«Կարապի լիճը»՝ կամուրջ ավելի բարդ ներկայացումների համար
Ավելի քան երեսուն տարվա դադարից հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «կենդանություն են առել» Պյոտր Չայկովսկու կարապները: «Կարապի լիճը» հանրահայտ բալետը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել աշխարհի որևէ հեղինակավոր թատրոնի խաղացանկ, Երևանի օպերային թատրոնում բեմադրվում է հինգերորդ անգամ՝ նոր շնչով, նոր ոգով ու բեմադրական լուծումներով:
Հոգեթով երաժշտություն, հուզիչ պար, շքեղ կոստյումներ և ուժեղ էներգիա. բալետի առաջնախաղերն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում արվեստասերների բուռն ծափահարությունների ներքո:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը նշում է՝ ներկայացումը նվաճում է Երևանի օպերային թատրոնի համար. այն կամուրջ է դառնալու հետագայում ավելի բարդ ներկայացումներ բեմադրելու համար:
Բեմադրության գեղարվեստական ղեկավարը Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նինո Անանիաշվիլին է: Դուրգարյանը նրան է հրավիրել, քանի որ Վրաստանի բալետն անցել է այն ճանապարհը, որ անցնում է Երևանի թատրոնը: «Անանիաշվիլիի օգնությամբ հրավիրել ենք նաև Մեծ թատրոնի պարուսույցների, որոնք մեզ օգնել են վերականգնել դասական բալետի ավանդույթները, որ մի փոքր կորցրել ենք»,-ասում է Կարեն Դուրգարյանն ու հավելում՝ երեսունհինգ տարի «Կարապի լիճը» չի բեմադրվել Երևանի օպերային թատրոնում, երկու սերունդ չի պարել այն, հանդիսատեսի երկու սերունդ այն չի տեսել:
Առաջնախաղերի բոլոր տոմսերն արագ սպառվում են, ինչն ուրախացնում է Կարեն Դուրգարյանին, բայց թատրոնի տնօրենը լիարժեք գոհ չէ: Ասում է՝ նրա պարտականությունն է պահանջկոտ լինել, սակայն հասկանում է, որ թատրոնն ու թատերախումբն աշխատում են ուժերի ներածին չափով: «Դա թույլ է տալիս իմանալ, թե որ աստիճանի վրա ենք մենք և ուր պետք է գնանք: Մեր թատրոնն առաջընթաց ապրել է, եթե առաջընթաց չլիներ, «Կարապի լիճը» չէր բեմադրվի»,-եզրափակում է Դուրգարյանը:
«Կարապի լիճը» բալետի հիմքում գերմանական հեքիաթն է, որում արքայազն Զիգֆրիդը սիրահարվում է արքայադուստր Օդետային, որին չար կախարդը կարապի է վերածել: Արքայազնը Օդետային հավերժ սեր է խոստանում, սակայն ամրոցում հանդիպում է Օդիլիային: Նրան նմանեցնելով Օդետային՝ Զիգֆրիդն Օդիլիային է նախապատվություն տալիս:
Օդետայի, Օդիլիայի կերպարները կերտել է թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը: Նա, ինչպես շատ պարուհիներ, կարապի դերը կերտելը երազանք է համարել: «Թվում էր՝ այդ երազանքը չի կատարվելու: Իրականում շատ դժվար է խաղալ ներկայացման մեջ, որում երկու հակասական կերպարներ ես կերտում: Նման դեպքում միշտ մի դերն ավելի հոգեհարազատ է դառնում: Ինձ ավելի հոգեհարազատ է Օդիլիայի՝ սև կարապի դերը, սակայն ես շատ ավելի աշխատել եմ Օդետայի կերպարի վրա: Դժվար է, բայց հաճելի»,-խոստովանում է պարուհին:
Նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին շատ տարիներ առաջ փայլուն կերտել է Օդետայի և Օդիլիայի կերպարները: Մերի Հովհաննիսյանը չի փորձել նմանվել նրան, չի փորձել գերազանցել: Կարծում է՝ յուրաքանչյուր պարող յուրահատուկ է: «Ամեն պարուհի ունի իր առավելությունները. մեկի ոտքերն են գեղեցիկ, մյուսի՝ ձեռքերը: Անանիաշվիլիի հետ աշխատանքը մեզ համար մեծ ձեռքբերում էր: Նա շատ պահանջկոտ, հետևողական է և անհատական մոտեցում էր ցույց տալիս»,-ասում է Մերին:
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ ներկայացումների տոմսերը սպառվում են, խոսում է այն մասին, որ հանդիսատեսը շատ է սիրում բալետ, անգամ գիտի, թե որ օրը որ արտիստներն են պարում և թատրոն է գալիս իր նախընտրած արտիստների մատուցմամբ բալետը վայելելու համար:
Օպերային թատրոնի առաջատար պարող, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը վնասվածքի պատճառով շուրջ ինն ամիս բեմ չէր բարձրացել: Նա անհանգիստ էր, լի պատասխանատվության մեծ զգացումով և հույսով, որ կներկայանա լիարժեք և մեծ բավականություն կպատճառի արվեստասերներին: Դա նրան հաջողվեց:
«Սա հեքիաթային ներկայացում է: Շատ ներկայացումներում եմ որպես արքայազն պարել, բայց Զիգֆրիդն այլ է: Գեղեցիկ ստեղծագործություն է. արքայազնը գնում է որսի, հանդիպում գեղեցիկ աղջկա, պարզվում է՝ նա կարապ է: Այս ամենը պարով պատմելը հետաքրքիր զգացողություններ է առաջացնում, շատ յուրահատուկ ու նոր»,-անկեղծանում է Ավետիսյանը: Նա կարևորում է նաև հանդիսատեսի էներգետիկան ու նշում՝ երբ տեսնում է, որ դահլիճը լեփ-լեցուն է, ավելի է ոգևորվում, ցանկանում է ավելին անել, քան կարող է:
Վստահաբար կան մարդիկ, որոնք «Կարապի լիճը» բալետն ամբողջությամբ չեն դիտել, սակայն քաջածանոթ են ներկայացման փոքր կարապներին ֆիլմերի, մուլտֆիլմերի, այլ ներկայացումների միջոցով: Նրանց պարը բալետի կարևոր հատվածներից է: Փոքր կարապներից Նելլի Մելքոնյանը նշում է՝ իրենք սիրված են, և հանդիսատեսը սպասում է կարապների պարին: «Մենք լրջագույնս պատրաստվել ենք ներկայացմանն ու հույս ունենք, որ լավ ենք ներկայանում: Յուրաքանչյուրս մեր դերին ենք համապատասխանում ու սիրով ենք պարում, սակայն ցանկացած պարուհի էլ երազում է Օդետայի դերի մասին»,-ասում է պարուհին, իսկ Վահե Բաբաջանյանը, որը կերտում է արքայազնի ընկերներից մեկի դերը, երազել է «Կարապի լիճը» բալետում ընդգրկվելու մասին: Երջանիկ է, որ նման հնարավորություն ունի:
Պյոտր Չայկովսկին «Կարապի լիճը» բալետը գրել է 1876 թվականին: Ներկայացման բեմական պատմությունը դժվար է ընթացել։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի մարտի 4-ին Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում: Խորեոգրաֆիան իրականացրել է բալետմայստեր Վենցել Ռեյզինգերը։ Օդետայի և Օդիլիայի առաջին դերակատարը եղել է Պոլինա Կարպովան։ Ռեյզինգերի բեմադրությունը հաջողություն չի ունեցել: 1882 թվականին բալետմայստեր Իոսիֆ Հանսենը մասնակի խմբագրել է հին ներկայացումը և 1894 թվականի փետրվարի 17-ին առաջին անգամ ներկայացվել է «կարապների» արարը բալետի 2-րդ գործողության մեջ նվիրված՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկու հիշատակին։