Բաժիններ՝

Տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել ՀՀ-ում. քննարկում են, բայց չեն սկսում. Վահան Քերոբյան

Երասխի գործարանն առաջիկայում կտեղափոխվի ավելի անվտանգ տարածք: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, այս մասին հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Անդրադառանլով լրագրողի հարցին, թե արդյոք այդպիսով հայկական կողմը տուրք չի տալի՞ս ադրբեջանական սպառնալիքներին՝ Քերոբյանը պատասխանեց, որ գործարանն օտար ներդնողի նախագիծ է ու հենց նրանք են որոշում իրենց հետագա անելիքը:

Ինչ վերաբերում է Հայաստանում առկա անվտանգային ոչ բարենպաստ պայմաններում ներդրողների կողմից նաև հետագայում հնարավոր մտավախություններին՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու առումով, նա ասաց.

«Պարզ է, որ դա անխուսափելի է: Մենք անընդհատ տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել, քննարկում են, բայց չեն սկսում: Բնականաբար, մենք բոլորս, այդ թվում՝ նաև վարչապետը, բազմիցս նշել է, որ խաղաղությունն էական, գուցե նաև ամենակարևոր նշանակությունն ունի մեր ներդրումային միջավայրում»։

Քերոբյանի գնահատմամբ, այս շրջանում դեռևս հնարավոր է խոսել կարճաժամկետ հատվածում ներդրման վերադարձելիություն ապահովող ծրագրերի մասին, բայց՝ ո՛չ երկարաժամկետ: Սա, նախարարը պայմանավորեց առկա անվտանգային խնդիրների ֆոնին հնարավոր ռիսկերով:

Լրագրողներն արձանագրեցին, որ դեռևս տևական ժամանակ առաջ Քերոբյանի հայտարարած Գյումրու «Չոր նավահանգստի» նախագիծը ներառված չէ նաև հաջորդ տարվա ծրագրում:

«Իրականում թաքնված արտացոլում ունի նաև այս տարվա բյուջեում, որովհետև մենք պատվիրել ենք ու հիմա իրագործման ընթացքում է խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական MTBS ընկերությունը: Այդ ընկերության կողմից ներկայացված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ՝ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար:

Ըստ պլանի՝ մինչև տարվա վերջ մենք արդեն կունենանք վերջնական զեկույցը, որից հետո հանրային ներդրումային կոմիտեն ևս մեկ անգամ պետք է որոշում կայացնի այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ: Կարծում եմ, որ դեկտեմբերին արդեն մենք կունենանք Հանրային ներդրումային կոմիտե, որտեղ կքննարկենք Գյումրիի «չոր նավահանգստի» և ինդուստրիալ պարկի ծրագիրը: Կարծում եմ, որ մեծ է հավանականությունը, որ այդ ծրագիրը հավանություն կստանա: Դրանից հետո արդեն կախված կլինի մոդելից, թե ինչպես ենք անում դա: Հավանաբար, դա կլինի պետություն- մասնավոր գործընկերություն սկզբունքով: Մենք պետք է փորձենք ներգրավել առաջնակարգ օպերատոր՝ տարբեր երկրներից, որը կկարողանա բարձր մակարդակի կառավարում իրականացնել»,- ասաց նախարար Քերոբյանը՝ համոզմունք հայըտնելով, որ հաջորդ տարի կարող են անգամ մեկնարկել շինարարական աշխատանքները:

Քերոբյանը լրագրողներին նաև վստահեցրեց, որ ՀՀ-ն ապրանքների արտաքին առևտրի ոլորտում առաջին անգամ կգերազանցի իր ՀՆԱ-ն:

Նազելի Ստեփանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս