«Փոքրիկ թոռնիկներս՝ երկու և մեկ տարեկան, իմ տանն են բնակվում». Համեստ Հախումյանը նորից հանրության աջակցության կարիքն ունի
168.am-ի խմբագրություն է դիմել Սևանի բնակիչ Համեստ Հախումյանը:
Հիշեցնենք՝ մենք մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք տիկին Համեստի ընտանիքին: Նա միայնակ մայր է. Դեռ երկու տարի առաջ իր չորս երեխաների հետ բնակվում էր Սևանի Ցամաքաբերդ թաղամասում՝ ծայրահեղ վատ պայմաններում: Այն ժամանակ 4 զավակներից երկուսը դպրոցահասակ էին:
«Օր ա լինում` առանց կոշիկ, առանց հագուստ, առանց ուտելու են գնում դպրոց: Հիմա մի կերպ աբլիպիխա եմ բերում, որ սննդի, գրքերի փողը տամ: Շատ ժամանակ մութ տեղ եմ անցկացրել, մոմերը վառած, սոված-ծարավ: Էսօր պիտի ցամաք հաց ուտենք. մակարոնի եղածն ի՞նչ ա, որ իմ տանը չկա, որ մի պուճուր սարքեմ, իմ երեխեն ուտի: Մենակ մայր, ո՞նց անեմ ես, ո՞ւմ դիմեմ»,- մեր նկարահանող խմբին պատմել էր Համեստ Հախումյանը՝ նշելով, որ, թեև տարբեր տեղերից փոքր նյութական օգնություն ստացել է, բայց տուն ունենալը դեռ երազանք է մնացել:
Տիկին Համեստն այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ էլ վարձով է բնակվում. «Բնակարանի վարձը 25 հազար դրամ է»: Չնայած բազմաթիվ հոգսերին ու խնդիրներին՝ արդեն պետք է հոգ տանի նաև դստեր ու նրա անչափահաս երեխաների մասին: «Ավտովթարից փեսաս է մահացել, փոքրիկ թոռնիկներս՝ երկու և մեկ տարեկան, իմ տանն են բնակվում»,- պատմեց Համեստ Հախումյանը: Նա հավելեց, որ այս պահին ցանկացած չափի աջակցություն իրենց շատ անհրաժեշտ է:
Տիկին Համեստի հեռախոսահամարն է՝ 094458582: