«Հանդիպում՝ հանդիպման համար»․ ի՞նչ է սպասվում մայիսի 19-ին Մոսկվայում Լավրովի, Միրզոյանի ու Բայրամովի միջև

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն Արևմուտքի հովանու ներքո եռում է։ Մայիսի 1-ից Վաշինգտոնում նախարարական քառօրյա բանակցություններին հաջորդեց օրերս մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Սակայն Արևմուտքը սրանով չի բավարարվում և գործի է դրել իր ողջ արսենալը։

Մինչ ռուսական կողմը՝ ի դեմս ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, հայտարարում է, որ ՌԴ նախագահը չի պլանավորում շփումներ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, Արևմուտքը ծրագրել է ևս 3 բարձրաստիճան հանդիպում, որոնցից առաջինը՝ Քիշնևում, երկրորդը՝ Բրյուսելում, երրորդը՝ Գրանադայում։ Այս ընթացքում Ռուսաստանին հաջողվել է ընդամենը մեկ նախարարական հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել, որը կկայանա մայիսի 19-ին Մոսկվայում Լավրով-Միրզոյան-Բայրամով ձևաչափով։ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն օրերս տված ճեպազրույցում չհստակեցրեց Մոսկվայում սպասվող բանակցությունների օրակարգը, նշելով, որ քննարկվելու են օրակարգի բոլոր հարցերը։

Սրան զուգահեռ՝ պահպանվում է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը․ հայկական կողմը հայտարարում է անվտանգության երաշխիքների փնտրտուքի մասին, այն մասին, որ Ռուսաստանին վճարել է սպառազինության մատակարարման համար, սակայն չի ստացել, չի ընդունում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ՀՀ տարածքում տեղակայելու ՀԱՊԿ առաջարկը, իսկ ՌԴ-ն մեղադրում է հայկական կողմին ՀԱՊԿ առաջարկները մերժելու մեջ, ինչպես նաև հայտարարում, ակնարկում, որ Հայաստանն արևմտյան վեկտոր է որդեգրում, Արևմուտքից ազդակներ ստանում ՀՀ-ից «ռուսներին, ռուս սահմանապահներին քշելու» և «ռուսական ռազմաբազան հանելու» վերաբերյալ։

Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ «ռուսներին դուրս մղել» իր տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը, բացահայտ սադրանք է համարում։ «Ես գիտեմ, որ հայերին, մենք նման տեղեկություններ ունենք, ասում են, ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք Ձեր տարածքից, սահմանապահներին ևս, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգություն։ Բացահայտ սադրանք։ Սա դիվանագիտություն չէ»,- նշել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Կարդացեք նաև

Այս ֆոնին ի՞նչ հեռանկար ունի ՌԴ նախաձեռնությունը և միջնորդությունը, «168 Ժամը» քննարկեց վերլուծաբանների հետ։

Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Փաշինյանն ու Ալիևն ընտրել են Արևմուտքի միջամտությամբ բանակցելու տարբերակը։

Ըստ նրա, թեև բանակցային գործընթացը կարող է ամեն պահի փոխել իր աշխարհագրությունը կամ ընդհանրապես դադարել, սակայն հստակ փաստն այն է, որ ռուսական միջնորդությունը չունի հավանություն, կամ որպես այլընտրանք՝ պահվում է արևմտյան հարթակում բացասական անակնկալների դեպքում օգտագործելու համար։ Վերլուծաբանի խոսքով, հասկանալի էր, թե ինչու Ադրբեջանը ցանկացավ բանակցել Արևմուտքում, որի օրակարգում ԼՂ կարգավիճակի հարց չկար, և ՌԴ փաթեթից Ադրբեջանը խուսափեց հենց այդ գործոնի պատճառով, իսկ թե ինչու Հայաստանը համաձայնեց դրան, անհասկանալի է։

«Մայիսի 19-ին կհանդիպեն, ինչ-որ հարցեր կքննարկեն, բայց, կարծում եմ՝ պատահական չէ, որ Արևմուտքը նախանշել է բարձր մակարդակով հանդիպումների շարք, որոնց ընթացքում պետք է վերջնականացվեն բոլոր կարևոր հարցերը։ Այս ֆոնին ի՞նչ պետք է քննարկեն Մոսկվայում, կողմերը պետք է ՌԴ-ին տեղեկացնեն, թե ի՞նչ են բանակցել Վաշինգտոնում և Բրյուսելում: Ինչպես Փաշինյանը չմերժեց Պուտինին և մասնակցեց զորահանդեսին օրերս, այնպես էլ սպասվող հանդիպումը տեղի կունենա, բայց այն բովանդակային մեծ նշանակություն, ըստ իս, չի ունենա։ Հարավային Կովկասում տեղի է ունենում աշխարհաքաղաքական երկարաշարժ, փոփոխություններ կան՝ ինչպես հայ-ռուսական, ադրբեջանառուսական հարաբերություններում, այնպես էլ՝ ռուս-վրացական հարաբերություններում։

Ընդհանուր առմամբ այս գործընթացում ՌԴ դիվանագիտությունը բավականին պասիվ դիրքորոշում է որդեգրել ռեսուրսների բացակայության պատճառով, իսկ Արևմուտքը գրոհում է մի քանի կողմից՝ Բլինքեն, Մակրոն, Միշել, Շոլց, և հաջողում, քանի որ կողմերին ևս այդ օրակարգը հետաքրքիր է։ Ինչպես ասացի, հասկանալիորեն Ադրբեջանը չցանկացավ ռուսական առաջարկն ընդունել, բայց ՀՀ-ն ևս ոգևորությամբ ընդունեց Արևմուտքի առաջարկը, որում որևէ կերպ չի դիտարկվում ԼՂ կարգավիճակի հարցը։ Սա է իրողությունը։ Եթե սա ձեռնտու է Հայաստանին, ապա Ռուսաստանն ավելի շատ ջանքեր պետք է ներդնի այս հարցի համար, իր համար այս բարդ օրերի ընթացքում։ Կարծում եմ՝ ոչ»,- ասաց նա։

Իր հերթին ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ անընդհատ դժգոհությունները ՌԴ-ից, այս անգամ էլ՝ սպառազինություն չմատակարարելու թեմայով, նշանակում է, որ ՌԴ-ից նույնիսկ միջնորդական ակնկալիքներ չկան և սպասվող հանդիպումը հանդիպում է՝ հանդիպման համար։

Սկակովի կարծիքով, հասկանալով ստեղծված իրավիճակը, Ռուսաստանը կփորձի ինչ-որ օրակարգ սահմանել այս բանակցությունների համար, գուցե դա լինի իրավիճակը սահմանին, քանի որ, չնայած եվրոպական դիտորդների ներկայությանը, պարբերաբար կա փոխհրաձգություն, զոհեր, վիրավորներ։

«Կարծում եմ՝ պարբերաբար ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ՌԴ առաջարկը ևս պատահական չէ, սակայն այդ առաջարկը հատկապես հիմա չի ընդունվի, քանի որ խնդիր է դրված արդեն իսկ առկա ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասից դուրս բերել և ոչ թե ավելացնել։ Ռուսաստանի ունեցած խնդիրների ֆոնին սա մանրուք է թվում։ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր հարաբերությունները չի վատթարացնում Ռուսաստանի հետ, համագործակցությունը պահպանվում է ավելի կառուցողական, քան Հայաստանի հետ, որտեղից անընդհատ պաշտոնական դժգոհություններ են ուղղվում պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանին։

Զարգացումների տարբեր սցենարների դեպքում ՌԴ-ն ունի իր տարբերակները, և եթե Հայաստանն ընտրում է այլ ճանապարհ, թող ընտրի, հատկապես, երբ նույնիսկ կարևոր չէ ԼՂ ապագան և կարևոր էլ չէ, թե ապագայում Արևմուտքը ինչպիսին է լինելու ռեգիոնում։ Իսկապես Հայաստանի հետ հարաբերությունների թեման չնչին խնդիր է Ռուսաստանի համար։ եթե Հայաստանում վստահ են իրենց որոշման մեջ, ռեգիոնում կան անվտանգության ավելի լավ մատակարարներ, սպառազինության ավելի լավ մատակարարներ կտեսնենք ժամանակի ընթացքում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս