Կարծում եմ՝ առաջնայինը խաղաղության օրակարգն է, մեր կառավարությունը գնում է այդ քաղաքականության հետևից, ինչը փաստ չի, որ մեզ մոտ կստացվի. Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանը մեր ընկալմամբ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, և մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար, և եթե հնարավոր է՝ այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլև՝ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության` ինստիտուցիոնալ երկխոսություն ձևավորելու միջոցով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 1989թ. ՀՀ գերագույն խորհուրդը և ԼՂ մարզային կամ ազգային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂ-ի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ: 1990թ. Հայաստանն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով այդ որոշմանը, իսկ 1991թ. ԼՂ-ն հայտարարել է անկախություն:
«Ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը: Տարբերակ առաջին՝ ՀՀ-ից, եթե այո, ապա Գերագույն խորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե՞ չէ: Եթե խախտվել է, ապա ինչո՞ւ խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել: Եթե Ադրբեջանից, ապա մարզխորհրդի որոշումը, Անկախության հռչակագիրը խախտվե՞լ է, թե՞ չէ, որովհետև, եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում: 1995թ. ՀՀ-ն ընդունել է Սահմանադրություն՝ հանրաքվեով, 1996, 1997թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերա՞զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ-ի անկախության հարցում մենք բարեկամներ չունենք, և ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ: Գերագույն խորհրդի որոշումը, Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե՞ չէ: 1998թ. տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, և ՀՀ-ն բանակցային գործընթացից դուրս է թողել ԼՂ-ին, որից հետո որպես բանակցությունների հիմք՝ ընդունվել է ընդհանուր պետություն տարբերակը, որտեղ արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղն ինչ-որ տիպի միավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հետո քննարկվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման բանակցային փաթեթը՝ Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ԼՂ-ն ստանալը: Սա Սահմանադրության խախտո՞ւմ է, թե՞ չէ: Հետո ընդունվել են Մադրիդյան սկզբունքները, որի անկյունաքարային դրույթներից մեկն այն է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով: Հարց՝ Սահմանադրությունը, 1989թ. որոշումը խախտվե՞լ է, թե՞ ոչ: Եթե անցյալում հանրաքվե է եղել ու կարգավիճակը ճշգրտվել է, ապա ապագայում ի՞նչ հանրաքվե»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ հիմա պատրաստվում են Արցախի վրա վերջնական խաչ քաշել, նա արձագանքեց. «Կտրականապես համաձայն չեմ, որ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի վրա խաչ ենք քաշում: Բանակցային բովանդակությունը հո չի՞ ցնդել: Կարծում եմ՝ առաջնայինը խաղաղության օրակարգն է, որովհետև դա է բխում ՀՀ և հայ ժողովրդի շահերից: Մեր կառավարությունը գնում է այդ քաղաքականության հետևից, ինչը, փաստ չի, որ մեզ մոտ կստացվի»: