Առաջիկա բանակցությունները՝ Վաշինգտոնո՞ւմ. ՀՀ իշխանությունները՝ արևմտյան միջնորդի փնտրտուքներում

Արևմուտքը և վերջին շրջանում հատկապես ԱՄՆ-ը շարունակում է խոշորացույցի տակ պահել Երևան-Բաքու գործընթացը, այդ թվում՝ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ հավակնելով դառնալ, այսպես կոչված, առցանց բանակցային գործընթացի գլխավոր հովանավորը կամ միջնորդը: Մարտի 20-ին Փաշինյան-Բլինքեն, այնուհետև Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցներից, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կոնգրեսում աղմկահարույց ելույթից հետո կայացել է Դոնֆրիդ-Բայրամով հեռախոսազրույց:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը բրիֆինգի ժամանակ տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ: Ըստ նույն աղբյուրի՝ Դոնֆրիդն ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարցում: Նա ասել է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային նշանակություն ունի խնդիրը կարգավորելու և երկարատև խաղաղության հասնելու գործում: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք շարունակելու ենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին երկկողմ, մեր գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների միջոցով»,- հայտարարել է Պատելը:

Մարտի 23-ին ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին՝Է. Բլինքենն ասել էր, թե կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը:

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։

Կարդացեք նաև

Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել էր Բլինքենը՝ զուգահեռաբար ակնարկելով, որ հայկական կողմն է դիմել Պետքարտուղարությանը, որպեսզի վերջինս ավելի ակտիվ միջնորդական դիրքորոշում ստանձնի: «Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել՝ արդյո՞ք մենք կարող ենք օգնել նրանց հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը»,-ասել էր Բլինքենը:

Այս ելույթին հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը. «Լինելու է խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և այն հիմնվելու է բարձրագույն մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա պետք է չլինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»։ ԱՄՆ Պետքարտուղարությունը նույն հարթակում ողջունել էր այս գրառումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, մասնավորապես Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյան-Բլինքեն-Ալիև եռակողմ հանդիպումից հետո փետրվարի 23-ին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի արդեն նախկին խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, թե հույս ունենտեսնել, որ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում: Սակայն այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ:

Ավելին, մարտի 14-ի իր վերջին ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս պահին հանդիպում նախատեսված չէ: Նա նշեց, որ հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին երաշխիքներ: Շատ ուշագրավ կերպով Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց բրյուսելյան ձևաչափի վերաբերյալ, որոնց շուրջ ակտիվ քննարկումներ են եղել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ:

«Այդ քննարկումների արդյունքում և ընթացքում և դրանից էլ առաջ մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ: Խնդիրը հետևյալն է, որ մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել»,-ասաց նա՝ շարունակելով, որ բրյուսելյան ֆորմատի հետ կապվածտասնյակներով պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք չեն իրագործվել, ներառյալ՝ գերիների ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ.
«Կա երկրորդ նյուանսը. երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգը մեծանում է: Բայց Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլև ավելացնում են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո: Հիմա ո՞րն է մեր վերաբերմունքը. մենք ասում ենք՝ համաձայն ենք այդ ֆորմատով աշխատանքը շարունակելու համար, բայց եկեք, ուրեմն, այն, ինչ պայմանավորվել ենք, սկսենք կետ-կետ իրագործել: Եթե 10-ից ավելի պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանքներ կատարել: Այդ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- նշել էր Փաշինյանը:

Այդ նույն ասուլիսի ընթացքում նա նաև ասել էր, թե կարելի է շարունակել Պրահայի քառակողմ ֆորմատով, և եթե Ադրբեջանը դեմ է Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը, ապա հնարավոր է ընդլայնել ձևաչափը և ներառել, օրինակ, Գերմանիային, ԱՄՆ-ին:

Եվ, փաստորեն, դեկտեմբերին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ նախարարական հանդիպումից և մոսկովյան օրակարգի տապալումից, բանակցային բրյուսելյան հարթակի ձախողումից հետո ՀՀ իշխանությունները բանակցային նոր հարթակի փնտրտուքի մեջ են, ավելին, կողմնորոշվել են Վաշինգտոնի հարցում՝ դիմելով ամերիկյան կողմին առավել ակտիվ միջնորդության համար:

168.am-ի տեղեկությունների համաձայն, հենց այդ պատճառով նաև, թեև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է Փաշինյանի ու Ալիևի հետ, փորձելով շարունակել բրյուսելյան ձևաչափը, Մյունխենի Անվտանգային համաժողովից հետո Բրյուսելում նախատեսվող հանդիպումը չկայացավ:

Ըստ կրկին որոշ տեղեկությունների, բրյուսելյան հարթակն առաջիկայում չի գործի այնպես, ինչպես անցյալ տարվա ընթացքում, ավելին, բանակցային գործընթացում և հանդիպումներում ավելի ակտիվ կլինի Վաշինգտոնի դերակատարությունն ու մասնակցությունը՝ որպես հանդիպումներ կազմակերպող կողմ:

Սակայն խնդիրն այն է, որ ըստ մեզ հասած տեղեկությունների, Միացյալ Նահանգները, ում հետ մեծ հույսեր է կապում հատկապես պաշտոնական Երևանը, պատրաստ չէ այն ծավալով ներգրավվել Երևան-Բաքու բանակցային գործընթացում, ինչը կցանկանային ՀՀ իշխանությունները: Իսկ ՀՀ իշխանությունները դեռևս անցյալ տարվա երկրորդ կեսից շրջանառում էին, որ ՀՀ-ին հարկավոր է բանակցությունների երաշխավոր:

Այս ֆոնին հարկ է հիշեցնել Էդմոն Մարուքյանի 2022թ. հոկտեմբերի twitter-յան գրառումը, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների և Ադրբեջանի հետ ապագա տևական խաղաղության պայմանագրի կնքման համար.
«Հակառակ դեպքում անհնար է համաձայնության գալ մեկի հետ, որը ձեր գլխին զենք է պահում և չի հարգում որևէ պայմանավորվածություն»,- գրել էր Մարուքյանը:

Մարուքյանը միակը չէր, որ խոսում էր երաշխավորի մասին, ՀՀ իշխանություններն այդ փուլում ակտիվորեն շրջանառում էին բանակցային երաշխավորի թեման, և, փաստորեն, չստանալով որևէ արձագանք իրենց հայտարարությունների հնարավոր հասցեատիրոջից, ուղիղ դիմեցին Վաշինգտոնին:

Սակայն ԱՄՆ-ի, ի դեպ, հրապարակային դիրքորոշումն այն է, որ կողմերը ակտիվ պետք է բանակցեն ուղիղ՝ առանց միջնորդների, և միայն առանցքային հանգրվաններում ունենան հանդիպումներ միջնորդի մասնակցությամբ: Այնուամենայնիվ, արևմտյան հարթակում բանակցությունները լիովին չտապալելու և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի նպատակով առաջիկա հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վաշինգտոնում: Սակայն թե ի՞նչ ինտենսիվություն կունենա Վաշինգտոնի ներգրավվածությունը, ի՞նչ դիրքավորում կունենա Վաշինգտոնը, որը դիտարկում է Իրանի դեմ Ադրբեջանին զինելու ծրագիր, և սա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ի ու Արցախի շահերի վրա, խիստ կասկածելի է:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարտի 20-ին Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ զրույցում համաձայնել էր Լավրովի միջնորդությամբ նախարարական հանդիպման: Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարեց, որ հանդիպում, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առաջիկայում՝ դիտարկելով երեք նախարարների զբաղվածության գրաֆիկը:

Տեսանյութեր

Լրահոս