Էրդողանի և Ալիևի ախորժակը սրվելու է. Նրանք ասում են՝ «խաղի կանոն չունեն», իսկ Փաշինյանը երդվում է Կիրանցի պատով. Սուրենյանց
Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հրապարակված ԹՐԻՓՓ նախագիծն իրականում սահմանափակում է Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը, որը փորձել են քողարկել՝ գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «իրավազորություն» տերմիններն օգտագործելով։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պարզաբանեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման մասին։

«Որպես կանոն՝ այդ տերմինների այդքան շահագործումը և այդքան շատ օգտագործելը տպավորություն է ստեղծում, որ այդ տերմիններով փորձում են քողարկել հենց դրա սահմանափակումը։ Երբ տեքստին ծանոթանում ենք, տեսնում ենք, որ այնտեղ իրականում Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը սահմանափակվում է։ Այդ կոնսորցիումն արտաքին կառավարման ձևի տպավորություն ունի, որովհետև ԹՐԻՓՓ-ի բոլոր ստրատեգիական որոշումները կայացնում է Միացյալ Նահանգները, 74/26% հարաբերակցությունն էլ սրա մասին է խոսում»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Երկրորդը, ինչպես փաստում է Սուրեն Սուրենյանցը՝ փաստաթղթում նշվում է տարբերակված ընթացակարգերի մասին՝ ադրբեջանական մեքենաներն ու բեռները տարբերակված ընթացակարգով պետք է անցնեն ԹՐԻՓՓ-ը։
«Ըստ էության, սա նշանակում է, որ մաքսային ստանդարտ ռեժիմ չի գործելու այդ ճանապարհին, և վախենամ՝ ադրբեջանցիները, ինչպես ժամանակին ուրվագծել էր Ալիևը, «հայ սահմանապահի երես չեն տեսնելու» Սյունիքի 42 կմ-ով անցնելիս։ Եվ վերջապես, «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» (ընդունարան-գրասենյակ) գործառնական մոդելը ենթադրում է, որ վերահսկողության առաջին գծում պետական ֆունկցիաների արտապատվիրակում է տեղի ունենալու մի օպերատորի, և ադրբեջանցիներն ավելի շատ նրանց հետ են հարաբերվելու։ Այս բոլոր գործոնները հուշում են, որ ինքնիշխանության և իրավազորության սահմանափակում է տեղի ունենալու»,- ասում է Սուրենյանցը։
Քաղաքագետն ընդգծում է՝ ԹՐԻՓՓ նախագիծը ոչ թե Հայաստանի ապաշրջափակման կամ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման փաստաթուղթ է, այլ աշխարհաքաղաքական կոնկրետ ծրագրի սպասարկման մասին է։
«Իմ տպավորությամբ՝ ԹՐԻՓՓ-ն այս տեսքով ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղություն է բերելու, այլ աշխարհաքաղաքական բախման ռիսկ։ Ակնհայտորեն այստեղ ոչ միայն Հայաստանի կենսական շահերը հաշվի առնված չեն, ինչպես ասել էր ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վրայով բուլդոզեր է անցել, այլև փաստաթղթի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անտեսված են նաև մեր այլ կարևոր գործընկերների՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, միջնաժամկետ հեռանկարում՝ գուցե նաև Չինաստանի և Հնդկաստանի շահերը»,- եզրակացնում է քաղաքագետը։
Անդրադառնալով ռուսաստանցի հաղորդավար ու պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այս շաբաթվա աղմկահարույց հայտարարությունների միջև զուգահեռներին՝ քաղաքագետն ընդգծում է, որ ի տարբերություն պրոպագանդիստների՝ Հաքան Ֆիդանը ներկայացնում է պաշտոնական Անկարան, թեև չի արդարացնում նաև Սոլովյովի հայտարարությունն ու խոսքերը։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի առնչությամբ Սուրեն Սուրենյանցն ընդգծում է, որ դրանից ավելի ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին կյանքին դժվար է պատկերացնել։
«Ֆիդանը մեսիջ է հասցեագրում հայ ժողովրդին, որ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչելու համար մի փոքր շտրիխ է մնացել։ Ասում է. «Նիկոլ Փաշինյանը լավ տղայա», և ասում է՝ լրիվ աջակցում են իր կառուցողական քաղաքականությանը։ Սա ուղիղ և անթաքույց միջամտություն է ՀՀ ներքին կյանքին»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Նա նաև համոզված է, որ իշխանությունն օգտագործելու է Ֆիդանի հայտարարությունը՝ որպես ընտրական վախի տեխնոլոգիա՝ ներշնչելու հայ հասարակությանը, որ եթե Փաշինյանը չվերընտրվի, խաղաղության գործընթացը կխաթարվի, և պատերազմ կլինի։

Սուրենյանցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյան և «ինքնիշխանություն» հասկացությունները հակոտնյա են. «Իսկ իրականությունն այն է, որ ո՛չ Սոլովյովը, ո՛չ Ֆիդանը նման հայտարարություններ չէին հանդգնի անել, եթե Նիկոլ Փաշինյանը չվարեր այնպիսի ապաշնորհ քաղաքականություն, ինչի հետևանքով մեր երկիրը վերածվել է «պրոխոդնոյ դվոր»-ի, որի կյանքին միջամտում է ցանկացած կենտրոն, որը դրա նվազագույն հնարավորություններն ունի: Փաշինյանը լիմոնի պես ճզմել է Հայաստանի սուբյեկտայնությունը, և մենք գործ ունենք ինքնիշխանության ամենացածր մակարդակի հետ։ Նա ինչքան խոսում է ինքնիշխանության մասին, Հայաստանն այնքան կախյալ է դառնում»։
Խոսելով միջազգային անկայունության և միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների ու ոտնահարման մասին՝ Սուրեն Սուրենյանցն ընդգծում է.
«Թրամփն ու Ալիևը համառորեն կրակում են Կիրանցի պատին, Կիրանցի պատը ճաք է տվել, ու այդ ճաքը Նիկոլ Փաշինյանը համարում է ՀՀ ինքնիշխանության և անվտանգության երաշխիք։ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ինքնիշխանությունն ու անվտանգությունը ճաքած են։ Բառացիորեն բոլորը՝ Թրամփից սկսած, Ալիևով վերջացրած, խոսում են միջազգային իրավունքի մահվան մասին և առաջ են մղում «ուժն է ծնում իրավունքը» բանաձևը, Նիկոլ Փաշինյանն օրումեջ գնում է, Կիրանցի պատի մոտ նկարվում է և դա համարում է անվտանգության մեծագույն երաշխիք»։
Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղություն մուրալը Հայաստանն ավելի է մոտեցնելու պատերազմին. «Այս ամենը բերելու է նրան, որ մի օր թուլանալու են Թրամփի հետաքրքրություններն այլ տարածաշրջաններում, որոնք դուրս են ԱՄՆ ազդեցության գոտուց, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, և դրան ի հակառակ՝ կրկին սրվելու է Էրդողանի և Ալիևի ախորժակը։ Նիկոլ Փաշինյանի խաղաղություն մուրալը, ի վերջո, Հայաստանն ավելի է մոտեցնելու պատերազմին, որովհետև մեր անմիջական հակառակորդն ասում է՝ «խաղի կանոն չունենք», իսկ Նիկոլ Փաշինյանը երդվում է Կիրանցի պատով»։
Նաև հավելեց՝ երբ Նիկոլ Փաշինյանն ավարտի իր առաքելությունը, որը երեկ գծագրեց Թուրքիայի արտգործնախարարը, այլևս անպետք է դառնալու և մնալու է առանց «արտաքին տանիքի»։ Քաղաքագետի կանխատեսմամբ՝ ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դառնա անպետք «արտաքին տերերի» համար, այդ իշխանությունը կփլուզվի հաշված օրերի կամ ժամերի ընթացքում։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո հրապարակվել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Ավելի ուշ մեկնաբանելով փաստաթղթի բովանդակությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ ամռան վերջին կամ աշնան սկզբին կսկսվի ենթակառուցվածքների շինարարությունը։ Այդուհանդերձ, նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել գլխավոր հարցերից մեկին՝ հայ սահմանապահները ստուգելո՞ւ են ՀՀ սահմանը հատող ադրբեջանցիների ինքնությունը, կամ, այլ կերպ ասած՝ «ադրբեջանցիները հայ սահմանապահի երես տեսնելո՞ւ են», թե՞ ոչ։ Արտգործնախարարը կրկին հղում է արել լղոզված ձևակերպումների՝ ասելով, թե ըստ փաստաթղթի՝ «ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
