Ադրբեջանի, Նախիջևանի և Արցախի հայ փախստականները և բռնի տեղահանվածները կոչ-ահազանգ են տարածել
Արցախի շրջափակման 200-րդ օրվա կապակցությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախի Հանրապետությունից հայ փախստականները և բռնի տեղահանվածները կոչ-ահազանգ են տարածել: Փախստականների և բռնի տեղահանվածների հայտարարության մեջ նշված է, որ հունիսի 30-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, 120 հազար արցախցիների պատանդառման, առանց տարրական կենսապայմանների և էթնիկ զտման սպառնալիքի ներքո նրանց գոյատևման 200-րդ օրը:
«Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է Արցախի ապաշրջափակման վերաբերյալ միջազգային կառույցների կոչերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ս.թ. փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերականգնի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, այլև շարունակում է Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման պրակտիկան. ասվածի վառ օրինակն է երկու օր առաջ Արցախի Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ հրետանային կրակ բացելու հետևանքով հայկական կողմի 4 զոհը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Արցախի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո:
Ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ հիմա, Ադրբեջանն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է հայաթափման հետևողական քաղաքականությունը: 1987-1992թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում, ապա Ադրբեջանի Հանրապետության կողմից հայության դեմ կատարված ոճրագործությունների, ցեղասպան գործողությունների, պետականորեն խրախուսվող ջարդերի պատճառով նաև հարյուր հազարավոր հայեր ունեզրկվեցին, դարձան փախստական: Այդ քաղաքականության հետևանքով երբեմնի հայաբնակ, սակայն հայաթափված Նախիջևանում միտումնավոր և հանցավոր կերպով ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը: Նախիջևանի օրինակով այժմ սպառնում է նաև Արցախին:
Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության կողմից հայության դեմ իրականացրած իր ոճրագործությունների չդատապարտման հանգամանքից և իրավական քննության բացակայության փաստից, ավելի մեծ թափով է լծվել հայատյաց, հայահալած քաղաքականության իրականացմանը: Ներկայումս իրավիճակը ծայրահեղ ծանր է»,- ասված է հայտարարության մեջ։
Ելնելով վերոգրյալից՝ միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից և գործընկեր պետություններից փախստականները և բռնի տեղահանվածները պահանջում են.
Մշակել և ձեռնարկել գործուն քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ապաշրջափակել Արցախն ու դադարեցնել հումանիտար աղետը և իրագործել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացրած որոշումը,
Աջակցել բոլոր հայ փախստականների ու բռնի տեղահանվածների արժանապատիվ և ապահով ինքնակամ վերադարձի իրավունքի իրացմանը, մշակել վերադարձի և այնտեղ նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում նրանց ինքնության անվտանգությունը բոլոր երաշխիքներով ապահովելու մեխանիզմներ,
Ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանների հայկական մշակութային ժառանգության կոթողների անվտանգ և անվնաս գոյությունը,
Ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ փախստականների և նրանց ժառանգների համար կորցրած ունեցվածքի դիմաց Ադրբեջանի կողմից փոխհատուցում տրամադրելու համար և պարտադրել Ադրբեջանին կատարել իր այդ պարտավորությունը,
Քաղաքական գործընթացներին զուգահեռ նախանձախնդրորեն հետամուտ լինել մարդասիրական խնդիրների արագ և անխոչընդոտ կարգավորմանը։