Բաժիններ՝

Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, որը հատում է սահմանները և գերազանցում է քաղաքականությանը. ԱՄԷ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլան «Ազգային աշխատաժողով COP28-ին ընդառաջ» քննարկմանը ելույթով է հանդես եկել:

«Առաջնորդվելով մեր հավաքական ջանքերի ոգով՝ այսօր կանգնած եմ ձեր առջև:

Ես երախտապարտ եմ այս նշանակալից իրադարձության շրջանակում ելույթ ունենալու հնարավորությունն ինձ ընձեռելու կապակցությամբ, որը տեղի է ունենում ս․թ․ նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք COP28-ին նախորդող վճռորոշ շրջանում:

Պատմությունը գնահատելը սոսկ անցյալի ճանաչումը չէ, այլ խորը պատասխանատվություն է, որը ստիպում է մեզ նպաստել ավելի արժանի ապագայի հիմքերի կառուցմանը:

1997 թ․-ին ընդունված Կիոտոյի արձանագրությունն ազդարարեց կլիմայական գլոբալ գործողությունների սկիզբը, իսկ 2015 թ․-ի Փարիզի համաձայնագիրը դարձավ հավաքական պատասխանատվության վերաբերյալ համաշխարհային կոնսենսուս: Այսպիսով՝ ԱՄԷ-ում կայանալիք COP28 համաժողովը կլինի այն իրադարձությունը, որը հնարավորություն կտա մեզ այս պարտավորությունները վերածելու շոշափելի գործողությունների:

Այնուամենայնիվ, մեր առջև ծառացած մարտահրավերներն ավելի են բարդացել, իսկ դրված խաղադրույքները երբեք ավելի բարձր չեն եղել: Բավական չէ միայն ընդունել այս ճգնաժամի հրատապությունը։ Մենք պետք է գործենք արագ, խիզախորեն և միասնաբար՝ նվազեցնելու արտանետումները, անցնելու վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը, պաշտպանելու մեր անտառներն ու օվկիանոսները և հարմարվելու արդեն իսկ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններին:

Այս համատեքստում «COP28 ԱՄԷ»-ն առանցքային առիթ է համագործակցության և միասնական ջանքերի առաջխաղացման համար՝ նպաստելու գլոբալ տաքացումը մինչեւ 1,5 °C սահմանափակելու պարտավորության իրագործմանը և ապահովելու Փարիզի կլիմայի համաձայնագրում նշված նպատակների և ձգտումների պահպանումը։

COP28-ը նաև հնարավորություն է ընձեռում բոլորիս՝ ստանձնելու ավելի հավակնոտ կլիմայական նպատակներ և իրականացնելու ռազմավարություններ, որոնք կարագացնեն անցումը դեպի կանաչ և կայուն տնտեսություն, ինչպես նաև կաջակցեն խոցելի համայնքներին, որոնք արդեն իսկ զգում են կլիմայի փոփոխության բացասական հետևանքները:

Անկասկած, կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, որը հատում է սահմանները և գերազանցում է քաղաքականությանը։ Այն լոկ պատասխանատվություն չէ, որը կարող է կրել միայն մեկ ազգ կամ ազգերի խումբ: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակին հասնելու համար գլոբալ ընթացքի ուղղության շտկումը հրամայական է։ Ուստի «COP28 ԱՄԷ»-ն, որպես մեր հավաքական ճանապարհորդության հաջորդ քայլ, կոչ է անում աշխարհին «Միավորվել, գործել, ի կատար ածել»։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

անվճռականության ու թերի քայլերի ժամանակն անցել է. «Գլոբալ ուսումնասիրությունը» ցույց կտա, թե որքան հեռու է աշխարհը գլոբալ տաքացումը զսպելու նպատակից։ Չնայած որ մենք ներկայումս կանգնած ենք Փարիզի համաձայնագրի և 2030թ․-ի միջև ընկած ճանապարհի կեսին, այնուամենայնիվ գիտական ապացույցները միանշանակորեն պնդում են, որ այնքան էլ մոտ չենք մեր նպատակակետին։ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) վերջին զեկույցն ընդգծում է առաջիկա 7 տարիների ընթացքում արտանետումները 43%-ով կրճատելու հրատապությունը՝ 1,5 °C տաքացումը հասանելիության սահմաններում պահելու համար:

Գնահատելով ձեռք բերված առաջընթացը՝ այնուամենայնիվ, պետք է նշել, որ կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար մինչ այժմ ընդունված աստիճանական միջոցառումները չեն համապատասխանում ներկա պահի հրատապությանը:

Այս մասին են վկայում փաստերը․ ամբողջ աշխարհում ավերիչ երաշտների և ջրհեղեղների աճող հաճախականությունն ու ուժգնությունը խիստ մտահոգիչ է:

Այսպիսով՝ մենք պետք է մարտահրավեր նետենք անցյալ դարի համար նախատեսված հնացած շրջանակներին և խիզախ ջանքեր գործադրենք՝ հաղթահարելու այս խնդրի լուծմանն ուղղված մեր ջանքերի առջև ծառացած խոչընդոտները։

Մենք պետք է գիտակցենք, որ կլիմայի շարունակվող փոփոխությանն անդրադառնալը ոչ միայն ազատ ազգերի համընդհանուր պարտավորություն է, այլև հնարավորություն։

Ընդունելով, որ կլիմայի փոփոխությունը ընդհանուր մտահոգության առարկա է և ազդում է բոլորի վրա՝ մենք պետք է ազնիվ և համապարփակ քննարկում անցկացնենք այն հնարավոր քայլերի շուրջ, որոնք կարող են նպաստել համաշխարհային մակարդակով կլիմայական դրական զարգացում գրանցելուն, հատկապես «Գլոբալ հարավի» շրջաններում։

Սա ենթադրում է էներգիայի հասանելիության, անվտանգության և կայունության երաշխիք՝ միաժամանակ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական բարեկեցությանը:

Ըստ էության, մենք միաժամանակ պետք է հետամուտ լինենք թե՛ կլիմայական, և թե՛ տնտեսական առաջընթացին, քանի որ սա ընտրություն չէ երկուսի միջև, այլ՝ զուգահեռ անհրաժեշտություն։

Վերջին 6 ամիսների ընթացքում ԱՄԷ COP 28 թիմը սերտ շփման մեջ է եղել ազգային կառավարությունների, գործարար համայնքների, քաղաքացիական հասարակությունների, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների, երիտասարդության ներկայացուցիչների և բնակիչների հետ, ինչը օգնել է մեզ առավել խորը պատկերացում կազմելու մարդկանց առջև ծառացած մարտահրավերների մասին՝ համապարփակ եզրակացություններ անելու հնարավորություն ընձեռելով։

COP28-ի ոգուն համահունչ՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԱՄԷ-ի ապագայի ռազմավարության վրա, որն առաջնորդվում է մեկ գերակա նպատակով, այն է՝ հասանելի պահել1.5°C -ը։ Մեր գործողություններն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով․

Համապարփակ մոտեցում և գլոբալ համագործակցություն. Հավաքականորեն ստանձնելով «Գլոբալ ուսումնասիրության» նկատմամբ պատասխանատվությունը՝ պետք է միասնաբար աշխատել, հավակնոտ թիրախներ սահմանել և լավագույն փորձը կիսել, քանզի բոլորս ենք գիտակցում, որ կլիմայի փոփոխությունը սահմաններ չի ճանաչում:

Նորարարություն և տեխնոլոգիա․ Հայտնի լինելով վերականգնվող էներգիայի և կայուն պրակտիկայի ոլորտում իր առաջընթացով՝ ԱՄԷ-ն հիշեցնում է, որ նորարարությունը մեր ամենամեծ դաշնակիցն է այս պայքարում։ Մենք պետք է ներդրումներ կատարենք նորագույն տեխնոլոգիայի ոլորտում՝ անցում կատարելով ցածր ածխածնային տնտեսության:

ԱՄԷ-ն համագործակցում է հյուսիսի և հարավի կառավարությունների հետ՝ մինչև 2030 թվականը կրկնապատկելու էներգաարդյունավետությունը, եռապատկելու վերականգնվող էներգիայի հզորությունը մինչև 11000 ԳՎտ և կրկնապատկելու ջրածնի արտադրությունը մինչև տարեկան 180 տոննա:

ԱՄԷ-ն ներկայացրել է կլիմայի փոփոխության գլոբալ արձագանքման ազգային ռազմավարության իր երկրորդ գործողության 3-րդ թարմացումը՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը ածխածնի արտանետումները կրճատել 40%-ով, ինչը գրեթե 10%-ով ավել է նախորդ պարտավորությունից և համահունչ է մինչև 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելու նպատակին և գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճանով սահմանափակելու ձգտմանը:

Բացի այդ, ԱՄԷ կառավարությունը նախատեսում է ներդնել 54 միլիարդ դոլար՝ մինչև 2030 թվականը մաքուր էներգիայի հզորությունը եռապատկելու, ջրածնի արտադրությունը զգալիորեն ընդլայնելու և առանց ածուխի էներգիայի խառնուրդը պահպանելու համար:

Արդարություն և ներառականություն. Կլիմայի փոփոխության ազդեցությունը ազդում է մարգինալացված համայնքների և ապագա սերունդների վրա: Մեր արձագանքը պետք է հիմնված լինի արդարության և հավասարության սկզբունքների վրա՝ բացառելով ճգնաժամի համար նվազագույն պատասխանատվություն կրողների ենթարկումը առավելագույն վնասների:

Նույնքան կարևոր է COP28-ում կորուստների և վնասների վերացման ֆինանսավորման մեխանիզմների ամբողջական ներդրումը:

Այս մեխանիզմը պետք է անհապաղ ակտիվացվի՝ կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ առավել խոցելիներին օգնելու համար:

Իմ երկիրը հորդորում և գնահատում է վաղաժամ պարտավորությունները՝ որպես մեր քաղաքական վճռականության դրսևորում։

Հարգելի՛ հյուրեր,

Ինչպես նշեցի, ԱՄԷ-ն, որպես COP28-ի հյուրընկալող երկիր, ստանձնում է իր դերը պատասխանատվության, խոնարհության և հրատապություն խորը զգացումով:

Մենք խոստացել ենք համախմբել աշխարհը՝ համագործակցելու, գործելու և շոշափելի արդյունքների հասնելու համար: Որպես ազգ՝ մենք մեր պարտավորություններին հավատարիմ մնալու փորձ ունենք:

COP28-ը կյանքն ու ապրուստը կներդնի կլիմայական գործընթացի հիմքում՝ «մարդակենտրոն» մոտեցմամբ, որի հիմքում ընկած կլինի բնությունը, սնունդը, առողջությունը և ճկունությունը: Այս մոտեցման առանցքում կլինի հարմարվողականության գլոբալ նպատակի համապարփակ և ամուր շրջանակի ընդունումը:

Այսօր ԱՄԷ-ն ուրախ է ներկայացնել գիտության կողմից աջակցվող ծրագիր, որն ուղղված է գործողություններ իրականացնելուն և նվիրված է կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի նոր ուղի գծելուն: Մենք նպատակ ունենք հավասարակշռել մեր ոգևորությունը պրագմատիզմի հետ, իսկ մեր հավակնությունները՝ իրատեսության հետ:

Եվ թույլ տվեք նշել, որ այս ծրագիրը առաջացել է ձեզ բոլորիդ լսելուց և ձեզ հետ շփվելուց հետո, ուստի կարող է կյանքի կոչվել բոլորիդ կողմից:

Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմավարության հաջողությունը կախված է նրանից, թե ի՞նչ կձեռնարկեք դուք հաջորդիվ:

Ես կոչ եմ անում ձեզ համերաշխ լինել, մի կողմ դնել կրոնական և էթնիկ տարբերությունները և առաջնահերթություն տալ մարդկության բարօրությանը: Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք հասնել իմաստալից և գործնական առաջընթացի, որն օգուտ կբերի կլիմային, մեր տնտեսություններին և մեր ազգերին:

Համագործակցության ոգով և նոր նպատակի զգացումով, եկեք օգտագործենք COP28 –ի հարթակը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի մեր համաշխարհային ջանքերի շրջադարձային կետ:

Եկե՛ք միասին աշխատենք այս ընդհանուր հնարավորության վրա:

Եկե՛ք մեկտեղենք ջանքերն արդյունավետ լուծումներ և հավակնոտ արդյունքներ գրանցելու համար:

Քանզի մեր երեխաների և թոռների ապագան կախված է մեր այսօրվա քայլերից, իսկ COP28-ում ընդունված որոշումները կձևավորեն մեր ընդհանուր ապագան, մենք չունենք երկրորդ Երկիր մոլորակ, ուստի՝ կա՛մ հիմա, կա՛մ երբեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս