Բաժիններ՝

«Տանջանքները կրելու ժամանակն է»

Հարցազրույց Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ

 
– Ինչո՞ւ են այսօր մտավորականները, արվեստագետներն այսչափ խառնվում քաղաքական գործընթացներին:
– Այսօր քաղաքականությունը փոխվել է: Դա նախկին քաղաքականությունը չէ, երբ մի խումբ քաղաքական գործիչներ կազմում էին մարդկության ընթացքը: Այսօր քաղաքականության ընթացքը կազմում է բանկային համակարգը, որը ստրկացման համակարգն է: Այսօր քաղաքականություն գոյություն չունի, այլ կա ստրկացուցիչ մի ապարատ, որը ստրկացնում է մարդկությանը, և արվեստագետը խառնվում է ոչ թե քաղաքական հարցերին, այլ պայքարում է մարդու անձնական ազատության, հոգևոր հարստության համար: Ուղղակի կա շահերի բախում:
– Իսկ ի՞նչ է կորցնում մտավորականն այդ պայքարում: 
– Արվեստագետ նշանակում է` ստեղծագործող մարդ, ով ստեղծագործում է` լինի դա գրականություն կամ կերպարվեստ, ստեղծագործում է շփման, մտքերի միջոցով: Քաղաքական թեմաներով խոսելը նույնպես ստեղծագործություն է, և հիմա ես ստեղծագործում եմ ոչ թե քարը տաշելով, այլ մի համակարգի մեջ, որտեղ արվեստի գործը փոփոխություն է մտցնում: Իսկ արվեստի գործի նպատակը մարդկանց բարիացնելն, ազնվացնելն ու ջերմացնելն է, մարդուն ավելի հոգևոր դարձնելը:
– Բայց, ի տարբերություն արվեստի, որտեղ կա ազնվություն, քաղաքականության մեջ կա ազնվության պակաս, և, ինչպես ասում են` «քաղաքականության մեջ ընկերներ չկան»:
– Միգուցեգ բայց ստեղծագործությունը հենց ընդդիմանալն է այդ իրավիճակներին: Ես ընդդիմանում եմ այն մոտեցմանը, ըստ որի` քաղաքականության մեջ ընկերներ չկան: Օրինակ, հայկական քաղաքականության մեջ կարող են լինել ընկերներ, և չեմ ուզում բացառել դա: Մի՞գուցե դա կլինի քաղաքականության այն նոր ձևը, որը կա՛մ կծառայի ամբողջ աշխարհին, կա՛մ չի ծառայի:
– Այդ պայքարում Ձեզ միայնակ չե՞ք զգում:
– Ստեղծագործող արվեստագետը միշտ միայնակ է, բայց երբ նրա ստեղծագործությունը ցուցադրվում է, իր շուրջ հավաքում է մարդկանց, ովքեր զմայլվում են, կիսում են արվեստագետի ապրումները, այսինքն` միայնակ արվեստագետի գործերի միջոցով շատ-շատերը շփվում են: Դա հարաբերական միայնակություն է` այսօր ստեղծագործելու պահին միայնակ ես, իսկ վաղը, երբ ստեղծագործությունն ունենա իր անձնական կյանքը, շրջապատված կլինես գուցե ամբողջ աշխարհի մարդկությամբ:
– Իսկ դա նո՞ւյնն է քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի դեպքում:
– Պայքարը հենց ստեղծագործությունն է: Չես կարող ստեղծագործել ուղղակի բոհեմական վիճակում: Ստեղծագործության ժամանակ, առաջին հերթին, պայքարում ես ինքդ քո դեմ, որտեղից էլ ստեղծվում են նորությունները: Եթե չպայքարես, կկրկնես քեզ, և կլինի ոչ թե ստեղծագործություն, այլ` պարզապես գործ:
– Օրեր առաջ Ազատության հրապարակում էիք, որտեղ մասնակցում էիք հանրահավաքին: Ելք տեսնո՞ւմ եք:
– Այո՛: Ելքը պետք է փնտրի իշխանությունը: Հասարակությունն իր քայլն արել է` իշխանություններին ասելով, որ այնպես, ինչպես կար, այլևս չի լինելու: Իսկ դա արդեն մեծ հաղթանակ է: Հիմա նա, ով այսուհետ կկառավարի, պետք է հաշվի նստի ոչ թե հիմարացված, վախեցած բնակիչների, այլ հասուն, մտածող քաղաքացիների հետ: Երիտասարդությունը ցույց տվեց, որ վերջացավ մի շրջան ևս, սկսել է նոր շրջան: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանն ունի այսօրվա Հայաստանը ղեկավարելու շնորհ: Նա ուներ ղարաբաղյան հետպատերազմյան շրջանը ղեկավարելու շնորհ. լա՞վ ղեկավարեց, թե՞ վատ ղեկավարեց` չեմ ուզում անդրադառնալ դրան, քանի որ դա մի շրջան էր, որտեղ, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի և մյուս ղեկավարների պահանջարկը կար, ինչը ծնեց այդ տեսակի և այդ մոտեցմամբ մարդիկ: Այսօր ունենք նոր սերունդ, որ ծնվել է Ղարաբաղյան պատերազմից հետո, որ հասուն մտածող, տեղեկացված է, որը թելադրեց իր գոյության մասին: Այսօր Սերժ Սարգսյանը ստիպված է հաշվի նստել այդ ուժերի հետ:
– Այսինքն` որակական փոփոխություններ կլինե՞ն:
– Որակական փոփոխություններ արդեն եղել են: Դա փաստ է: Սերժ Սարգսյանը չի կարող ղեկավարել այնպես, ինչպես ղեկավարել է 5 տարիներին:
– Ժողովրդի հետ «հաշվի նստելու» պա՞հն է:
– Ժողովրդի հետ հաշվի նստելու պահը չէ: Պետք է հասկանալ, որ ավարտվել է մի շրջան, որտեղ ճանապարհային ոստիկաններ կան, ովքեր հետևում են այսպիսի երթևեկությանը: Այդ երթևեկությունն արդեն փոխվել է, հետևաբար, այդ ոստիկանները պետք է վերապատրաստվեն, որպեսզի կարողանան հետևել այդ երթևեկությանը: Այսինքն` այս ամբողջ քաղաքական դաշտը պետք է վերապատրաստվի, որովհետև հասարակությունը 10 քայլ առաջ անցավ մեկ շաբաթվա ընթացքում: Հակառակ դեպքում` իրավիճակը պայթյունավտանգ կլինի: Այդ 2 համակարգերը պետք է համակշռեն միմյանց: Հիմա հասարակությունը շատ ավելի առաջ է, քան կառավարչական համակարգը:
– Եվ ինչի՞ համար եք պայքարում:
– Ես` որպես քանդակագործ, կարող եմ խորհուրդներ տալ և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանին խորհուրդ կտայի և կհիշեցնեի հետևյալը՝ պետությունը ընտանիք է և, հետևաբար, ընտանիքի հայրը պետք է սիրված լինի, այլ ոչ թե մերժված ընտանիքի անդամների կողմից: Այդ դեպքում նրան չեն հարգի այդ ընտանիքի անդամները, հետևաբար, առաջ կգա բաժանության հարցը: Դեսպոտական մոտեցումը ևս ընտանիքը պահելուն ուղղված ձև է, բայց երբ երեխաներդ մեծանում են, ունենում են իրենց աշխարհայացքը, մի քանի տարի առաջ աշխատող մոտեցումն այլևս չի աշխատում, և զավակներդ դուրս են գալիս քո դեմ: Իհա՛րկե, նոր սերնդի աշխարհընկալումը համարժեք է այսօրվան, երբ հոգեբանորեն և ֆիզիկապես ծերացած ես: Այդ դեպքում պետք է ներողություն խնդրել ժամանակին թույլ տրված սխալների համար, աշխատել զիջել երեխաներին, ովքեր չեն ցանկանում քեզ ոչնչացնել, այլ ցանկանում են շփվել քեզ հետ որակի մեջ:
– Ընտրական հեղափոխություն կա, հեղափոխության որևէ սցենար տեսնո՞ւմ եք Հայաստանում: 
– Հեղափոխությունը հոգեբանորեն արդեն արվել է, ոչ թե հեղափոխվել են, այլ` հասունացել են: 21 տարվա ընթացքում կառուցվել-կազմավորվել է մի հասարակություն, որը ոչ թե պահանջում, այլ իրականությունն է տեսնում: Ուղղակի տղամարդկություն պետք է ունենալ խոստովանելու, որ ընտանիքի հասուն երեխաներն իրավունքն ունեն անձնական կյանք ունենալու: Ժամանակը պետք է ճիշտ օգտագործել:
– Իսկ ինչո՞ւ որոշեցիք մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
– Իմ սկզբունքների մեջ մշտականի գաղափար չկա, ամեն ինչ ժամանակավոր է: Մարդիկ մշտականով են շարժվում` մշտական աթոռը կորցնելուց, մշտական տեղը կորցնելուց վախենում են, մինչդեռ ամեն ինչ ժամանակավոր է: Պետք է ժամանակին հրաժարվել այն ամեն ինչից, ինչը քոնը չէ: Իսկ ինչ վերաբերում է իմ բնակությանը Հայաստանում, ապա, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ հայը տեր կանգնի իր երկրին: Եթե մինչ այս պահը դրա կարիքը չկար, քանի որ տիրոջ կարգավիճակում գտնվելը ծիծաղելի էր, քանի որ տերերը Ղարաբաղյան պատերազմը հաղթած գեներալներն էին, ինչն իրենց իրավունք տվեց տիրանալ Հայաստանի Հանրապետության ղեկին, ինչը գուցե արդարացված է` իրենք պայքարեցին-հասան, բայց այսօր եկավ մեր երկրին տեր կանգնելու պահը:
– Ձեզ պատկերացնո՞ւմ եք հայաստանյան կյանքի մասնակից, օրինակ, ինչո՞վ եք զբաղվելու, ի՞նչ եք անելու:
– Դրանք սատանայական հարցերն են, որովհետև սատանան է միշտ փնտրում բարեհաջող պայմաններ: Դրանք այն վախեցնող հարցերն են, որոնց նպատակը քեզ դեպի փակուղի տանելն է: Դրանք այն խորհուրդներն են, որոնք ուզում են հետ կանգնեցնել քեզ քո սրտի ձայնից: Իմ կարծիքով` պետք է հետևել սրտի ձայնին, այլ ոչ թե հաշվարկային հոգեբանությանը, որովհետև կյանքը լուսանկար չէ, դա առաջին հերթին` խորություն և ժամանակ է, որտեղ ծրագրելն ամենասխալ մոտեցումն է կյանքի հանդեպ: Պետք է հետևես քո սրտի կանչին, և ազնվությունը կպարզի և կուղեկցի:
– Դուք աստվածաշնչյան դիտարկում եք արել, բայց այսօր մեր հասարակությունն իր հավատքի ակունքներից այնքան է հեռացել: Աստվածային ուղերձները փոխվե՞լ են:
– Կարծում եմ` չեն փոխվել, ուղղակի այսօր Աստված նոր լեզվով է խոսում մեզ հետ: Պետք է ընկալել այդ նոր լեզուն: 2000 տարի առաջ Աստված մեզ հետ խոսեց Հիսուս Քրիստոսի լեզվով, և այդ ժամանակ մենք ընդունեցինք Աստծո խոսքը Հիսուսի միջոցով: Պետք է նաև հասկանալ, որ Հիսուսը շարունակում է խոսել մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով: Հետևաբար, կառչել այն առաջին խոսքերից, գնալ-սահմանափակվել այդ ուղերձներով` ճիշտ չէ, պետք է լսել նրա այսօրվա խոսքը, որովհետև ոչ մի բան դոգմա չէ: Սկզբունքներն, իհարկե, դոգմատիկ են, իսկ ուղերձները միշտ արդիական են, ինչը կարևոր է Աստծո խոսքի հետ շփման ժամանակ:
– Ինքներդ կարողանո՞ւմ եք տեղ հասցնել այդ ուղերձները, և արդյո՞ք արվեստագետը պետք է իրեն վերապահի այդ գործառույթը:
– Իմ այս տեղաշարժերը, իմ գտնվելու վայրերը, որ կատարվում են անկախ ինձնից, հավատացած եմ, որ դա միայն իմ ընտրությունը չէ, իմ որոշումը չէ: Հետևաբար, այո՛, ես զգում եմ կապը, և իմ քայլերը կապված են ուղերձների հետ:
– Վիգեն, այս անգամ ավելի մտահոգ եք, քան Ձեր նախկին այցերի ընթացքում: Ինչո՞ւ է այդպես: 
– Ես զգում եմ էներգետիկ տատանումները Հայաստանում: Իմ հանգստությունը, ճիշտ եք նկատել, փոխարինվել է ինչ-որ տեղ տանջանքի: Չեմ ուզում ինձ համեմատել Հիսուս Քրիստոսին, ուղղակի օրինակ եմ բերում. այն հանգստությունը, որով նա ապրում էր, քարոզում էր, բայցև կային պահեր, երբ նա տանջվում էր: Այո՛, տանջանքները կրելու պահն է:

 

– Հետո ավելի լա՞վ կլինի:
– Լավ կամ ավելի լավ չի լինում: Ամեն ինչ լինում է: Պետք է պատրաստ լինենք դիմակայելու հարձակումներին: Բարին հենց դրա համար է, որպեսզի հարձակվեն նրա վրա: Բարին երբեք չի հարձակվում, այլ դա հավասարակշռություն պահող էներգիան է, որի դեմ պայքարում են չար ուժերը: Իսկ երբ կա պայքար, դա արդեն ներշնչում է լավատեսություն, երբ պայքարն արդեն անհեռանկարային չէ: Փոփոխություն արդեն կատարվել է մարդկանց հոգեբանության մեջ: Այս ամեն ինչը հիշեցնում է ապրող համակարգ: Ոչինչ, թող լինի փոթորկված շարժում, բայց չլինի անիմաստ կայունություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս