«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցները ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապել են խնամյալին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վարդենիս քաղաքում գործող նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների կողմից տուն-ինտերնատի 25-ամյա բնակչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ 2023 թ. փետրվարի 16-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակողմանի գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի 4 աշխատակիցները, խմբի կազմում, խախտելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, տևական ժամանակ՝ 2022 թվականի հոկտեմբերից փետրվարն ընկած ժամանակահատվածում, 25-ամյա երիտասարդի նկատմամբ կատարել են բռնի գործողություններ:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ տուն- ինտերնատի տնօրենի կողմից իր՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ ՊՈԱԿ-ում մատուցվող բժշկական սպասարկման ու խնամքի ծառայությունների որակի և արդյունավետ իրականացումը պատշաճ չկազմակերպելու և հսկողություն չիրականացնելու, իր ղեկավարած կազմակերպության աշխատակիցների կողմից ՊՈԱԿ-ի բնակիչ 25-ամյա խնամյալին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկացվածության պայմաններում, տուն-ինտերնատի բժիշկ-հոգեբույժը ավագ բուժքրոջ հետ՝ մատուցվող բժշկական սպասարկման ծառայությունների տրամադրման և դրա շրջանակներում բուժանձնակազմի ընդհանուր համակարգման շրջանակներում, 25-ամյա երիտասարդին տրամադրվող բուժօգնության վերաբերյալ ցուցումներ են տվել խնամող սանիտարին ու հերթափոխի բուժքրոջը:
Վերջիններս էլ, ղեկավարարվելով ստացած ցուցումներով, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երիտասարդի նկատմամբ օրվա ընթացքում՝ օրենքով նախատեսված 4 ժամից ավելի՝ ընդհուպ ողջ գիշեր, կիրառել են ֆիզիկական զսպում՝ վերջինիս ագրեսիվության նոպաների ժամանակ մետաղյա շղթա են կապել որովայնի հատվածին փաթաթված կտորի վրայից և ֆիքսել ջեռուցման մարտկոցից, նրա կենցաղը կազմակերպել են հատակին դրված ներքնակի վրա:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով, և պաշտոնավարման կասեցումը:
Բժիշկ-հոգեբույժին և ավագ բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, իսկ խնամող սանիտարին և հերթափոխի բուժքրոջը՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:
Բժիշկ-հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը՝ 3․000․000 մլն դրամի չափով, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: