Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի վրա․ Մարուքյանի արձագանքը՝ Վեդանտ Պատելի հայտարարությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, ով Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիան բնութագրել է որպես փոխհրաձգություն։
Մարուքյանը նշել է, որ Հայաստանի Սոթք գյուղի մերձակայքում մայիսի 11-ին տեղի ունեցած բախումները փոխհրաձգություն չէին, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի դեմ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Պատելը նշել էր, որ նման բախումները խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանը և Ադրբեջանը հասել են տևական և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ: Նա նաև կոչ էր արել կողմերին սահմանի երկայնքով հետ քաշել իրենց ուժերը: Իր ճեպազրույցի տեսանյութին կից գրառման մեջ Վեդանտ Պատելը Սոթքի մոտ տեղի ունեցած հարձակումը բնութագրել էր որպես փոխհրաձգություն:
«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի կողմից հերթական չհրահրված հարձակումը, որը հայտնի է ԻՊ-ի ոճով մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։ Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից», -«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։