Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ պարզաբանում է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարծում է, որ ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ: Այս համոզումը նա հայտնեց Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով 168.amի հարցադրումներին:

Իսկ 168.am-ը մասնավորապես նկատել էր, որ օրվա իշխանությունները պարբերաբար խոսում են խաղաղության օրակարգի մասին, ինչը վերջնակետում ենթադրում է հրաժարում Արցախից, ապա հետաքրքրվել, թե ՀԱԵ՝ որպես ազգապահպան ինստիտուտ, ինչպե՞ս կհակազդի, եթե իշխանությունները որոշեն կնքել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը:

Վեհափառ Հայրապետն ի պատասխան՝ նշեց նաև, որ «խաղաղության պայմանագրի» հոդվածներին ծանոթ չեն, և այդ առումով կարծիք հայտնել չի կարող:

«Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը, ի գին ամեն զոհողության, պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մեր հաջորդ հարցադրմանն ի պատասխան էլ՝ Գարեգին Երկրորդը նկատեց. «Մենք հայրական հորդոր ենք ուղղել, և այն ժամանակով չի սահմանափակվում»:

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի և խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական պատգամի փոխանցման համար,- մանրամասնեց ՀԱԵ առաջնորդը՝ հավելելով,- Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ, նաև Արցախի կարգավիճակի հետ առնչվող սխալ և անընդունելի արտահայտություններ են հնչում։ Մտահոգիչ է նաև մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, և այս իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով: Եվ այս խնդիրն առաջնահերթ խնդիր պետք է դիտարկենք յուրաքանչյուրս մեզ համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս