Տրվել են հանձնարարություններ, բայց դրանք ձախողել են. Փաշինյանը՝ 4 զինվորի զոհվելու դեպքի մասին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ինքը և հանրությունը ուզում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ գնահատական տա Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած միջադեպին։

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ձեզ պետք է անկեղծ ասեմ, որ երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որ ես տալիս եմ ինքս ինձ,  հետևյալն է՝ թե ես ինչն այնպես չեմ արել։ Դա նաև այդ դեպքերից է, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն, այսինքն՝ ինչ-որ մի բան կարող է ուղղակի «կոնտրոլից» դուրս գալ։ Բայց կոնկրետ այդ իրավիճակային դեպքերից է, որ կանխատեսելի է, կանխատեսվել է և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, խնդիրներն եմ առաջադրել և այլն, և այդպես շարունակ։ Իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Առնվազն ինձ համար միանշանակ է, որ մենք այստեղ էլ պետք է քննենք և հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու է այդպես տեղի ունեցել։

Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է  ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի։ Այդ սցենարի շրջանակներում կոնկրետ մարդկանց տրվել են կոնկրետ հանձնարարականներ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է։ Իհարկե, սրան պետք է հետևեն և վարչական որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, նաև պետք է ավելի խորը քննենք և հասկանանք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս