Փաշինյանին հեռացնելու միակ ձևը

Նախընտրական շրջանում ամեն ինչ կա ու շատ, բացի ազնվությունից ու ճշմարտությունից: Ավելացող պաթոսի հետ ազնվությունը նվաղում է, ճշմարտությունը՝ դառնում անպարկեշտորեն բացակա:

Անազնվության ու անճշմարտության մրցավազքում հաղթում են բոլորը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն: Պարտվողը, ինչպես միշտ, հասարակությունն է, պարտության հաշիվն էլ՝ էլի ինչպես միշտ, փակվում է՝ պետության, արդեն՝ պետությունից մնացած փշրանքների հաշվին:

Մարդկանց հանդեպ ազնվության հոգեհանգիստն այս օրերին տեղի է ունենում իշխանությունների կողմից ջախջախիչ հաղթանակ տանելու վստահության ու ընդդիմությունների կողմից իշխանությանը նույնպիսի ջախջախիչ պարտության մատնելու խոստումների արանքում ընկած միջակայքում:

Երկու խոստումների միաժամանակյա իրականանալիության անհնարինությունը պարզ մարդկանց ստիպում է ազնիվ գտնվել առնվազն քաղաքականությունից ունեցած զզվանքի հարցում, ինչն ազնիվ լինելով հանդերձ՝ անպատասխանատու ու հակաքաղաքացիական դիրքորոշում է: Պետությունն ազնվության հետ հաշիվները մաքրածների հոշոտմանը թողնելու իմաստով:

Կարդացեք նաև

Եվ խնդիրը միայն պարզ մարդկանց հետ անազնվության այլասերված չափաբաժինը չէ, որ հորդում է քաղաքականությամբ զբաղվողների շուրթերից ու տեխնոլոգիական այլ ելուստներից: Այդ մարդկանց բավական մեծ մասն ինքնախաբեությամբ զբաղված հավատում է, որ սեփական ելույթների լիրիկականությունն ու ազգային թվալու ռաբիս փորձն իշխանությանը մատնելու է ինքնապարտության:

Այսինքն՝ շատերն անազնիվ են ոչ թե ստորաբար, այլ սեփական անձի հետ անազնիվ լինելուց սուբլիմացվող հանրային անազնվության բերումով: Բայց դա արդարացում չէ, որովհետև անմեղսունակությունը քաղաքականության մեջ չի կարող որպես մեղմացուցիչ հանգամանք վաճառվել: Թեև վաճառվում է նաև քաղաքականության գնորդների անազնիվ լինելու բերումով:

Բայց անկախ դրդապատճառներից, անազնիվ քաղաքականությունը՝ երկիր փրկելու խոստումներով, առանձնապես տղամարդավարի զբաղմունք չէ: Եվ անազնվության՝ արդեն իսկ անկասելի ընթացքը կասեցնելու միայն մեկ հնարավորություն կա, որին կարող են դիմել բոլոր ընդդիմությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած:

Ընտրություններին մասնակցում են  բազմաթիվ կուսակցություններ, սակայն հիմնական հավակնորդները, ՔՊ-ին հանած, երեք-չորսն են: Բոլորը հայտարարում են, որ ընտրություններին մասնակցում են ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար՝ զուգահեռաբար, միանգամայն արդարացիորեն ավելացնելով, որ հակառակ դեպքում Հայաստանը դատապարտված է երաշխավորված կործանման:

Մինչև այս պահն ազնվության հետ նոմինալ խնդիր չկա: Բայց դա կարող է ազնվության հետ աղերս ունենալ միայն մի դեպքում՝ եթե բոլոր ընդդիմադիր ուժերի ցուցակների՝ բոլոր, առանց բացառության բոլոր անդամները հրապարակավ ստորագրեն հայտարարություն այն մասին, որ եթե ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո չհեռացվեն իշխանությունից, իրենք բոլորը, առանց բացառության բոլորը՝ վերցնելու են ոչ թե պատգամավորական մանդատները, այլ մինչև անվերապահ իշխանափոխություն փողոցում մնալու համար անհրաժեշտ պարագաները՝ պայմանական ուսապարկի մեջ տեղավորվող:

Միայն այդ դեպքում հասարակությունն ամեն օրվա հետ պետությունը ճշմարտություն բռնաբարողներին թողնելու փոխարեն՝ կարող է գնալ նրանց հետևից, ովքեր գործնականում ցույց կտան, որ իրենց նպատակը ոչ թե մանդատն է, այլ ՔՊ-ին մանդատից զրկելը:

Հակառակ դեպքում՝ մարդիկ են հավաքելու իրենց ոչ թե ուսապարկերը, այլ արտագաղթի ճամպրուկները՝ հեռանալու համար վայրեր, որտեղ էլի ազնվություն չկա, բայց գոնե խաբողները սեփական ազգակիցները չեն: Եվ խաբվողներին փրկելու հաշվին չեն փորձում տեղավորվել այն իշխանության ծալքերում, որի դեմ պայքարի պերֆորմանսներ են կազմակերպում հատկապես ընտրություններից առաջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930