Իսրայելի նախագիծը Ադրբեջանի ձեռքով Իրանի դեմ Հայաստանի տարածքում կռվելն է. Արման Աբովյան
«Ադրբեջան-Իրան հարաբերությունների տրամաբանության մասով միաշերտ պատասխան չկա: Ադրբեջանը հանդիսանում է մի քանի տիրոջ ծառա: Կարելի է ասել՝ Թուրքիայի մասնիկ, Իսրայելի ուղղակի խամաճիկ: Իրենք նույնիսկ պարծենում են դրանով՝ ասելով, որ կարևորը՝ իրենց հարցերը լուծվում են»,- «Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ Իսրայելն իր համար գոյաբանական խնդիր է համարում Իրանի չեզոքացումը:
«Ադրբեջանն ու Իսրայելը հետապնդում են Իրանի նկատմամբ նույն քաղաքականությունը: Իսրայելն առանց վարանելու օգտագործում է Ադրբեջանին՝ Իրանին ուղիղ բախման մեջ մտցնելու համար: Կարճ ասած՝ Իսրայելի նախագծերից մեկը հանդիսանում է Ադրբեջանի ձեռքերով կռվելն Իրանի դեմ, Հայաստանի տարածքում: Խոսքը հարավային շրջանների մասին է: Բավական է ուսումնասիրել իսրայելական մամուլը և պարզ է դառնում մի շատ կարևոր հանգամանք. իսրայելցիները երկու հիմնական դրույթ են ընդգծում. առաջինն ընդգծում են, որ միշտ լինելու են Ադրբեջանի կողքին: Իսրայելն իրականում շատ մեծ խաղադրույք է դրել Ադրբեջանի վրա, որին կողմ է այդ երկիրը»,- նշեց Արման Աբովյանը:
Նա ընդգծեց՝ ամեն պետություն պետք է պաշտպանի իր շահերը:
«Եթե հրաժարվում ես պաշտպանել քո շահերը, աշխարհով մեկ բղավում ես՝ փրկեք իմ ժողովրդավարությունը, մարդիկ չեն կարողանում ոչ մի բան ասել: Ասում էինք՝ «խաղաղության դարաշրջանը» կռիվ է բերում, մի արեք, երեկ լսեցինք, որ ասաց՝ կռիվը եկավ մեր տուն: Արտաքին քաղաքականության ռիսկերը նվազեցնելու փոխարեն՝ ռիսկեր են գեներացնում»,- ասաց Արման Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում