Արմեն Աշոտյանի ներկայությունը խանգարում է այս թափթփուկներին. ուժեղ մարդ է, չի լռելու. Աղվան Վարդանյան
«Որ այս իշխանության ձեռագիրը չի փոխվել ու չի փոխվելու՝ ակնհայտ է՝ շոուներ և դավաճանական գործողություններ Հայաստանի ազգային պետական շահերի հաշվին: Արմեն Աշոտյանը ուժեղ տղամարդ է, բացառիկ ազգային, պետական գործիչ, և իր ներկայությունը, բնական է, խանգարում է այս թափթփուկներին: Իրենց մտածողությամբ, իրենց պատկերացմամբ՝ Հայաստանում ուժեղ մարդիկ պետք է չլինեն, ազգային պետական մարդիկ պետք է չլինեն, իրենց թանին թթու ասողներ չլինեն, բայց ես կարծում եմ՝ սա հերթական ձախողված գործողությունն է լինելու»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա վստահ է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարված գործ է. «Այս կարված գործը, որն արդեն ամիսներ շարունակվում է, հարյուրավոր մարդկանց են քչփորել սրանք իրենց ձեռնասուն քննչական կոմիտեներով, որևէ լուրջ բան անհնար է, որ գտնեն: Այն հաղորդագրությունը, որ իբր խախտել է չնչին մի բան, վկայում է, որ հերթական շոուն է, ուժեղ մարդկանց լռեցնելու հերթական փորձն է, թող հանգիստ լինեն, ուժեղ մարդիկ չեն լռելու, և սա վերջ ունենալու է»:
Ավելի վաղ Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ։ Այսօր նա նշեց, որ իր նշած այդ 100 մարդկանց մեջ կա նաև Արմեն Աշոտյանի անունը:
Նա նկատեց՝ Արմեն Աշոտյանն այն եզակի մարդկանցից է, որն արտաքին աշխարհում ներկայացնում էր Հայաստանի, Արցախի շահերը, ուներ կապեր միջազգային ասպարեզում. «Այս պայմաններում եթե այս իշխանությունը գնում է նման քայլի, այսինքն՝ փոխանակ այս կարգի մարդկանց առավելագույնը դրսևորվելու հնարավորություն տան, ոչ թե փակեն, թույլ չտան երկրից բացակայել, որպեսզի հայկական շահը պաշտպանվի նաև արտաքին աշխարհում, անում են հակառակը: Բնականաբար, վախեցած, թուլամորթ մարդիկ են սրանք, բայց ամեն բան վերջ ունի: Սա քաղաքական պատվեր է, իսկ քաղաքական պատվեր Հայաստանում ո՞վ է տալիս՝ մեկ մարդ»:
168.am-ը հետաքրքրվեց՝ ասում է՝ վերջ կլինի, ե՞րբ սպասել վերջին:
«Մեզանից է կախված»,- ի պատասխան՝ ասաց Աղվան Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում