Արցախում համաներում է տարածվել ՃՈ կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընթացիկ տարվա հունիսի 29-ին ընդունված «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքով, որի նախագիծը մշակել և ներկայացրել է ՆԳ նախարարությունը, համաներում է տարածվել ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ, որոնց վրա տարածումը բխում է նշված օրենքի պահանջից։ Այս մասին իրազեկում են ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից՝ հավելելով, որ մասնավորապես, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց հնարավորություն է ընձեռնվել մասնակցել վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար անցկացվող որակավորման քննություններին։

Իսկ տուգանքի տեսքով պատասխանատվության ենթարկված անձինք ազատվել են կայացված որոշումներով նշանակված տուգանքի կեսը վճարելու պարտականությունից, եթե նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում նշանակված տույժի գումարի կեսը վճարվել է:

Համաներում չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» 2021 թվականի օգոստոսի 6-ին ՀՕ-95-Ն օրենքով ազատվել են տրանսպորտային միջոցներ վարելու` հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից։

Օրենքի ընդունման նպատակը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված դժվար կացության մեջ հայտնված անձանց ֆինանսական բեռը թեթևացնելն ու վարորդությամբ եկամուտ ձեռք բերող անձանց վիճակը բարելավելն է։

Տեսանյութեր

Լրահոս