Կոնկրետ որևէ ուղղությա՞բ են գնալու նվիրաբերվող ավտոբուսները. Էռնեստ Ավանեսով
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նոր ներկրված թվով 150 Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսների շահագործումը ավագանու որոշմամբ հանձնվեց «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը զեկուցող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանին հարցրեց, թե նախատեսվա՞ծ է, որ ուղղությամբ են գնալու ավտոբուսները, թե՞ դեռ չկա նման հաշվարկ: Ավագանու անդամը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ նորություն կա տրոլեյբուսների հետ կապված:
Վիլեն Արևշատյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ այս պահի դրությամբ շահագործվում է 29 շարժակազմ, որի մեջ ընդգրկված է 359 տրանսպորտային միջոց.
«Տրոլեյբուսների հետ կապված էլ, գնման պրոցեսն ընթացքում է»:
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ ապրիլի 3-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ տրանսպորտային ռեֆորմի ընթացքը, իհարկե, ավտոբուսի գնումներով չի ավարտվում:
«Մենք ունենք դեռևս միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը: Այս տարվա ընթացքում ամբողջ շարժակազմերում պետք է ունենանք միասնական տոմսային համակարգ: Ունենք առանձնացված գծերի խնդիրը: Որոշ փողոցներում ավտոբուսների համար կտեսնենք առանձնացված գծեր, որոնք նախատեսված են լինելու հանրային տրանսպորտի համար: Ունենք միասնական կառավարման կենտրոնի ստեղծման խնդիրը: Այս տարվանից սկսած այդ պրոցեսներն ընթանալու են: 250 «Հայգեր» ավտոբուսներ էլեկտրոավտոբուսներով են փոխարինվելու, բայց հավելյալ շարժակազմի կարիք դեռ լինելու է»,- նշեց Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ միասնական տոմսային համակարգի փորձնական ներդրումն իրականացվելու է մոտավորապես մեկ ամսից, տարբեր խմբերի համար մշակվելու է զեղչային համակարգ:



