ՀՀ իշխանությունների հայտարարած «դուխով Հայաստանը» դարձել է «վախով, անտեր ու ատելությամբ լի Հայաստան». Հայկ Դերզյան
«2018 թվականին ՀՀ ներկա իշխանությունների կողմից հայտարարված «դուխով Հայաստանը» հիմա դարձել է «վախով, անտեր ու ատելությամբ լի Հայաստան»»,- լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը՝ հավելելով, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ ՀՀ ներկա իշխանությունների ՝ «խաղաղության» ճանապարհով գնալու մասին հայտարարությունները բերեցին նոր պատերազմներ ու ցեղասպանություն:
«Դրանից հետո տեղի ունեցավ մեր պատմության ամենախայտառակ էջերից մեկը, երբ 100.000-ից ավելի արցախցի բռնի ճնշման հետևանքով գաղթեցին Հայաստան: Դա մեր ազգի խայտառակությունն էր»,- շեշտեց Դերզյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2018 թվականին տեղի ունեցածը Փաշինյանը հանրությանը հրամցնում էր՝ որպես դիվանագիտական «ժողովրդավարության» գործիք:
«Սա, ընդ որում, կատարվում էր այն դեպքում, երբ դիվանագիտությամբ զբաղվողները շատ դեպքերում փորձ չունեցող ու անփառունակ դիլետանտներ էին: Նա ներկայացնում էր, որ «ժողովրդավարությունը» մեր պաշտպանության ամենաուժեղ գործիքն է, այն դեպքում, երբ մենք այդպես էլ չհասկացանք, թե Իսկանդերը 10 տոկոսո՞վ է կրակել, թե՞ ոչ: Մենք չհասկացանք, թե ինչու են, օրինակ՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Տոնոյանին որոշ ՔՊ-ական պաշտոնյաներ պաշտպանում: Հիմա ինքը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- տարակուսանք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
Որպես հավելում՝ ՀՀԿ խորհրդի անդամն անդրադարձավ նաև վերջին պատերազմից հետո խոստացված սահմանային հենակետերի վերականգնողական աշխատանքներին ու այլ երկրներից զենքերի ներկրման մասին տարածվող տեղեկություններին:
«Մեզ մինչև այսօր հրամցվում է, թե իբր հնդկական ու ֆրանսիական ինչ-որ զենքեր ենք առնում: Իսկ այս ընթացում Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր պաշտպանական բյուջեն, առավել ռազմականացրել է այն, ինչն ինքն ուներ, իր ախորժակն ավելի է մեծացրել: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք մինչև 2018-2020 թվականներին ինչ-որ ռազմատենչ հայտարարություններ էինք անում՝ այնպիսի մարդկանց շուրթերով, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի, որը պատերազմի երես չի տեսել, Արցախյան պատերազմով չի անցել: Այն դեպքում, երբ այդ պատերազմով անցած մարդիկ առավել զուսպ էին՝ գիտակցելով յուրաքանչյուր խոսքի արժեքն ու դրա հնարավոր հետևանքները»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը՝ շարունակելով. ՀՀ ներկա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, մեր երկրում անվտանգային առումով առկա խնդիրները չլուծելու պարագայում դրանց հետևանքները կարող են անդառնալի լինել մեր երկրի համար:
Նազելի Ստեփանյան