Կիմ Չեն Ընը հանձնարարել է այս ամիս ռազմական հետախուզական արբանյակ արձակել ուղեծիր
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանձնարարել է ապրիլին պատրաստվել առաջին ռազմական հետախուզական արբանյակի արձակմանը, ինչպես և պլանավորված էր:
Անցած երեքշաբթի օրը տիեզերական զարգացման գործակալություն կատարած այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել էր տիեզերքի յուրացման կարևորությունը որպես «առանցքային» գործոն, որը երկիրը համաշխարհային մակարդակով առաջատար կդարձնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, գիտությունը և տեխնոլոգիաները:
Ինչպես նշում է Կորեայի պետական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընը կարևորել է հետախուզական արբանյակի պլանավորված արձակումն ու շահագործումը որպես «առաջնահերթություն»՝ հաշվի առնելով անվտանգության բնագավառում տիրող իրադրությունը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Փհենյանը հայտարարել էր, որ անցկացրել է ռազմական հետախուզական արբանյակի մշակման գծով փորձարկումների «վերջնական փուլը», և որ այն ուղեծիր դուրս կբերվի ապրիլին:
Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան նշել է արբանյակների մշակման համար պատասխանատու Ավիատիեզերական զարգացման ազգային վարչության հիմնադրման 10-ամյակը: