ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բրայզան՝ ադրբեջանական նավթային և հեռահաղորդակցական ընկերության տնօրենների խորհրդի անդամ

2019թ. դեկտեմբերին ադրբեջանական Bakcell բջջային օպերատորը «ՄՏՍ» ՓԲԸ-ից գնել է հեռահաղորդակցության բիզնես Ուկրաինայում։ Ռուսական ընկերությունն այն ժամանակ Bakcell կառույցի՝ Telco Solutions and Investments-ի հետ պաշտոնապես ստորագրեց ուկրաինական հեռահաղորդակցական բիզնեսի վաճառքի իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր։ Ադրբեջանցի գնորդին ձեռքբերումն արժեցել է 734 մլն դոլար։ Իր հերթին՝ Bakcell ընկերությունը հանդիսանում է NEQSOL Holding International Group Of Companies (ադրբեջանական մասնակցությամբ) միջազգային խոշոր կազմակերպության մաս, որի կազմում են նաև Nobel energy, Nobel upstream (նավթավերամշակման գործարաններ), Vodafone Ukraine (բջջային հաղորդակցություն), NORM (ցեմենտի արտադրության խոշորագույն գործարան) ընկերությունները: Կորպորացիայի հիմնադիրն ու սեփականատերը Նասիբ Հասանովն է, որին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գաղտնի «նավթային բարոն» են անվանել: Եվ իսկապես, Հասանովը բացարձակապես ոչ հրապարակային ֆիգուր է, նա երբեք հարցազրույցներ չի տալիս, ԶԼՄ-ների հետ շփվում է բացառապես իր օգնականների միջոցով։ NEQSOL Holding-ում պնդում են՝ նա «կապված չէ քաղաքական կառույցների, առանձին քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև երբեք չի եղել պետական ծառայության մեջ»: Այնուամենայնիվ, Հասանովը հայտնի է Ադրբեջանի բիզնես շրջանակներում և այն երկրներում, որտեղ նրա հոլդինգը բիզնես գործունեություն է ծավալում: Նավթագազային ոլորտում աշխատող ընկերությունների հետ կապված Հասանովի տեղեկություններն ու մեկնաբանությունները հասանելի են հանրային տիրույթում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համապատասխան գրանցամատյաններում, որտեղ գրանցված են հոլդինգի ընկերությունները:

Հասանովն ակտիվորեն գնում է Անդրկովկասի տարածաշրջանային ինտերնետ-հաղորդակցությունները։ Այսպես, 2021թ. մարտին նա դարձավ Caucasus Online պրովայդերի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը, որը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա ընթացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև ինտերնետ տրաֆիկի խոշորագույն ալիքն է (բաժնետոմսերի 49%-ն ադրբեջանական ընկերության ձեռքն է անցել դեռևս 2019-ին)։

Հետաքննությունից հետո լրագրողները եկել են այն եզրակացության, որ Հասանովը կարող է կեղծ ֆիգուր լինել, իսկ NEQSOL կորպորացիան վերահսկվում է Ալիևի թիկնազորի պետ Բեյլար Էյուբովի կողմից։ Ավելի վաղ 69-ամյա Էյուբովը, ծնունդով Հայկական ԽՍՀ-ից, նախիջևանցի քուրդ էր, ղեկավարում էր իր հայրենակից, երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անձնական պաշտպանությունը: Հենց այդ պատճառով էլ անհիմն չէ հետաքննողների կարծիքն այն մասին, որ NEQSOL Holding-ի վերջնական շահառուն Ադրբեջանի նախագահի ընտանիքն է։

Հոլդինգի, նրա կառուցվածքի, շրջանառության և Ադրբեջանի ներսում գործերի վիճակի մասին քիչ բան է հայտնի, հատկապես այն պատճառով, որ կորպորացիան գործեր է վարում հիմնականում արտասահմանյան երկրներում: Հայտնի է, որ neqsol Holding-ի կազմում նավթագազային խմբի մեջ մտնող ընկերությունները բավականին հաջողությամբ գործող համատեղ ձեռնարկություններ են ստեղծել այնպիսի միջազգային ընկերությունների հետ, ինչպիսիք են KSA Deutag-ը (բրիտանական ընկերություն, որը գտնվում է Աբերդինում), Wood Group-ը (բրիտանական անդրազգային ինժեներական և խորհրդատվական ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է նույն Աբերդինում):

Հայտնի է, որ NEQSOL Holding-ը հիմնադրվել է 1990-ականներին։ Բացի հեռահաղորդակցական բիզնեսից, այն ունի շինարարական ակտիվներ և նավթի և գազի արդյունահանման ձեռնարկություններ, որոնք գրանցված են Մեծ Բրիտանիայում, բայց հիմնականում գործում են Կասպյան տարածաշրջանում: NEQSOL-ը պետական նավթային SOCAR («հովանոցային» ընկերություն-SOCAR AQS) ընկերության գործընկերն է։ Nobel upstream և NEQSOL ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Պետդեպարտամենտի նախկին կադրային աշխատակից, 2000-ականներին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

NEQSOL-ի և ռուսական ՄՏՍ-ի միջև գործարքը ձևակերպելիս լրագրողները պարզել են, որ Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն համապատասխան հայտ է ստացել «ՍԻ-Տելեկոմ Հոլդինգ» ՍՊԸ-ից (Կիև), որի համասեփականատերերն են, ըստ պետական ռեգիստրի տվյալների, 40-ական տոկոս բաժնեմասով ոմն Հասանովներ Արտյոմ և Ռամիզ Նասիբ օղլիները, որոնցից մեկը գրանցված է նույն հասցեում, ինչ Նասիբ Հասանովը (ամենայն հավանականությամբ, նա նրանց հայրն է): Եվս 20 տոկոսի սեփականատերը Յուսիֆ Ջաբարովն է, ում անուն-ազգանունը համընկնում է NEQSOL Holding-ի համահիմնադրի անուն-ազգանվան հետ։

Այն բանից հետո, երբ ձեռք բերելով խոշոր Ուկրաինական հեռահաղորդակցության շուկան, NEQSOL սկսեց կենտրոնանալ ոչ միայն նավթային արդյունաբերության (առաջատար), բայց արդեն կապի ոլորտում. ինչպես նշվեց վերևում, 2021-ին Հասանովը ձեռք է բերել Caucasus Online ինտերնետ կապի վրացական մայրուղային ալիքի (պրովայդերի) բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Գործարքի արդյունքում նա դարձել է վրացական խոշորագույն հեռահաղորդակցական կառույցի 100 տոկոսանոց սեփականատերը։ Այլ կերպ ասած, վրացական ինտերնետի մեծ մասն այժմ գտնվում է ադրբեջանցի գործարարի ձեռքում։ Ընկերության ձեռքբերման հետ կապված նույնպես սկանդալ առաջացավ, քանի որ վերջին պահին Վրաստանի կառավարությունը փորձեց հրաժարվել NEQSOL ընկերության կառուցվածքը վաճառելուց, և միայն Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի հետ խորհրդակցելուց հետո (և վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցի միջոցով նրա հրապարակային կոչից) գործարքը հաջողվեց ավարտել:

Ի դեպ, այս դեպքը դարձավ այն պատճառներից մեկը, որ Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրենքում և նոր կանոններ սահմանեց կոմունիկացիոն ընկերությունների համար: Մասնավոր հատվածը դեմ է արտահայտվել փոփոխություններին, և Վրաստանի խորհրդարանում բուռն լսումների արդյունքում նախագծում փոփոխություններ են մտցվել, իսկ հատուկ վարչակազմի իրավունքները, որը հաղորդակցության հանձնաժողովը կարող է նշանակել ընկերություններում կառավարման համար, սահմանափակվել են: «Թվային մետաքսի ճանապարհ» նախագծին մերձկասպյան հանրապետությունն ինտեգրելու ավելի հավակնոտ ծրագրեր կան, որը ենթադրում է «Մետաքսի ճանապարհին» հարակից քաղաքների և բնակավայրերի ապահովում 5G ինտերնետ ցանցերով, նոր մալուխների, արբանյակների, անլար ցանցերի միացում և այլն:

2019 թվականից Ադրբեջանի և Ղազախստանի միջև մալուխների անցկացման աշխատանքներ են իրականացվում, այնուհետև՝ Թուրքմենստան։ Բաքվում ներկայացվել է Azerbaijan Digital Hub ծրագիրը, թվային կենտրոնների ստեղծման ծրագրեր կան, ինչը թույլ կտա երկիրը վերածել տարածաշրջանի «թվային» կենտրոնի։

Իր Vodafone ընկերության միջոցով NEQSOL-ը ակտիվ գործունեություն է ծավալում նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում։ Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ընկերությունը 2022թ. դեկտեմբերի դրությամբ ակտիվորեն ձեռք է բերում (այդ թվում՝ վարձակալում) Ուկրաինայի տարբեր մարզերում (հիմնականում՝ Կիևի, Օդեսայի, Լվովի մարզերում) խոշորագույն բջջային աշտարակները։ Այս մասին բացահայտ չի խոսվում, սակայն չի բացառվում, որ դա արվել է ռազմական գործողությունների ընթացքում երկրում բջջային կապի կայունության նպատակով, քանի որ 2022թ. մարտից ընկերությունը սկսել է մատչելի պայմաններով ռոումինգ ծառայություն մատուցել Ուկրաինայի իր հաճախորդներին։

Ներկայումս այս ծառայությունն ընդգրկում է աշխարհի շուրջ 30 երկիր: Աշտարակների վրա տեղադրված են հատուկ տեխնիկական սարքավորումներ, որոնք կարող են ակնթարթորեն ազդանշաններ փոխանցել (աշխատում է մաքուր ձայնի  VolTE տեխնոլոգիան) և տեղեկություններ փոխանակել, այդ թվում՝ ռազմական նշանակության: Այս ուղղությունը վերահսկում է Ուկրաինայի քաղաքացի Վասիլի Լացանիչը՝ NEQSOL-ի հեռահաղորդակցման ղեկավարը:

Մինչ ադրբեջանական կորպորացիային միանալը նա աշխատել է որպես ռուսական «Բիլայն» կապի օպերատորի գլխավոր տնօրեն, եղել է Նիդեռլանդական Veon հեռահաղորդակցական ընկերության փոխնախագահը, ինչպես նաև զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ռուսական «ՄՏՍ» ընկերությունում, այդ թվում՝ որպես «ՄՏՍ Գրուպ»-ում ռազմավարության, մարքետինգի և թվային զարգացման գծով փոխնախագահ: Իրականում, Լացանիչը տեղյակ է Ուկրաինայում նախկինում ՄՏՍ-ին պատկանող բջջային կայանների և աշտարակների տեխնիկական բնութագրերին: Նա նաև վերահսկում է հեռահաղորդակցության սարքավորումների և այլ ուկրաինական ընկերությունների աշտարակների գնումը, որոնք տեղակայված են Զելենսկու ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Հայտնի է՝ չնայած Կիևում և մի շարք մարզերում աշտարակների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի այլ օբյեկտների ոչնչացման առանձին փորձերին, ընդհանուր առմամբ, այն հաջողությամբ գործում է, ինչի կապակցությամբ տարբեր դիտորդներ և ռազմական փորձագետներ պարբերաբար տարակուսանքով բարձրացնում են իրենց հոնքերը: Մինչդեռ, ինչպես հայտնի է, բիզնեսը (իսկ մեր դեպքում՝ ադրբեջանաբրիտանական) սահմաններ չի ճանաչում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի հեռանկարային ուղղություններին, ինչպիսիք են հաղորդակցությունն ու էներգետիկան…

Դանիիլ Արկադևիչ

Աղբյուրը՝ NEQSOL Holding расправляет плечи: Грузия, Украина… Далее везде? | Военно-политическая аналитика (vpoanalytics.com)

Թարգմանությունը՝ Գ.Մ.

Տեսանյութեր

Լրահոս