Սերբիայի 63-րդ դեսանտային էլիտար բրիգադը վարժանքներ է անցկացրել Ադրբեջանի Հատուկ նշանակության ուժերի հետ
Վերջին օրերին մենք հայտնել ենք Ադրբեջանի բանակի տարբեր ստորաբաժանումների հարձակողական զորավարժությունների մասին:
Նախ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական թռիչքներ, որի ժամանակ Ադրբեջանը կործանիչ և գրոհիչներ է օդ հանել, թիրախների հայտնաբերման և խոցման կարողություններ են ստուգվել:
Ավելի ուշ հայտնել ենք, որ երկրի բանակի Ցամաքային զորքերի մասնակցությամբ են լայնամասշտաբ զորավարժություններ տեղի ունեցել, որին ներգրավված են եղել «Կոմանդո» հատուկ նշանակության, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաև` մատակարարման հատվածը։
Այս դեպքում էլ կատարվել են զորքերը մարտական պատրաստվածության բերելու, անձնակազմը և տեխնիկան երկաթուղով փոխադրելու, ավտոմոբիլային ճանապարհներով զորամասերը մեծ հեռավորություններ տեղափոխելու առաջադրանքներ, այդ թվում՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում:
Բացի այս, խաղարկվել են նաև օպերատիվ և մարտական շրջանների, պաշտպանական գծերի գրավման դրվագներ, և այլն:
Եվ հիմա գրեթե նույն ժամանակահատվածում Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սերբիայի զինված ուժերի 63-րդ օդադեսանտային բրիգադը, որը էլիտար ստորաբաժանում է համարվում, վայրի բնության պայմաններում վարժանքներ է անցկացրել Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հետ: Այսինքն, սերբերն ադրբեջանցիներին սովորեցրել են ապրել և ողջ մնալ ջրի և սննդի մատարարարման հետ կապված դժվար պայմաններում, կատարել կոնկրետ առաջադրանքներ, մասնավորապես, կարողանալ թաքնված մնալ և աննկատ տեղաշարժվել վայրի բնության պայմաններում:
Սերբիայում կազմակերպված վարժանքի մասնակիցներին այցելել է անգամ երկրի ԶՈւ ԳՇ պետ Միլան Մոյսիլովիչը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի դեպքում լուրջ դերակատարում են ունեցել Հատուկ նշանակության ուժերը՝ գեներալ Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ, որն ավելի ուշ նշանակվեց Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ինչը տեղավորվում է Ալիևի՝ երկրի զինված ուժերի հզորացման, հատուկ նշանակության ուժերի զարգացման տեսլականի տրամաբանության մեջ:
Եվ ինչպես Ալիևը խոստացել էր, պատերազմից հետո իր երկրի բանակում հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվն ավելացվել է, և նրանք պարբերաբար տարբեր երկկողմ մարզումների և միջազգային ու համատեղ զորավարժությունների են մասնակցում: Մինչդեռ մեր Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնը հուլիսի 1-ից թափուր է:
Իսկ Ադրբեջանը Սերբիայի հետ, ինչպես տարբեր առիթներով գրել ենք, ռազմական ամուր համագործակցություն ունի տարբեր ուղղություններով:
Հիշեցնենք, որ Սերբիայի կողմից Ադրբեջանին 48 Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանքի մատակարարման պայմանավորվածությունը:
Բնականաբար, Ադրբեջան-Սերբիա հարաբերություններում կարևոր գործոն է գազային թեման: Իսկ ժամանակին Սերբիայից ինչ-ինչ զենք-զինամթերք ստացել է նաև Հայաստանը, ինչի առիթով, բնականաբար, Բաքուն դժգոհության ալիք բարձրացրել է:

