Չպետք է հույսներս դնենք ՌԴ-ի, Իրանի կամ մեկ այլ արևմտյան գերտերության վրա, թե  թույլ չեն տալու թշնամուն օկուպացնել Սյունիքը կամ Գեղարքունիքը. Շիրազ Խաչատրյան

Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն է նկատվում, ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Իրանը թույլ չի տալիս ադրբեջանական բեռնատարներին մուտք գործել երկիր: Ադրբեջանն էլ հայտարարել է «իրանական լրտեսական ցանց» բացահայտելու մասին Իսկ 2022 թվականին Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կկապվի Իրանի տարածքով՝ Արաքս գետի վրայով կամուրջի կառուցմամբ՝ շրջանցելով Հայաստանը։

Ի՞նչ զարգացումներ սպասել տարածաշրջանում երկու երկրների միջև հարաբերությունների լարված վիճակից կամ առկա տարաձայնություններից:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Բնականաբար, երկու երկրների միջև եղած այդ տարաձայնությունները նոր չեն, հիմքում  գեոպոլիտիկ, նաև մշակութային, կրոնական գաղափարների շուրջ եղած խորքային տարաձայնություններն են։ Այժմ, երբ ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ Հարավային Կովկասում մեծ խաղացողների կողմից վերադասավորումների, ազդեցության գոտիների փոփոխման, հաստատման նոր ժամանակափուլ է սկսվել, այս պրոցեսներում փորձում է իր դերակատարումն ու խոսքն ասել նաև Ադրբեջան պետությունը։

Կարդացեք նաև

Խնդիրն այստեղ այն է, թե այս պարագայում որքանով է Ադրբեջանն իր «խաղն» անկախ խաղում։ Ըստ իս, Բաքուն իր ռազմական, նաև՝ լոգիստիկ ու էներգետիկ խնդիրները լուծելու համար մեծ պարտավորություններ ունի տարածաշրջանային մեծ խաղացողների առջև։

Եվ այժմ, երբ ծայրաստիճան լարված են Արևմուտք-Իսրայելի հարաբերություններն Իրանի հետ, տարածաշրջանում իսկական խառնաշփոթ է, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, Վրաստանում անկայունություններ են, Թուրքիայում՝ երկրաշարժ, տնտեսական ծանր հետևանքներ, մայիսին այնտեղ նաև ընտրություններ են, Ադրբեջանը շարունակում է իր սպառնալիքներն ու սադրանքները ՀՀ և Արցախի ուղղությամբ:

Իսկ այս ընդհանուր փազլի մեջ շարունակում է անշեղորեն ձևավորվել Չինաստան-Իրան-Ռուսաստան ռազմաքաղաքական առանցքը, տարածաշրջանային իրենց մեծ ծրագրերով հանդերձ, այդ առանցքը թուլացնելու, նրանց ծրագրերը խոչընդոտելու համար տարածաշրջանում Արևմուտքի կողմից տարբեր պրոցեսներ են գեներացվում։

Ամենաակտուալն Իրան-Իսրայել հակամարտության սրացումն է, և պրոցեսներն այս անգամ տեղի են ունենում մեր քթի տակ։

Իսրայելն ակտիվորեն զինել և զինում է Ադրբեջանին, օրինակ՝ 2016 թվականից ի վեր 92 չվերթ է կատարվել իսրայելական ռազմական օդակայաններից Բաքվի ուղղությամբ, բնականաբար՝ զենք, զինամթերք և սպառազինություն է տեղափոխվել։ Ակնհայտ է, որ Իսրայելը տարածաշրջանում Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ է փորձում պլանավորել, և Բաքուն կամա թե ակամա դառնալու է գործողությունների կենտրոնացման և ծավալման համար գլխավոր կետերից մեկը։ Իսկ հնարավոր բախման պարագայում Հայաստանը չի կարող ուղղակի կամ անուղղակի առնչություն չունենալ։

– Շարունակելով Իսրայելի դերակատարման և Ադրբեջանին՝ Իսրայելին պարտք լինելու միտքը ՀՀ-ի և Արցախի դեմ գործողությունների համատեքստում, հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի մեջ, բացի Թուրքիայից, նաև Իսրայելը բավականին մեծ դեր ունի: Եվ այդ պարտքը Իսրայելին Ադրբեջանն ինչ-որ ժամանակ հետո պիտի փոխհատուցի: Ինչպե՞ս պետք է լինի այդ փոխհատուցումը. Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական օդանավակայանների տարածքը կարող է որպես պլացդարմ ծառայել Իսրայելի համար՝ հարվածելու Իրանին։ Ավելին, հրապարակումներ եղան, որ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունները վերլուծության և տեղեկության են տիրապետում, որ այդ օդանավակայաններում իսրայելական հատուկ ստորաբաժանումներ են աշխատում: Այս օրերին թուրքական լրատվամիջոցները սկսել են տեղեկություններ տարածել, թե Իրանը «ահաբեկիչներ» է հասցնում Ղարաբաղ, նմանատիպ լուրեր ավելի վաղ Ադրբեջանն էր շրջանառում։

Ինչպես վերը նշեցի, Արևմուտքն անհանգստացած է Իրանի դերակատարության մեծացման առնչությամբ, և այս անգամ Իսրայելի, նաև Ադրբեջանի ձեռքերով փորձում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական խաղաքարտերը խառնել։ Սադրանքները կարող են լինել նախ՝ Ադրբեջանի կողմից Արցախի, ՀՀ սահմանների վրա հարձակումով, պատրվակների մասին ձեր հարցադրման մեջ նշեցիք, հետո՝ մասշտաբային ու սցենարային ավելի մեծ ծավալում ստանան։

Իրանը մեծ վտանգ է տեսնում Ադրբեջանից, Իսրայելը՝ Արցախի գրավյալ տարածքներից: Այո, Կովսականի (Զանգելան) և Վարանդայի (Ֆիզուլի) օդակայաններից, ադրբեջանական ռազմական նշանակության այլ զորամասերից կարող է հարձակողական գործողությունների դիմել, այո, Իրանի հատուկ ծառայությունները բազմիցս նշել են, որ այդ օդանավակայաններում իսրայելական հատուկ ստորաբաժանումներ են աշխատում, ու պատահական չէր, որ Իրանի հետախուզական բորտը թռիչքներ է իրականացրել Ադրբեջանի սահմանային այն հատվածներում, որտեղ հավանաբար տեղակայված են Իսրայելի բազաները և որտեղից հնարավոր է՝ հարվածներ հասցնեն Իրանին։

Իրավիճակը լարված է և քաոսային։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Չպետք է հույսներս դնենք այն բանի վրա, թե Թուրքիայում երկրաշարժի հետևանքով «խառն» են, կամ հույսներս դնենք ՌԴ-ի, Իրանի կամ մեկ այլ արևմտյան գերտերության վրա, թե թույլ չեն տալու թշնամուն օկուպացնել Սյունիքը կամ Գեղարքունիքը։

Օրինակ, Իրանը բազմիցս հայտարարում է, որ Թեհրանի համար կարմիր գիծ է տարածաշրջանի, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Եվ մենք բավարարվում ենք նման դրական մեսիջից ու հանգիստ նստում տեղներս։ Իսկ մենք բոլոր սցենարային ռիսկերը գնահատե՞լ ենք։ Այո, Իրանն ամեն գնով թույլ չի տալու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի կյանքի կոչման ծրագիրը, բայց գուցե դա տեղի ունենա կրկին մեր տարածքների հաշվի՞ն։ Իրանական հասարակության և փորձագիտական շրջանակներում քարոզչություն է տարվում Իրանի կողմից Նախիջևանը գրավելու և պանթուրքական ծրագիր հանդիսացող «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարին վերջ տալու անհրաժեշտության մասին։ Եվ եթե, ենթադրենք, ադրբեջանական ուժերը Սյունիքով կամ Վայոց ձորով փորձեն ուժի գործադրմամբ, այսպես ասած, միջանցք բացել Նախիջևանի ուղղությամբ, Իրանը գործի կդնի Նախիջևան ներխուժման սցենարը, փակելով ադրբեջանական ճանապարհը դեպի Թուրքիա։ Կստանանք պատկեր, որտեղ Իրանը Նախիջևանի վրայով Հայաստանի հետ կրկին կապի հնարավորություն կունենա, և ավելի կարճ, իսկ մեր կապն էսկալացիայի պատճառով կարող է կտրվել Վայոց ձորի, Սյունիքի կամ Արցախի հետ։ Իսկ նման վատ սցենարները բացառելու համար, մեր հույսը պետք է դնենք մեր վրա՝ առաջնահերթությունը տալով մարտունակ բանակ, մարտունակ պահեստազոր կառուցելուն, զենք-զինամթերք-սպառազինություն ձեռք բերելուն։ Այլ տարբերակ ուղղակի չկա։

– Դուք, ըստ էության, կանխեցիք իմ հաջորդ հարցը, թե որքանով Իրան-Ադրբեջան լարվածությունը կարող է առնչվել Սյունիքին: Այս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում հիշեցնեմ, որ մոտ 2 տարի առաջ՝ 2021-ի մայիսի 27-ին, Իրանը Չինաստանի հետ կնքեց 25 տարվա համագործակցության պայմանագիր, մասնագետներն այն ժամանակ նշեցին, որ սա լուրջ փաստաթուղթ է՝ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական առումով, և պիտի մեծ փոփոխություններ մտցներ Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Պարսից ծոցի ռազմաքաղաքական և տնտեսական հաշվարկներում, իրադարձություններում:

– Նախ ասեմ, որ Իրան-Ադրբեջան լարվածությունը ՀՀ-ի, Սյունիքի հետ ուղիղ, շատ ուղիղ կապ և առնչություն ունի: Հայաստանը չի կարող անմասն մնալ այս վտանգավոր զարգացումներից, որովհետև այստեղ որոշվում են մեծ խաղացողների էներգետիկ, լոգիստիկ և ռազմական նոր ուղիների ձևավորման հարցերը։

Եվ այդ խառը փոփոխությունների կիզակետում ինքնաբերաբար հայտնվել է նաև Հայաստանը, որը Չինաստան-Իրան-Ռուսաստան լոգիստիկ մեծ ճանապարհի գլխավոր ուղղություններից մեկն է հանդիսանում։

Իրանը ոչ միայն Չինաստանի և Ռուսաստանի հետ է բազմաթիվ համագործակցության պայմանագրեր կնքել, այլև վերջերս Սաուդյան Արաբիայի հետ երկարատև տարիների առճակատումից հետո վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները։ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ ԱՄԷ-ով, հարևան երկրներով մեծ քանակությամբ արտարժութային ռեսուրսներ են հոսելու Իրան։ Իրանցիները հաջողությամբ չեզոքացնում են իրենց հարևան երկրներից եկող վտանգները, զուգահեռ՝ տասնյակ-միլիարդավոր դոլարների ռազմական, տնտեսական գործարքներ կնքում դաշնակից երկրների հետ։ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների վերականգնումը շոկային իրադարձություն էր Արևմուտքի և Իսրայելի համար ու աշխարհաքաղաքական հաղթանակ էր Իրանի, նաև Իրանի գործընկեր Չինաստանի համար։ Ռիադ-Թեհրան համաձայնագիրը, ինչպես նաև Թեհրան-Մոսկվա-Պեկին սերտ համագործակցությունը բարդացրել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու՝ հավաքական Արևմուտքի ջանքերը։ Դրա համար էլ ակտիվացել է Իսրայելը, իր ռազմական սպառնալիքներով փորձելով անհանգստացնել Իրանին, խառնել աշխարհաքաղաքական խաղաքարտերը։ Եվ ինչպես մեկ անգամ նշեցի՝ Իսրայելը փորձում է ռազմական գործողություններ պլանավորել Իրանի դեմ, և հնարավոր բախման պլացդարմն Ադրբեջանի, ՀՀ-ի ու Նախիջևանի տարածքը կարող է լինել։ Թե Իրան-Իսրայել առճակատումը որքան կխորանա, շատ դետալներով կարճ ժամանակահատվածում պարզ կդառնա, քանի որ համաշխարհային իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Իսկ թե որքան է պատրաստ ՀՀ-ն գեոպոլիտիկ նոր փոթորիկներին դիմագրավելու համար, դա արդեն մեկ այլ քննարկման թեմա է։

Իրան-Հայաստան հարաբերություններն այսօր ինչպե՞ս կարող ենք գնահատել, արդյո՞ք Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցման քաղաքականության դեպքում հաշվի են առնվում Իրան-Հայաստան հարաբերությունների շահերը։ Կան կարծիքներ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն չի թողել, որ Իրանը որոշակի ձևով ազդի պատերազմի ելքի վրա, և Իրանը փակեց օդային սահմանը։ Դեռ 2 տարի առաջ փորձագետներից կարծիքներ էին հնչում, որ Սյունիքի հարցով Իրանն իրադարձություններին կներգրավվի այնքան, որքան դա կպահանջի և կցանկանա Հայաստանը, մյուս կողմից՝ առաջարկներ էին հնչում, որ Իրանը պետք է ռազմավարական դաշնակից լինի ՀՀ-ին, ռազմական նոր որակի հարաբերություններ պետք է Հայաստանը հաստատի հարևան Իրանի հետ:

– Ես կարծում եմ, որ Իրանում շատ զգայուն են Հարավային Կովկասում արևմտյան ներգրավման փորձերի առնչությամբ։ Օրինակ, Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը և նրանց ներկայության ապագա ընդլայնման հեռանկարը մտահոգում է նաև Իրանին, որը փորձում է տարբեր առիթներով ուղերձներ հղել Երևանին, որ ռեգիոնում անցանկալի է օտարերկրյա ներկայությունը։ Թեհրանը, մեծացնելով իր դերակատարությունը տարածաշրջանում, ցանկանում է ավելի խորը դաշնակցային հարաբերություններ ՀՀ-ի հետ։ Զուգահեռ այդ ամենին, Իրանը Սյունիքում իր քաղաքական ներկայությունն է ապահովում՝ Կապանում հյուպատոսություն բացելով։ Բայց դա քիչ է, ներկա ժամանակահատվածում պետք է ամեն քայլ գործադրվի՝ Իրանի հետ ռազմական նոր որակի հարաբերություններ հաստատելու համար, իսկ նման գործընթացում, կարծում եմ, ավելի կաշկանդված է հայկական կողմը։

Հ.Գ. Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մոտ ժամանակներս պատրաստվում է մեկնել Թուրքիա և հանդիպել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իրանի նախագահը Թուրքիա է մեկնում ադրբեջանական և քրդական հարցեր ներառող թղթապանակով: Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օգնելով Ադրբեջանին՝ գրավել «օկուպացված» տարածքները, Թուրքիան, կոպիտ ասած, մտավ իրանական հետաքրքրությունների դաշտ:

Տեսանյութեր

Լրահոս