Բաժիններ՝

Ինչպե՞ս շնորհակալ լինեմ իմ հավատի համար

«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ, և այն կտեղափոխվի. և ոչինչ ձեզ համար անհնար չի լինի» (Մատթեոս 17:19):

Անձրևոտ ու ցուրտ օր է Երևանում, սիրտս կոտրված է ինձ համար շատ կարևոր ու հարազատ մարդու հետ խորը անհամաձայնությունների և ունեցած վեճի պատճառով։ Վատատես եմ ու լավատես չեմ։ Չեմ սիրում ինձ այսպիսին, բայց գիտեմ, որ հենց այսպիսին էլ եմ սիրված Աստծուց, ուստի վերցնում եմ կոտրված սրտիս փշրանքներն ու գնում Աստծո տուն։ Այնտեղ պսակադրության արարողություն է՝ համեստ, քիչ հյուրերով։ Երեխաներն իրենց սովորության համաձայն վազվզում են եկեղեցու տարածքում, իսկ ես նստարանին նստած ուղղակի արտասվում եմ՝ նայելով ինչպես է մի ընտանիք երկնքից օրհնվում։ Աղոթքներս մոռացել եմ, միայն Տիրոջ ներկայությունն եմ ուզում զգալ։ Ուզում եմ իմանալ, որ երբեք մենակ չեմ դժվարություններիս մեջ: Մենակ չեմ այն ամբողջ անորոշության մեջ, որ սպասվում է ինձ։ Որ թեև բաց ծովում եմ՝ ընդամենը մի փայտի կտորին հենված, բայց հենց այդ փայտի կտորն Աստծո ձեռքերում է։ Սա՛ եմ ուզում իմանալ, սրանում եմ ուզում համոզված լինել։

Սեփական խեղճությանս հետ անհարմար նստած եմ, շարունակում եմ արտասվել, երբ հանկարծ մի փոքրիկ երեխա՝ ձեռքին շոկոլադ, մոտենում է ինձ ու շոկոլադն ինձ մեկնում։

Չեմ էլ զգում՝ ինչպես եմ անկախ ինձնից ժպտում։ Չէի սպասում։ Այսքան դառը օրը ու մի կտոր շոկոլադ՝ երեխայի ձեռքով, Աստծո տանը, օրհնված ընտանիքի շնորհակալությունն առ ներկաներ։ Տե՛ր իմ, բոլորին իրենց հավատի չափով ես տալիս։ Ինչպե՞ս շնորհակալ լինեմ իմ հավատի համար, որը ոչ մի օր չի ընդհատվել, չի փոքրացել։ Ինչպե՞ս շնորհակալ լինեմ, որ ինձ հետ ես օրերիս սկզբից, ինձ հետ է հավատս միշտ։ Ու թեև երբեմն փշրվում եմ վատատես դառնալու, ծնված լինելս չսիրելու, ապագայի ոչ մի հույս չունենալու չափ, բայց հավատս միշտ անսասան է մնում, միշտ գալիս եմ դեպի Քեզ, դեպի Քո մեծ գիրկը․․․

Կարդացեք նաև

Արևային ջերմ օր է Երևանում։ Գնում եմ մոտակա խանութ՝ մթերքներ գնելու։ Երջանիկ եմ, որովհետև ամեն բան իր տեղն է ընկել, մտերիմիս հետ հարաբերություններն ամոքվել են, խնդիրներ դեռ կան, բայց դրանք չեն սևացնում ներսս, օրս։ Սովորական օր է, բայց սիրտս լցված է ողջ լինելու բերկրանքով, ուստի քայլում եմ դեպի Աստծո տուն, իմ սիրած տուն։ Այս եկեղեցում եմ մկրտվել, այստեղ եմ վազել իմ ուրախ ու տխուր օրերին, այստեղ հազար անգամ մխիթարություն եմ գտել, այստեղ եմ վաստակել իմ առաջին հոնորարը՝ գրովս, այստեղ ոգեշնչվել եմ ստեղծագործելու, այստեղ եմ հուսահատությանս դեմ լույս գտել։

Հիմա էլ նստած եմ իմ սիրած եկեղեցում՝ խորանի առաջ։ Արևի լույսն ուղիղ վրաս է ընկել։ Ջերմ եմ։ Հանկարծ հասկանում եմ, որ ուրիշ ոչ մի տեղ այս աշխարհում այսքան ընդունված ինձ չեմ զգացել, այսքան տանը, այսքան իմ տեղում։ Ոչ մի ուրիշ տեղ մարդիկ այսքան իմը չեն, իմ ընտանիքը չեն։ Այդ օրը Տերն ինձ ցույց տվեց իմ կապը այլ, անծանոթ մարդկանց հետ։ Ես տեսա, որ մենք բոլորս մեկ ենք՝ անկախ ամեն-ամեն ինչից։ Տեսա, որ մենք բոլորս նույն աղբյուրով ենք սնվում, մեզ բոլորիս նույն Շունչն է կենդանի դարձրել, տեսա, որ մենք բոլորս նույն ցավերն ու տագնապներն ունենք, նույն հույսերը, նույն հավատը, նույն սերը։ Ու լաց եղա՝ առանց արցունքների՝ այս անգամ։

Շնորհակալության զգացումից այն ամենի համար, ինչ Տերը ցույց տվեց ինձ մի քանի րոպեների մեջ։ Հասկացա, որ մի առաքելություն ունեմ՝ լույս բերելու մարդկանց կյանք, այն լույսը, որն այդքան առատորեն կա իմ կյանքում, որն այդքան շռայլորեն տրված է ինձ։ Ում շատ է տրված, նրանից շատ էլ սպասվում է։

Ես շրջապատված եմ հրաշալի մարդկանցով, զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով, առողջ եմ, պինդ եմ՝ նույնիսկ կոտրված տեղերում, և հավատս, հավատս շատ է, անսասան, ամուր, թրծված։ Ու թե կարողանամ մարդկանց լայն սրտով ապրելու, ստեղծելու և ստեղծագործելու, շնորհակալ լինելու լույսը փոխանցել, ուրեմն ոչինչ ի զուր չի անցել, ուրեմն արժանի եմ ինձ տրված հավատին ու Շնչին՝ ապրելու այս կյանքը՝ կոտրված ու նորից ամրացած սրտով, Աստծո մեծ ընտանիքի մարդկանց հետ՝ ինձնից տարբեր ու ինձ նման, ապրելու արևոտ ու անձրևոտ օրեր, վատատեսությամբ, բայց ավելի հաճախ՝ լավատեսությամբ, ընկնելով ու բարձրանալով, ներված լինելով, սիրված լինելով, սիրով։ Կյանքը՝ որպես բաց ծով, ես դրանում մեն-մի տախտակի հենված՝ հավատի՛ս հենված։ Հավատս՝ Աստծո մեծ ափերի մեջ։

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս