«Տղաս հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված, բայց պավեստկա են ուղարկել». Սևանի բնակչուհին ահազանգում է

Սևանի բնակիչ Համեստ Հախումյանը 168.am-ի խմբագրություն է ահազանգել՝ տեղեկացնելով, որ հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված որդուն զորակոչի ծանուցում է եկել:

«Տղաս հոգեկան առողջության կենտրոնում գրանցված է, անկետա ունի, դեղեր է ստանում, բայց պավեստկա են ուղարկել: Միակ հույսս, որ Զինվորական հավաքակայանում բուժզննություն անեն և չտանեն»,- 168.am-ի հետ զրույցում հուզմունքով պատմեց Համեստ Հախումյանը:

168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է տիկին Համեստի ընտանիքին.  միայնակ մայրը իր չորս երեխաների հետ բնակվում էր Սևանի Ցամաքաբերդ թաղամասում՝ բնակիչներից մեկի գոմում, ծայրահեղ վատ պայմաններում:

Կարդացեք նաև

Այսօր արդեն տիկին Համեստն ու նրա ընտանիքը՝ 4 զավակներն ու դստեր երկու անչափահաս երեխաները, հանրակացարանի մի փոքրիկ սենյակում են, ինչպես ինքն է նշում՝ «խոնավ ու նամշած սենյակում»:

Անչափահաս տղան ևս առողջական խնդիրներ ունի:

«12 տարեկան տղաս գիշերները վեր է թռչում, ագրեսիվ է, դեղեր է ստանում: Չգիտեմ՝ ինչ անեմ, ուր գնամ, ում դիմեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը ևս վիրահատված է, դժվարությամբ է աշխատում, ու այս պահին բացառապես անչափահաս երեխայի նպաստի հույսին են:

Դեռևս 2019 թ. մեզ հետ զրույցում Համեստ Հախումյանը պատմել էր. «Բոլորը գիտեն, թե ես ինչ տանջանքով եմ աշխատում իմ երեխեքի համար, զուգարան էլ եմ մաքրում, որ երկու կոպեկ փող առնեմ: Գնում եմ աբլիպիխա եմ քաշքաշ բերում, որ հաց առնենք:

Օր ա լինում` առանց կոշիկ, առանց հագուստ, առանց ուտելու են գնում դպրոց: Հիմա մի կերպ աբլիպիխա եմ բերում, որ սննդի, գրքերի փողը տամ: Շատ ժամանակ մութ տեղ եմ անցկացրել, մոմերը վառած, սոված-ծարավ:

Էսօր պիտի ցամաք հաց ուտենք. մակարոնի եղածն ի՞նչ ա, որ իմ տանը չկա, որ մի պուճուր սարքեմ, իմ երեխեն ուտի: Մենակ մայր, ո՞նց անեմ ես, ո՞ւմ դիմեմ»:

Տիկին Համեստի հեռախոսահամարն է՝ 094458582:

Տեսանյութեր

Լրահոս