«Ունենք կորոնավիրուսի թվերի բարձրացում, նաև գրիպի սեզոնային ակտիվացում». Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում կան կարմրուկի դեպքեր։
«Մենք մոնիտորինգ ենք անում ամենօրյա շարժը թե՛ շտապօգնության մեքենաների, թե՛ հոսպիտալացումների։ Այս պահին որոշակի կտրուկ աճ չունենք։
Հիմա ունենք կորոնավիրուսի թվերի բարձրացում, նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը և գրիպը, կարելի է ասել, նույն վարքագիծն են դրսևորում, և, կարելի է ասել, սեզոնային ակտիվացում է այս պահին»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա, գրիպի պատվաստանյութի խնդիր չկա, հետևաբար՝ հորդորեց օր առաջ պատվաստվել, քանի որ այս ընթացքն ամենաճիշտ ժամանակն է պատվաստվելու և պաշտպանված լինելու համար։
«Գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում, համապատասխանեցնելով տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին, և խրոնիկ հիվանդները, 65 տարեկան և մինչև 12 տարեկան երեխաները համարվում են ռիսկային խմբեր, ուստի շատ կարևոր է պատվաստվել»,- հավելեց Առողջապահության նախարարը։
Նա նաև ընդգծեց, որ գրիպի դեմ պատվաստանյութը մեկ տեսակի է՝ եվրոպական արտադրության և գրիպի չորս տեսակ շտամերի դեմ է։
Նախարարի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի շտամերի որոշակի փոփոխություն չեն նկատում, «օմիկրոն» շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով։ Ախտանշանները բավականին նման են գրիպին, նորից քթարտադրություն, գլխացավեր, հազ։ Հետևաբար դժվար է տարբերակում դնել՝ գրի՞պ է, թե՞ կորոնավիրուս, եթե չի թեստավորվում։
«Գիտեք, որ գրիպից էլ են լինում մահվան դեպքեր։ Եթե անձն ունի լուրջ առողջական խնդիրներ և ճիշտ ժամանակին չստանա բժշկական օգնություն, այո կարող են լինել նաև մահվան դեպքեր»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։