
Երևանի ավագանին նոր անդամ ունի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ Գնունու Գևորգյանին։
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ի գրասենյակից, նշելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ համալրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր տեղը։
Թափուր տեղի համար դիմել է 5 քաղաքացի։ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով ընտրել է Անի Խաչատուրի Դավթյանին որպես թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։