3 պատերազմ տեսած 8–ամյա տղան ու ամենասարսափելի օրը Շուշիում. մի ընտանիքի պատմություն. Sputnik Արմենիա
Արարատի մարզի Նոյակերտ գյուղում նույնպես հաստատվել են Արցախից տեղահանված անձինք: Նրանց մի մասը բնակություն են հաստատել դատարկ տներում, մի մասին էլ ապաստան են տվել մարզպետարանի աշխատակիցներն ու գյուղապետը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Երեք տարի առաջ 5 տարեկան Արմեն Գրիգորյանի և նրա ընկերների լուսանկարը Շուշիի Ղազանչեցոց տաճարի (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի) ֆոնին ակտիվորեն տարածվում էր համացանցում։
Այդ ժամանակ ժպտացող տղաները հույսի խորհրդանիշ դարձան, շատերին վերադարձրին հաղթանակի հանդեպ հավատը։ Հիմա 8-ամյա Արսենը լուսանկարվել չի սիրում։
Տղայի ընտանիքը երկու անգամ տեղահանվել է. առաջին անգամ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, երբ Շուշին ընկավ և նրանք ստիպված եղան լքել քաղաքը, երկրորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ ընկավ Ստեփանակերտը։
Արսենը չի սիրում լուսանկարը, որտեղ երեքով են՝ ընկերներով։ Ամեն անգամ, երբ աչքով է ընկնում, գլուխը շրջում է: Հիշում է` այդ օրը Շուշիում պահմտոցի էին խաղում։
«Նրանք թաքնվել էին եկեղեցում, իսկ ես փնտրում էի նրանց»,-ասում է։
Ամենաշատը կարոտում է Արցախի իրենց տունը, և եթե կարողանար վերադառնալ այնտեղ, անպայման կվերցներ իր հեծանիվը, որը ստիպված է եղել թողնել։ Տղան մաթեմատիկա է սիրում, երազում է ոստիկան դառնալ։
«8 տարեկանում Արսենը իրար հետևից երեք պատերազմ է տեսել»,- ասում է երեխայի մայրը՝ Աշխեն Մանասյանը:
Աշխենը ծնունդով Ստեփանակերտից է, մեծացել է Շուշիում, ամուսնացել և տեղափոխվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ: Ամուսինը 2015 թվականից ծառայության է անցել Պաշտպանության բանակում։ Խաղաղ ժամանակ հասցնում էր օգնել կնոջը ընտանեկան բիզնեսի հարցում՝ փոքրիկ կրպակ ունեին, որտեղ սեփական բանջարանոցում աճեցրած բանջարեղենն էին վաճառում։
Կինը պատմում է, որ Արսենից և 5-ամյա Նունեից բացի, ինքը կարող էր ևս երկու երեխա ունենալ, սակայն պատերազմական ծանր ժամանակներում նրանք մահացած են ծնվել։ Մի երեխային Աշխենը կորցրել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երկրորդին՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։
«Պատերազմը սպանեց նրանց»,-ասում է կինը:
Աշխենը մանրամասն հիշում է իր ապրած երեք պատերազմներից յուրաքանչյուրը։ Սակայն նրա համար ամենասարսափելին 2020 թվականի հոկտեմբերի 8-ն էր։ Այդ օրը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծեցին Շուշին՝ լուրջ վնաս հասցնելով Ղազանչեցոց եկեղեցուն։
«Կարծում էինք` եկեղեցու վրա ոչ մեկը չի կրակի։ Երեխաներին նկուղի մասում էինք թաքցրել՝ իմ փոքր քրոջ ու մեր քեռու հետ։ Ես, ամուսինս և մայրս դուրս էին եկել ուտելիք բերելու։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցին կրակել եկեղեցու ուղղությամբ»,- պատմեց Աշխենը։
Ասում է՝ դրանից հետո տղան վախից մի քանի ժամ համրացել էր։ Կարճ ժամանակով Երևան եկան, բայց չկարողացան թողնել Արցախը, դարձյալ վերադարձան։
Այս պահին ընտանիքը հաստատվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Ծրագրում են Հայաստանում մնալ։ Հասցրել են վերցնել միայն երեխաների փաստաթղթերն ու լուսանկարները։ Աշխենը պահել է նաև շրջափակման ժամանակ տրված հացի կտրոնները՝ որպես հիշեցում, թե ինչ են ապրել․․․ Ասում է` վերջին օրերին անգամ հաց չկար:
Գրիգորյան ընտանիքն ամեն ինչի կարիք ունի և երախտապարտ կլինի ցանկացած օգնության համար։ Այս պահին նրանք բանկային քարտի հետ կապված խնդիրներ ունեն և պետության կողմից միանվագ օգնությունը դեռ չեն ստացել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: