Հանուն ոչնչի, ինչպես հայտնի անձն էր ասում, գոնե մեր պարագայում ոչինչ չի լինում. պայքարը շարունակվում է. Արցախի ԱԺ նախագահ

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին, թե Արցախի ապագայի վերաբերյալ ո՞րն է նրա  տեսլականը,  կարո՞ղ է հանկարծ պարզվել, որ 120 հազար արցախահայեր զրկանքներ են կրում հանուն ոչնչի։

Պատասխանելով՝ Դավիթ Իշխանյանը մասնավորապես նշեց.

«Շատ ծանր բառեր են՝ հանուն ոչնչի, որը հայտնի անձի կողմից արտաբերվեց ժամանակին։ Ես վստահ եմ ու համոզված, որ հանուն ոչնչի՝ գոնե մեր պարագայում ոչինչ չի լինում։ Եվ հասարակության մեջ ձևավորված այն մտայնությունը, որ 90-ականների մեր հաջողությունը զրոյացվեց 2020 թվականին՝ այդպես չէ։ Մենք պիտի արձանագրենք՝ ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր,  ևս պատերազմի շարունակությունն է՝ այլ բնույթով։ Վերջապես, եթե ուղղակի ռազմական գործողություններ չկան, եթե հաճախակի կրակոցներ չենք լսում, չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ 2020 թվականի փաստաթուղթը մենք պետք է ընդունենք որպես զինադադար, ուզենք թե չուզենք: Կամա թե ակամա, 120 հազար մարդու, նաև այն 21.500 մարդու ճակատագիրը, որոնք այսօր Արցախից դուրս են, կարծում եմ՝ պարտավոր ենք մեր տեսլականի մեջ ունենալ փայլուն ապագայով։ Բառը գուցե մերկապարանոց է, այստեղ բառը  գուցե հնչեղ տեսք չպետք է ունենա, այդուհանդերձ, երբ դու ունես նպատակ և այդ նպատակին հասնելու համապատասխան միջոցներ ես փնտրում, ապա այդ պարագայում կարող ես հասնել նպատակիդ»,- շեշտեց Դավիթ Իշխանյանը։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության առաջին կետում ամրագրված է՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Կարդացեք նաև

Իսկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի մեկնաբանությամբ՝ այսօր շատ դժվար է այն տեսլականը, որն անձամբ ունի՝ մարսելի դարձնել հանրության համար։ Իսկ այդ տեսլականը բխում է այն նպատակներից ու ռազմավարական ծրագրերից, որոնք ամրագրել են 33 տարի առաջ, նույնիսկ 100 տարի առաջ, երբ Արցախը բռնակցվում էր Ադրբեջանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս