Հրանուշ Խառատյանը նոր հանձնարարություն ունի՝ Հայաստանում «ադրբեջանական պատմամշակութային հետքեր» է որոնում․ «Փաստինֆո»

Օրերս «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել, որ ԿԳՄՍՆ օժանդակությամբ և ՀՀ մտած արևմտյան խոշոր դրամաշնորհի ֆինանսական միջոցներով, Հայաստանում մերձադրբեջանական հայացքներով հայտնի, ինչպես նաև՝ թուրքերին ներելու և նրանց հետ հաշտվելու գաղափարի ակտիվ ջատագով ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նոր առաքելություն է ստանձնել։ Հիմա էլ նա հանձնարարական է ստացել և լծվել Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական, իսկ ավելի կոնկրետ՝ «թուրք-ադրբեջանկան պատմամշակութային հուշարձանների» և «պատմական հետքերի» որոնողական աշխատանքներին։ Ահազանգի հեղինակը նաեւ նշել է, որ Խառատյանին օգնության ձեռք է մեկնելու Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն, ազգագրագետ Հարություն Մարությանը։

Արդեն այսօր, ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ դեռևս օրեր առաջ տեղեկացել է՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ՝ ԿԳՄՍ-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը» գրավոր հանձնարարական է տրվել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար.«Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը առանձին խոշոր դրամաշնորհային ծրագրով լծվել են ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ու ներկայության ուսումնասիրությանը»,- ասված է Հայկ Դեմոյանի գրառման մեջ, որին կից, վերջինս հորդորում է ԿԳՄՍ-ից պահանջել վերոնշյալ նամակ-հանձնարարականի տրամադրումն ու հանրայնացումը, ինչպես նաև՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրինությունից տեղեկատվության տրամադրում՝ Հարություն Մարությանի, Հրանուշ և Լուսինե Խառատյանների մասնակցությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ուսումնասիրությանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հիմքերի ու բուն նպատակների վերաբերյալ։

«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում Հայկ Դեմոյանը նկատել է՝ վերջին տարիներին հանրային դաշտից Հրանուշ Խառատյանի անսպասելի «անհետացումը» շատերի մոտ զարմանք էր առաջացրել, քանի որ սույն անձը և իր շուրջ հավաքված դրամաշնորհային կլանը գերակտիվություն էին ցուցաբերել 2018 թ․ ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ, ինչ որ տեղ հանդիսանալով «թավշյա հեղափոխություն» անվան տակ իրականացված հատուկ գործողության սպասարկուները։ Հրանուշ Խառատյանը, ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը և մի քանի այլ ազգագրագետներ միջազգային գիտական հանդեսներում գովեստով ու ձոներով համեմված ակադեմիական հոդվածներ են հասցրել տպել։ Հրանուշ Խառատյանի «անհետացումը» և վերջինիս ակտիվության նվազումը, պարզվում է, լուրջ պատճառներ ունի, այն է՝ հերթական դրամաշնորհային ծրագրի շրջանակում նույն ակադեմիական թայֆան հիմա էլ լծվել է ՀՀ տարածում ադրբեջանական երբեմնի ներկայության հետազոտմանն ու փաստահավաք ուսումնասիրությանը։

Կարելի էր նույնիսկ այս դրվագը լռության մատնել ու որևէ մեկնաբանության չարժանացնել, սակայն երբ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՕԱԿ-ին հատուկ հանձնարարական է տվել ՝ ՀՀ տարածքում այդ նույն ադրբեջանական հիշողության վայրերի ուսումնասիրության համար, պարզ դարձավ, որ գործ ունենք ընդհատակում գործող և ՀՀ շահերին հակասող բացահայտ ծրագրի հետ։ Հիշեցնեմ՝ այս նույն խումբն էր, որ Հարություն Մարությանին գործուղել էր Բուդապեշտ մեկ այլ դրամաշնորհի շրջանակներում հայաստանյան արխիվների ու թանգարանների հավաքածուների հասանելիությունը օտարազգիներին, այդ թվում ադրբեջանցիներին տրամադրելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս