«Կենդանաբանական այգին խղճուկ վիճակում է»
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը պատմում է այգու խնդիրների մասին
Լյովա Հակոբյանը Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակից է: Այգում աշխատել է ընդմիջումներով: Առաջին անգամ այնտեղ աշխատանքի է անցել 1968 թվականին: 2011 թվականից կրկին սկսել է աշխատել այգում, այնուհետև իր դիմումի համաձայն` ազատվել է աշխատանքից: «168 Ժամի» հետ զրույցում նա պատմել է իր` աշխատանքից ազատվելու պատճառների և Կենդանաբանական այգու խնդիրների մասին:
– Դուք նախորդ տարվա հունիսի 28-ին սեփական դիմումի համաձայն` ազատվել եք աշխատանքից: Ի՞նչն էր դիմում ներկայացնելու պատճառը:
– Վայ այդ դիմումինգ Դիմում տալը չի նշանակում, որ հաճույքով գնացել, դիմում եմ գրել: Ստեղծել են անելանելի պայմաններ, երբ դիմում ներկայացնելուց բացի`այլևս ոչինչ անել չի մնում:
– Ասացիք, որ ստեղծել են անելանելի պայմաններ, երբ ազատման դիմում ներկայացնելուց բացի`այլ բան չէիք կարող անել: Ո՞վ է նման պայմաններ ստեղծել և ի՞նչ պայմանների մասին է խոսքը:
– Այդպիսի պայմաններ է ստեղծել այգու ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Այնպիսի անտանելի վիճակ էր, երբ այլևս հնար չունես: Ես հո այնտեղ չէի՞ մնալու ու ամեն օր կռիվ անեի: Ես երեխա չեմ, ես իր խելքին չեմ ընկնի: Իր հոր ընկերը իմ ընկերն է: Նա գիտի, որ ես տառապում են Կենդանաբանական այգով, այդ իսկ պատճառով 2011-ին առաջարկեց այնտեղ աշխատել: Սկզբում չհամաձայնեցի, որովհետև շատ դառը բաներ եմ տեսել: Ինչքան տնօրեն եկել է, կա՛մ փող ուտող պետք է լիներ, կա՛մ գռփելու նպատակ պետք է ունենար: Ոչ մեկը Կենդանաբանական այգու համար չէր ցավում այնպես, ինչպես պետք է, բացառությամբ մի քանի հոգու: Հետո համաձայնեցի աշխատել այգում: Ռուբեն Խաչատրյանը ինձ շատ լավ ընդունեց: Աշխատանքի անցա վիվարիումում (այն վայրը, որտեղ որպես գիշատիչ կենդանիների և թռչունների կերային բազա արտադրվում է ծովախոզուկ, առնետ, մուկ, ճագար): Տնօրենի գիտությամբ` որոշեցի փոքր ծովախոզուկներին փոխանակել սեռահասունների հետ, որոնք արագ կբազմանային: Մի անգամ երկու ծովախոզուկներին դուրս տանելիս պահակապետն ասաց, որ պետք է դրա մասին զեկուցի տնօրենին: Զեկուցելուց հետո տնօրենն ինձ ասաց, որ նման բաներ անել պետք չէ: Հաջորդ օրը փոխտնօրենը` Մանուկ Մանուկյանը, ինձ իր մոտ է կանչում ու ասում, որ ինձ գողություն անելիս է բռնացրել: Տնօրենն ասաց, որ այս անգամ ինձ ներում է, բայց մյուս անգամ նման բան չպետք է կրկնվի: Ես տնօրենին ասացի, որ նա տեղյակ է եղել ծովախոզուկներն փոխանակելու մասին, որին ի պատասխան` Ռուբեն Խաչատրյանն ասաց` հո մինչև կյանքիդ վերջը չե՞ս փոխանակելու: Դրանից հետո մոտ վեց ամիս նման խոսակցություն չի եղել: Ժողովների ընթացքում փոխտնօրենն ասում էր, որ վիվարիումը պետք է փակի: Դե, արդեն վիվարիումը կարգի էի բերել, էլ նրանց պետք չէիգ Փոխտնօրեին` Մանուկ Մանուկյանին, թվում էր, թե ես եկել էի իր պաշտոնը գրավելու, դրա համար էլ ուզում էր փակել վիվարիումը: Նա վիվարիումը չէր ուզում փակել, Լյովային էր ուզում փակել (խոսքն իր մասին է.- Օ.Հ.): Տեսավ, որ ես չեմ նյարդայնանում, կռիվ չեմ անում: Մի ուրիշ օր էլ Ռուբեն Խաչատրյանը կանչեց իր մոտ: Հարցուփորձ արեց վիվարիումի մասին: Ասաց, որ իր մոտ կորցրել եմ վստահությունը, իր մոտ կանչեց այգու մի քանի աշխատակիցներին, բոլորը մի քանի րոպեի ընթացքում գալիս էին, հասնում իր մոտ: Այնպիսի տպավորություն էր, որ բեմադրված ներկայացում էր: Դրանով տնօրենը համարեց, որ ապացուցել է, որ գողություն եմ արել: Նաև ինձ զրպարտեց, որ գինովցած եմ: Փորձաքննությունը ցույց տվեց, որ նման բան չկա: Դրանից հետո հաստատ որոշեցի դիմում գրել: Տնօրենի աչքերը փայլեցին ուրախությունից, երբ ազատմանս դիմումը տվեցի:
– Ի՞նչ վիճակում էր վիվարիումն այն ժամանակ, երբ աշխատանքի անցաք:
– Լքված մի անկյուն էր, բառի բուն իմաստով` կեղտի ու առնետանոցի մեջ կորած: Առնետները վխտում էին այնտեղ: Սանիտարական առումով դա անթույլատրելի է, որովհետև վարակի առաջին աղբյուրն առնետները, ճնճղուկներն ու ճանճերն են: Նախ, այդ սենյակը կարգավորեցի: Ես տնօրենին բացատրեցի, որ այստեղ արտադրվող կենդանիներին կենդանի, լիարժեք կեր է անհրաժեշտ: Բնության մեջ կենդանին օգտագործում է արյունը, ոսկորը, բոլոր բաղադրիչները: Էշի լեշերը որ տալիս էին, դա լիարժեք սնունդ չէ: Ես ամեն ինչ անում էի, որ տնտեսեի: Առնետներին ընդհանրապես միս չի տրվում, բայց այգում շաբաթական 33 կգ միս էր հատկացվում, ամսական ստացվում է մոտ 120 կգ: Այդ միսը փող արժե: Ինչո՞ւ անիմաստ տեղն այդ միսը տալ մի կենդանու, որը դրա կեսը չի ուտում: Պարզ է, որ այդտեղից փողի հոտ է գալիս: Բացի այդ, միսը եփելուց հետո շատ քիչ միս էի ստանում: Երբ այդ մասին ասացի տնօրենին, նա ասաց, որ անեմ` ինչպես գիտեմ: Առաջարկեցի այգու բաց տարածքների մի մասում գազար, բազուկ, դդում ցանել: Մոտ 8 տոննա կեր կաճեր: Դրանով կարելի է մի ամբողջ տարի կենդանիներին կերակրել:
– Չընդունեցի՞ն Ձեր առաջարկը:
– Ո՛չ: Ոչ մի բան էլ չարվեց: Ասում եմ` նա (խոսքը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մասին է.- Օ.Հ.) շատ լավ շոումեն է: Ես դեմ չեմ դրան, դա էլ է պետք Կենդանաբանական այգում` ավելի շատ այցելուներ ունենալու համար: Բայց այցելուները գալիս-գնում են, իսկ այգին` մնում է: Եթե մարդը գալիս է կենդանիներ տեսնելու, և նրան խաբում ես միայն պաղպաղակով` նա փոշմանում է, որ եկել է: Եթե ոչինչ չի փոխվում, ապա մարդիկ դժգոհ հեռանում են:
– Այնուամենայնիվ, Դուք աշխատել եք այգում` տարբեր տնօրենների օրոք: Ներկայիս տնօրենի գործունեության դրական քայլեր կմատնանշե՞ք:
– Նա նախ` կարգավորեց զուգարանը, որը շատ կարևոր է: Այդ զուգարանը մի կեղտի կույտ էր, որ միշտ սարսափելի վիճակում է եղել: Զուգարան էր, որին մոտ գնալ հնարավոր չէր: Այդ պատճառով` ամբողջ տարածքը զուգարան էր դարձել: Տնօրենը դա շատ լավ վերանորոգեց: Բացի այդ, նա այգու տարածքները գազիֆիկացրեց:
– Իսկ բացասական ի՞նչ քայլեր կընդգծեք:
– Ներկայիս տնօրենը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում այգու աշխատակազմի նկատմամբ: Նա, բոլորին սուտ խոստումներ տալով, աշխատեցնում է: Իր փոխարինողի կապրիզներով էլ մեկն արտոնյալ է, մեկը` համբալ: Աշխատանքը հավասարաչափ չի բաշխվում: Նա քանդում է Կենդանաբանական այգին: Եթե այս կերպ շարունակվի, մեր Կենդանաբանական այգին կդառնա Մոնումենտի նման զբոսայգի, որտեղ կլինի պաղպաղակ, կարուսել, ես չգիտեմ` ինչ: Տնօրենը հայտարարում է, որ փղեր է բերելու: Այգին այդքան տարածք չունի: Նա չի հասկանում` փղին որքան տարածք է պետք: Փղերն ապրում են տոհմով, որը վեցից պակաս չպիտի լինի: Եթե այդ .վեց փղերի համար տարածք վերցվի, ապա մեր Կենդանաբանական այգու կեսը կվերջանա: Հո չի՞ կարող երկու տեսակ կենդանի պահել:
– Այդ դեպքում ի՞նչ վիճակում է այգու փիղը:
– Իմ կարծիքով` այդ փիղը ողբալի վիճակում է: Նա հիվանդ է: Նրա ատամը բորբոքված է, ու տակը թարախ է հավաքված: Նրան բուժելը շատ թանկ հաճույք է`25 հազար դոլար արժե:
– Վերջերս, երբ Կենդանաբանական այգում կենդանիները միմյանց հոշոտեցին, շները խեղդեցին մուֆլոններին, այգու տնօրենը նշեց, որ վանդակները լավը չեն, որի հետևանքով էլ նման դեպքեր են արձանագրվում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Դա արդարանալու ձև չէ: Այդ կենդանուն պահողը չի՞ հասկանում, որ վանդակը լավը չէ: Այդքան անիմաստ փող թափելու տեղը թող դրա վրա գումար ծախսեին: Մուֆլոններին հոշոտելու դեպքը անփութության հետևանք է:
– Նաև կարծիք էր շրջանառվում, որ այգում որոշ կենդանիներ սովից են սատկել: Նման բան հնարավո՞ր է:
– Չէ՛, դրան համաձայն չեմ: ճիշտ է` անազատության պայմաններում կենդանին լիարժեք սնունդ չի կարող ստանալ, բայց, որ սովից սատկի` դա հնարավոր չէ: Այստեղ կենդանու զբաղվածության խնդիր կա, քանի որ նա որս անել չի կարող: Մեծ տարածք ունեցող այգիներում, օրինակ, կարող են ձի բաց թողնել կենդանու մոտ, այդ դեպքում` նա որսը կատարում է բնական ձևով, և նրա հոգեբանությունը մնում է տեղում:
– Այժմ այգում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
– Ամբողջը խնդիր է այնտեղ: Առաջին խնդիրը` ճիշտ մասնագետներ ներգրավելն է: Ինչ լավ քայլեր որ արվել են, չպետք է կորցնել: Այգին այժմ խղճուկ վիճակում է: