«Սփյուռքը մերժում է Փաշինյանին. տեսանելի ապագայում նա ունենալու է շատ մեծ պարտություն». Նժդեհ Գարագավորյան

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ արևմտյան մեկ այլ երկիր որևէ զինամթերք կամ մարդուժ չի ուղարկելու Հայաստան:

«Այո, Ֆրանսիայում երկարատև աշխատանքների շնորհիվ մինիմալ աջակցություն ցուցաբերվել է Հայաստանին, բայց դա որևէ էական նշանակություն չունի՝ ռազմավարական իմաստով: Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, թե Արցախն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին, և, դժբախտաբար, չկա այն արձագանքը, որ պետք է լինի Երևանում, ուրեմն՝ ո՛չ ռուսը, ո՛չ ֆրանսիացին հայից ավելի հայ չեն կարող լինել: Խնդիրը Երևանում է՝ կառավարության շենքում: Մեր այսօրվա թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է: Այո, կա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, որտեղ այնքան էլ հեշտ չէ այս կամ այն կողմից ներգրավել կամ սիրաշահել, բայց նաև կա շատ լուրջ մանևրելու տեղ, որը Նիկոլ Փաշինյանը գցում է աղբը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գարագավորյանի խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ելիսեյան պալատում կայացած հանդիպումների ժամանակ իմացել են, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամբողջ պոտենցիալը չի օգտագործվել պատերազմի ժամանակ. «Այդտեղ հիմնական խնդիր և պատճառ կրկին եղել է Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ, ոչ քաղաքական գործիչ լինելու կերպարը: Երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, անշուշտ, Ֆրանսիան չի կարողանալու իր արտաքին քաղաքականության մեջ խաղալ այն խաղը, որին մենք մղում ենք, որ խաղա:

Մենք Ֆրանսիայում կարողացել ենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ամեն տեղ մեր նյութն առաջ մղենք: Շատ բան երևում է նաև, երբ նժարի վրա ես դնում Ուկրաինայի և Հայաստանի հարցը, բայց արդյո՞ք Զելենսկին գալիս է այստեղ և ասում, որ այն տարածքները, որոնք այսօր ռուսական ուժերի վերահսկողության ներքո են, էլ իրենցը չեն: Պատկերացրեք՝ այդպիսի սցենար լիներ, ո՞նց պետք է ֆրանսիացիներն օգնեին ուկրաինացիներին:

Կարդացեք նաև

Իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ գնում և ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Կարմի խաչի ղեկավարը կամ մարդասիրական որևէ կազմակերպության ղեկավար պետք է կարողանա Ադրբեջանի վրա ճնշում բանեցնե՞լ, եթե մեր իսկ պետության ղեկավարը որևէ բան չի անում Արցախի համար, 120 հազար հոգու մեղադրում է բադրիջան չմշակելու մեջ: Սա ի՞նչ խայտառակ իրավիճակ է, այս մարդը պետք է շատ արագ հեռանա իր պաշտոնից: Այս մարդն այսօր կարողանում է ամեն բան զիջել, ամեն բան տալ բոլորին, միայն թե կառչած մնա իր աթոռին: Բայց այս բոլորի վերջը շատ հստակ և պատմական իմաստով կոշտ է լինելու, որովհետև ժողովուրդը չի ընդունում այս կերպարը:

80-90 տոկոսից ավելը մերժում է Արցախի հանդեպ նրա տեսլականը, ինչը նշանակում է, որ մերժում են իրեն, որովհետև հայաստանյան քաղաքական դաշտի մեջ հիմնական խնդիրը, բացի աշխարհաքաղաքական նախընտրություններից, Արցախի կարգավորման տեսլականն է: Եթե այդ հարցում Փաշինյանը ձախողվում է, ուրեմն՝ ինքը հայաստանյան ներքաղաքական դաշտում տեսանելի ապագայում անպայմանորեն ունենալու է շատ մեծ պարտություն»:

Նա նշեց, որ այսօր ՀՅԴ պայքարը որևէ կերպ չի տարբերվում 1800-ականների վերջերի իրենց գաղափարական պայքարից. «Այսօր պետք է բոլորին բացատրել, որ մեր միակ փրկությունը հեղափոխականության և պայքարի մեջ է, դիմադրության ճանապարհի մեջ է, ոչ թե՝ ծունկի գալու և թուրքի դիմաց ոտնատակ մնալու»:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը մերժվելու են և մնալու են մերժված՝ Սփյուռքի ազգային հատվածի կողմից. «Շատ չնչին մաս կա Սփյուռքից՝ տարբեր խմբեր, որոնք ոչ մի բան չեն ներկայացնում: Մենք այդ մարդկանց մասին լսել ենք, կամ մեր ընկերների դասարաններում եղել են. նրանք ոչ մի կապ չունեն գաղութային աշխատանքի հետ, ոչինչ չեն ներկայացնում: Սփյուռքը մերժում է Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին»:

Տեսանյութեր

Լրահոս