ԱՄՆ դեսպանն այդպես էլ չպատասխանեց, թե ինչո՞ւ Օբաման մինչ օրս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին

 Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների և դրանց արդյունքում ծավալված զարգացումների կապակցությամբ «168 Ժամը» մի քանի հարցեր ուղարկեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:

 

– Պարոն Հեֆերն, ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի և ԵԽ ԽՎ-ի դիտորդները, չնայած մի շարք ակնհայտ խախտումներին` ընտրակաշառք, ուռճացված ցուցակներ, լցոնումներ և դրանց վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին, արդեն ընտրությունները գնահատել են դրական: «ՀՀ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»,- ասված  ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գնահատականում:   Սակայն հասարակության կողմից նման գնահատականը մեծամասամբ ընդունվեց որպես քաղաքական, իսկ մի շարք ակտիվիստներ նույնիսկ բողոքի ակցիա իրականացրեցին դիտորդների ասուլիսի վայրում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում նախագահական ընտրությունները և դրանց արդյունքները:

– Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված և առանձնանում էին հիմնարար ազատությունների, այդ թվում` հանրահավաքների ու խոսքի ազատության նկատմամբ հարգանքով: Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), որը Եվրոպայում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող առաջատար կազմակերպություն է, գտնում է, որ ԶԼՄ-ները հարգել են հավասարակշռված լուսաբանում ապահովելու իրենց իրավական պարտականությունը, և բոլոր թեկնածուներն օգտվել են իրենց անվճար եթերային ժամանակից: Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի այս դրական գնահատականը:

Միաժամանակ, մենք կիսում ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները պետական վարչարարական համակարգում անկողմնակալության բացակայության և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, ինչը թույլ չի տվել հստակորեն սահմանազատել պետության և իշխող կուսակցության գործողությունները թե նախընտրական շրջանում, թե քվեարկության օրը: Մենք համամիտ ենք այն դիտարկումներին, որ քվեարկության օրը խաղաղ էր, սակայն արձանագրվել են նաև գործընթացին անհարկի միջամտության դեպքեր, հիմնականում` գործող նախագահի վստահված անձանց կողմից, և որոշ լուրջ խախտումներ, այդ թվում` ընտրողների վրա ճնշման դեպքեր:

Հետընտրական շրջանում Միացյալ Նահանգները և Հայաստանի մյուս միջազգային գործընկերները  կշարունակեն հետևել ընտրությունների հետ կապված բողոքների ու խախտումների դիտարկման ընթացքին: Մենք կոչ ենք անում իրավապահներին` հետաքննել ընտրական խախտումների մասին արժանահավատ հաղորդագրությունները և ձեռնարկել համապատասխան միջոցներ, իսկ կողմերին կոչ ենք անում հետընտրական ժամանակահատվածում պահպանել հանգստություն և ցուցաբերել զսպվածություն իրենց գործողություններում:

– Օրերս համացանցում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Դուք փետրվարի 19-ին  հորդորել եք ՀՀ գործող իշխանություններին, որ վերջիններս չկոծկեն ընտրախախտումների ողջ շարանը և քաղաքական որոշում կայացնեն` գնալ ընտրությունների երկրորդ փուլ: Սակայն  իշխանությունները մերժել են Ձեր այս առաջարկը` նշելով, որ ընտրախախտումներ եղել են, սակայն ազդեցություն չեն թողել ընտրական արդյունքների վրա: «Իր հերթին` դեսպանն ակնարկել է, որ փոխզիջումների չգնալու դեպքում ՀՀ իշխանություններին լուրջ պրոբլեմներ են սպասվելու ապագայում` նույնիսկ կանխատեսելով, որ արդեն «կաղ բադ՚»դարձած Սերժ Սարգսյանը, հնարավոր է, իր այս ողջ ժամկետը չկարողանա կառավարել: Իշխանությունները դեսպանի այս խոսքերը ընկալել են որպես սպառնալիք»,- նշված է աղբյուրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:

– Պատմությունը և իբրև իմ կողմից վարած խոսակցությունները հերյուրանք են:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընտրություններից հետո սկսված մասսայական բողոքի ցույցերը և հանրահավաքները, և, ըստ Ձեզ, դա ինչի՞ հետևանք է:

– Թե այս, թե նախորդ ընտրությունների ժամանակ մենք հանդես ենք եկել բոլոր թեկնածուների ու կուսակցությունների համար խաղի հավասար պայմանների ապահովման դիրքերից` առանց սատարելու կամ դիրքորոշում հայտնելու ներգրավված խաղացողներից որևէ մեկի վերաբերյալ: Մենք ողջունում ենք այն փաստը, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների թեկնածուները վարեցին ակտիվ քարոզարշավ` դրսևորելով հարգանք  միմյանց հանդեպ և զսպվածություն: Ուրախալի է նաև տեսնել, որ հետընտրական հանրահավաքների մասնակիցներն իրենց նկատառումները ներկայացնում են խաղաղ և օրինապահ կերպով: Ոստիկանությունը ևս հանրահավաքների ընթացքում գործում է արհեստավարժ և զուսպ կերպով:

Ինչպես բոլորիս հայտնի է, պրն Հովհաննիսյանն ընտրությունների նախնական արդյունքները պաշտոնապես բողոքարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, և ներկայումս բողոքը սահմանված կարգով դիտարկվում է: Մենք հարգում ենք Հայաստանի օրենքները և կարծում ենք, որ պետք է սպասել գործընթացի ավարտին:

Հ.Գ. – ԱՄՆ դեսպանն այդպես էլ չի պատասխանել առավել կարևոր երկու հարցերին, որոնցից առաջինում մենք հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դեռևս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ` ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և շատ այլ երկրների ղեկավարների: Մենք հարցրել էինք, թե ո՞րն է դրա պատճառը, միգուցե այն, որ լիբերալ արժեքներ դավանող Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի՞ ցանկալի նախագահ կարող է լինել ԱՄՆ-ի համար:

Իսկ երկրորդ հարցով փորձել էինք ճշտել, թե արդյո՞ք Ջոն Հեֆերնն ընտրություններից հետո հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն այս հարցը նույնպես մնաց անպատասխան:

Տեսանյութեր

Լրահոս