Ո՞ւմ նկատի ուներ Սուրեն Պապիկյանը, երբ ասում էր՝ ես չեմ Սև լճի տարածքում «վիճելի» դիրքի հեղինակը
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ, բնականաբար, առաջին հերթին ստիպված եղավ պատասխանել իր, ՊՆ պաշտոնյաների, ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ Նիկոլ Փաշինյանի ուխտերթին, «պատարագներին» մասնակցելուն վերաբերող հարցերին:
Պաշտպանության նախարարը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, որ բանակն այս ձևով ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ, և, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին և բանակին համապատասխան հրահանգ է իջեցվել՝ ասելով, թե այդ պարագայում բանակից ավելի շատ մարդ կմասնակցեր ուխտերթին կամ, իր խոսքով՝ կրոնական, բայց իրականում՝ կրոնաքաղաքական կամ քաղաքական միջոցառմանը (ոչ աշխատանքային օրը կազմակերպված):
Այս թեմայով Սուրեն Պապիկյան-լրագրողներ հարցուպատասխանին չենք անդրադառնա հիմա, քանի որ նախքան այս մի քանի հոդվածով մանրամասն անդրադարձել ենք՝ և՛ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնողի ու կուսակցական պաշտպանության նախարարի՝ Սուրեն Պապիկյանի պատասխանատվության չափին և բնույթին, և՛ զինվորական և ուսադիրներ կրողների պատասխանատվությանը (ի դեպ, Պապիկյանը մի կողմից պաշտպանեց ուխտերթին մասնակցող բարձրաստիճան զինվորականներին, մի կողմից շեշտեց իր զինվորական չլինելն ու ուսադիրներ չկրելու փաստը), և՛ այս ամենի վտանգավոր հետևանքներին, քանի որ ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն կա:
Ավելին, Սուրեն Պապիկյանի ասուլիսին շեշտել ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը չպետք է ստիպված լիներ պատասխանել Եկեղեցու և Վեհափառի շուրջ զարգացումներին վերաբերող հարցերին, որովհետև որքան էլ կուսակցական է, բայց ի պաշտոնե իր հիմնական օրակարգը դա չէ, որի մեջ մտել է:
Անդրադառնանք Պաշտպանության նախարարի ասուլիսում հնչած մի կարևոր ռազմական և անվտանգային հարցի:
«Ես չեմ դրա հեղինակը». Սուրեն Պապիկյանի մեսիջը՝ Արշակ Կարապետյանին
2025 թվականի նոյեմբերի 18-ին «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ հայտարարել էր՝ տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր։ Այս տեղեկությունը նաև այլ աղբյուրներ էին հաստատել։
Նոյեմբերի 21-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք իրականում կա նման իրավիճակ, և ո՞ր հատվածի մասին է խոսքը, ինչի՞ հետևանքով է նման իրավիճակ ստեղծվել, արդյո՞ք հայկական կողմն էլ իր հերթին է ստուգում ադրբեջանական զինվորներին:
Մոտ մեկ ամիս հետո պաշտպանական գերատեսչությունը պատասխան գրություն էր ուղարկել, որտեղ նշվում է.
«Ի պատասխան Պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 2025 թվականի նոյեմբերի 21-ի հարցման՝ հայտնում ենք, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի և սոցցանցերի հրապարակումները, դրանց արձագանքում՝ ըստ անհրաժեշտության։ Հայտնում ենք նաև, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխերն իրականացնում են բնականոն»:
Պաշտպանական գերատեսչության պատասխանից այդ պահին կարելի էր ենթադրել, որ ադրբեջանական կողմն ինչ-որ հատվածում ստուգել է հայ զինվորներին, հատկապես, երբ համապատասխան տեղեկության տարածմանն անմիջապես չէր հետևել պաշտոնական արձագանք:
Եվ քանի որ ՊՆ գրավոր պատասխանը տարբեր շրջանակների մոտ լիովին չէր փարատել ադրբեջանցիների կողմից հայ զինվորներին ստուգել-չստուգելու հետ կապված կասկածները, Սուրեն Պապիկյանի ասուլիսի ժամանակ այս մասին ևս հարց հնչեց, ինչին ի պատասխան՝ պաշտպանության նախարարը հերքեց, որ այս պահին Սյունիքում՝ Սև լճի տարածքում, կան դիրքեր, որտեղ ադրբեջանցիները ստուգում են հայ զինծառայողներին և նոր միայն թողնում հենակետ գնալ: Միաժամանակ նա ընդունեց, որ այնտեղ մի հայկական դիրք կա, ուր հասնելու համար հայ զինծառայողներն այժմ անցնում են ադրբեջանցիների բլոկ-պոստի կողքով:
«Ընտրանքը հետևյալն է՝ կա՛մ պիտի էդ դիրքը թողնենք, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը՝ որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն: Բայց այն, որ էստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ… Այս պահին մենք նման իրականություն չունենք, այո, մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով: Բայց ես կարող եմ ասել, որ ամիսներ շարունակ որևէ խնդիրներ այդտեղ չեն առաջանում»,- նշեց Սուրեն Պապիկյանը:
Ո՞ւմ նկատի ուներ գործող Պաշտպանության նախարարը՝ ասելով, որ դրա հեղինակն ինքը չէ:
2021 թվականի նոյեմբերին Պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանի ազատման օրերին 168.am-ը գրել էր, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Այն հետո հաստատել էին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները:
«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- գրել էին ադրբեջանական օգտատերերը:
Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2021-ի նոյեմբերի 7-ին այցելել էր նաև Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Սև լճի տարածք:
Կարապետյանը շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։
Իսկ նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և, որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են նրանք ազատ արձակվել։
ՊՆ-ն սա որակել էր ապատեղեկատվություն և պնդել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Եվ այս ֆոնին ադրբեջանական աղբյուրները հայտնել էին այս տեղեկությունը, ինչի մասին նշեցինք արդեն։:
Իսկ Սուրեն Պապիկյանի այս հայտարարությունը Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը որոշել է անպատասխան չթողնել, և հիշեցրել է 2020-ի դեկտեմբերին Փաշինյանի հրամանով Սյունիքից զորքի հետքաշումը, երբ նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր: Այնուհետև նա հիշեցրել է Սև լճի, Գեղարքունիքի, Ջերմուկի ուղղությամբ հայկական կողմի տարածքային կորուստները տարբեր ժամանակներում, քանի որ եղել է չկրակելու հրաման:
Ի դեպ, անցած տարի Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում, ինչին մանրամասն անդրադարձել ենք: Կարապետյանը հիշեցնում է, որ այդ ժամանակ նոր էր նշանակվել ԳՇ պետի առաջին տեղակալ, բայց պատրաստ է պատասխանատվություն կրել, բայց այն մասով, որն իրեն է վերաբերում:
Իսկ պաշտպանության նախարար Կարապետյանը նշանակվել է 2021 թվականի օգոստոսին, երբ արդեն ունեինք մայիսյան ադրբեջանական առաջխաղացումները, չկրակելու հրամանի մասին կային տեղեկություններ:
Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնից նա ազատվել է 2021 թվականի նոյեմբերյան մարտերի ֆոնին: Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման օրոք էլ տեղի են ունեցել սեպտեմբերյան մարտերը և Ադրբեջանի զինուժը մտել է Ջերմուկի տարածք:
Այսինքն, և՛ նախկին, և՛ գործող պաշտպանության նախարարներն իրենց պատասխանատվության բաժինն ունեն 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ին պատկանող տարածքների կորստի հարցում:
Ի դեպ, Սյունիքում զորքերի հետքաշման որոշման շուրջ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցների շարքում եղել է նաև Սուրեն Պապիկյանը՝ որպես ՏԿԵ նախարար: Այս թեմային առանձին կանդրադառնանք, քանի որ կան հարցեր, որոնց պիտի պատասխանի այսօր արդեն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

