Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներում հաշվառվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 4673 անձ
2023 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հաշվառվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4673 անձ, որոնցից 368-ն ունեն հաշմանդամության կարգ։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, նրանցից 47-ն ունեն 1-ին, 190-ը՝ 2-րդ, 131-ը՝ 3-րդ խմբի հաշմանդամություն։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հաշվառվել են 21 հղիներ։ Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել բռնի տեղահանված ընտանիքի 1 տղա, Մարտունու ծննդատանը՝ 1 աղջիկ երեխա։
Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներ են դիմել բռնի տեղահանված 708 անձ՝ ամբուլատոր բուժում ստանալու համար։ Հիվանդանոցներում ստացիոնար բուժում են ստացել 4 անձ, այս պահին ստացիոնար բուժման մեջ են գտնվում ևս 6 հոգի։
ԼՂ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած անձանց շրջանում գրանցվել է մահվան 3 դեպք։
Բռնի տեղահանված անձանցից 5-ը մասնագիտությամբ բժիշկներ են, 57-ը՝ բուժքույրեր, 5-ը բուժակներ, ովքեր հավաստագրման են ուղղորդվում ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ մասնագիտական աշխատանքում ընդգրկվելու նպատակով։
Խոսրով Խլղաթյան