Իսրայելի ոստիկանությունը կազմավորել է ինքնապաշտպանության 600 տեղական ջոկատներ
Իսրայելի ոստիկանությունն ընդհանուր առմամբ կազմավորել է ինքնապաշտպանության 600 տեղական ջոկատներ։
Այդ մասին հայտնել է Times of Israel թերթը։
Թերթի տվյալներով` ինչպես հայտարարել է այդ կազմավորումների հատուկ համակարգող Շիմոն Լավին, որին նշանակել է ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, հոկտեմբերի 7-ից ստեղծվել և զինվել են ինքնապաշտպանության 600 ջոկատներ։
Նրա խոսքով, դա առաջադրված նպատակի մեկ երրորդն է, եւս 1 200 նման ջոկատներ կկազմավորվեն առաջիկա 10 օրվա ընթացքում։ Նա նշել է, որ առաջնահերթ ուշադրություն է դարձվելու նման կազմավորումների ստեղծմանը խառը բնակչություն ունեցող բնակավայրերում, որտեղ կան ինչպես հրեական, այնպես էլ արաբական համայնքներ։
Հատուկ համակարգողը նշել է, որ ինքնապաշտպանական ջոկատների գործունեության վերահսկողությունը կիրականացնի Իսրայելի ոստիկանությունը։ Նա հավելել է, որ նման կազմավորումների անդամներն ունեն հրազեն օգտագործելու նույն իրավունքներն, ինչ ոստիկանները։
Ավելի վաղ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը 10 հազար հրացան է գնել՝ ինքնապաշտպանության ջոկատներին զինելու համար։ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի ոստիկանությունը և պաշտպանության նախարարությունը հայտարարեցին, որ սկսելու են զինել կամավորական կազմավորումներին։ Նրանց ընդհանուր թվաքանակը պետք է կազմի 13,2 հազար մարդ: