30-ամյա կապանցին առանձնակի դաժանությամբ սպանել է հորեղբորը
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում ՝ շարժառիթը:
Այս մասին հայտնում են ՀՀ Քնչական կոմիտեից:
«Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կապան քաղաքի 30-ամյա բնակիչը նույն քաղաքում բնակվող 52-ամյա հորեղբոր կողմից իր և իր հոր հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների շարժառիթով, նրան առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, նախ կոտրել է նրա ձախ ձեռքի մատները, այնուհետև տարբեր իրերով և առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Այնուհետև, երբ տուժողը մահամերձ վիճակում պառկած է եղել անկողնում, կրակայրիչով մի քանի տեղից այրել է վերմակը, որից 10-15 րոպե անց մարել է այն:
Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում ստացած բաց բութ գանգուղեղային վնասվածքը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Կապան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: