է, թե իբր նա դեպքի վայրում եղել է դեղին բաճկոնով, այն դեպքում, երբ տեսանյութերում ակնհայտ երևում է, որ Դավիթը սև բաճկոնով է…

Գայանե Պապոյան.Տուժող երկու եղբայրներ ցուցմունք են տվել, որ Դավիթ Համբարձումյանն ու իր եղբայրն իրենց մահակներով ծեծել են, հետո առերես հարցաքննության ժամանակ, երբ Դավիթ Համբարձումյանին տեսել են, ասել են՝ նա չէր։ Այո՛, մեզ ծեծել են, ինչպեսև ասել ենք, բայց ծեծողը Դավիթ Համբարձումյանը չի եղել։ Ասել են նաև՝ երբ մեզ ծեծեցին, հարցրեցինք՝ ովքեր են, ասացին՝ Մասիսի քաղաքապետն ու եղբայրը, դեմքով չեմ ճանաչել, հիմա տեսնում եմ, որ ինքը չէ։ Ինքը չի ինձ ծեծի ենթարկողը, այս մարդու գոտկատեղին մենք զենք չենք տեսել։

Տուժողների ծնողներն ու նրանցից մեկի կինը նույնպես հարցաքննվել են։ Նրանք նույնպես ասել են՝ մենք չենք տեսել՝ ովքեր են ծեծել, բայց մեզ ասել են՝ ասեք՝ Դավիթ Համբարձումյանը։ Բայց դատարանն ասել է՝ չէ, վկաները լավ չեն հիշում

Արման Կարապետյան.Դատական ակտից հետո ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը Հերացի փողոցում մի միջադեպի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել ու ասել՝ Դավիթ Համբարձումյանն է, մինչդեռ Դավիթ Համբարձումյանն այդ վայրում առհասարակ չի եղել։ Նրան վերագրվող արարքը տեղի է ունեցել Մասիսի տարածաշրջանի Հայանիստ-Հովտաշեն հատվածում, այո, եղել է այդտեղ, բայց իրեն վերագրվող արարքը չի կատարել։ Դավիթ Համբարձումյանը չէր կարող միևնույն ժամանակ լինել հանրապետության տարբեր հատվածներում:

 Գայանե Պապոյան.Մի կին ցուցմունք է տվել, որ միջադեպի վայրում է եղել ամբողջ ընթացքում, տեսել է Դավիթ Համբարձումյանին, և նա ոչինչ չի արել, ընդհակառակը, նա հանդարտեցնում էր լարված իրավիճակը։ Բայց դատավոր Չիչոյանը ոչ մի ապացույց Դավիթ Համբարձումյանի օգտին արժանահավատ չի համարել։ Այդ կնոջ ցուցմունքի մասով ասել է՝ կնոջ բջջային հեռախոսն ալեհավաք կայանն այդ վայրում ցույց չի տվել, մինչդեռ կինն ասել է՝ հեռախոսը տանն է եղել, ինքն իր հետ հեռախոս չի վերցրել։ Եվ, հակառակը, դատարանը մի վկայի ցուցմունք է արժանահավատ համարել, ով ասել է, որ 2018թ․ ապրիլի 22-ի դեպքի ժամանակ ասել է, որ այնտեղ է եղել Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը, ինչն ակնհայտ սուտ է։

Դատավճռով Դավիթ Համբարձումյանի համար նշանակվել է 6 տարի 3  ամիս ժամկետով պատիժ, ինչն աննախադեպ է։ Երբևէ Հայաստանում այդ հոդվածով նման խիստ պատիժ չի եղել, իսկ ինչո՞ւ այդպես… Որովհետև եթե մինչև 6 տարի լիներ ժամկետը, ապա Դավիթ Համբարձումյանը համաներմամբ ազատ կարձակվեր, բայց 4–7 տարի պատիժ ենթադրող արարքի համար դատավոր Դավիթ Չիչոյանը նշանակել է 6 տարի 3 ամիս ժամկետով։ Օրինակ՝ Դավիթ Համբարձումյանին դատելուց հետո ավելի քան կես կգ՝ 570 գրամ ծանր թմրամիջոցներ՝ մեթամֆետամին իրացնողի համար Չիչոյանն ընտրել է 6.6 տարի մեղմ պատիժ, երբ այդ արարքը ենթադրում է  6-12 տարի ազատազրկում։ Նման բազմաթիվ դրվագներ կան, որոնցից ակնհայտ է դառնում Դավիթ Համբարձումյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը:

Բայց դա էլ ամենը չէ․ Չիչոյանն անմիջապես վերացրեց գրավ խափանման միջոցն ու կիրառեց անհապաղ կալանք, թե իբրև Դավիթ Համբարձումյանը կարող է փախչել։ Բայց Դավիթ Համբարձումյանն ապացուցեց՝ ինքը փախչող տեսակ չէ։

Բազմիցս հայտարարել ենք, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է, և դա ԵԽԽՎ բանաձևով է փաստվում։

 Արման Կարապետյան.Դավիթ Համբարձումյանն ունի մեծ հեղինակություն, 4 անչափահաս երեխաներ, երբևիցե դատված չի եղել։ Այս պայմաններում նման խիստ պատիժը եթե չի խոսում քաղբանտարկյալ լինելու մասին, ապա դա ի՞նչ է։

Գայանե Պապոյան.- Լիահույս եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանում մենք արդարադատություն կտեսնենք։ Վերաքննիչը տեսել է, որ Դավիթ Համբարձումյանը փախչող չէ, հետ է վերադարձել, հետևաբար՝ վերանում է Ժորա Չիչոյանի կայացրած ակտի պահանջը, որ պետք է կալանավորել նրան, որպեսզի չփախչի։ 

Արման Կարապետյան.Դավիթ Համբարձումյանը պետք է միանշանակ արդարացվի։ Այս պայմաններում այլ դատական  ակտ մենք չենք կարող ակնկալել։ Դավիթ Համբարձումյանն ունի շատ բարձր հեղինակություն, և այս տարիների հետապնդումների արդյունքում նրա հեղինակությունն էլ ավելի է բարձրացել: Այո, նա այս իշխանությունների օրոք, չնայած բոլոր խոչընդոտներին, երկու անգամ հաղթել է ընտրություններում: Ժողովուրդը նրա կողքին է:

Ուզում են ասել՝ ժողովուրդը չի՞ հասկանում՝ ինչ է անում․ այսինքն՝ Դավիթ Համբարձումյանն իր համայնքում կրակում է, խուլիգանություն է անում, հետո այդ համայնքի ժողովուրդը կրկին գնում ու ընտրում է խուլիգանություն արածի՞ն։ Մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում և ինչի համար են Դավիթ Համբարձումյանին քաղաքական հետապնդումների ենթարկում:

Գայանե Պապոյան.- Ի դեպ, միայն մենք չենք ասում, որ այս տեսանյութերն օբյեկտիվ ապացույց են ու ունեն արժանահավատության բարձր շեմ, դա Վճռաբեկ դատարանն է ասում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս