«2016թ. Բաքուն չհասավ ո՛չ իր ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին». Էդվարդ Նալբանդյանը՝ Ալիևի խոստովանության մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեսագրությամբ խոսեց այն մասին, որ 2016թ. հոկտեմբերի 7-ի Ալիևի հայտարարությունը ցույց էր տալիս, որ եռանախագահող երկրները չեն կիսում Ադրբեջանի դիրքորոշումը, և, որ նրանց մոտեցումները համահունչ են հայկական կողմի մոտեցումներին:
«Մոտ մեկ տարի Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել Մադրիդում 2007թ. նոյեմբերին ներկայացված առաջարկությունների հիման վրա, և միայն Մայնդորֆում 2008թ. նոյեմբերին կայացած գագաթնաժողովին Ադրբեջանը ստիպված էր ընդունել մադրիդյան փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք: 2008-11թթ. բանակցությունների արդյունքում մոտ 3 տասնյակ փոփոխություն կատարվեց մադրիդյան փաստաթղթում, որոնք համահունչ էին մեր մոտեցումներին: 2011թ. հունիսին Կազանում գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները ողջունելով ՌԴ նախագահի միջնորդական ջանքերը՝ կոչ արեցին կողմերին համաձայնել ներկայացվելիք փաստաթղթին: Հակառակ ակնկալիքներին, ադրբեջանական կողմը մերժեց: Սակայն բանակցությունները փակուղի չմտան: Ավելի շուտ, Ադրբեջանն էր իրեն փակուղի մտցնում: Ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին»,- ասաց նախկին արտգործնախարարը:
Նալբանդյանի խոսքով՝ եռանախագահողները շեշտում էին, որ Արցախի հարցը պետք է լուծվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային պարտադիր իրավական ուժ. «Նաև ընդգծում էին կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման կարևորությունը: Դա արտացոլվեց 2012-13թթ. Լոս Կաբոսում և Էնիսկիլենում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում, որոնք շարունակությունը դարձան իրենց նախորդ երեք հայտարարությունների: 2014-15թթ. եռանախագահող երկրների, հատկապես՝ ՌԴ ԱԳ նախարարի կողմից տարբեր գաղափարներ առաջարկվեցին՝ միտված փոխըմբռնելի լուծումներ գտնելուն, որոնք շատ չէին տարբերվում մադրիդյան փաստաթղթի տարրերից, սակայն ադրբեջանական կողմը մերժեց այդ բոլոր գաղափարները: Իսկ 2016թ. սկզբին Բաքուն ընդհանրապես հրաժարվեց հանդիպումներ ունենալ եռանախագահողների հետ: Ձախողվելով բանակցություններում՝ ադրբեջանական կողմն ագրեսիա սանձազերծեց Ղարաբաղի դեմ՝ փորձելով իր մոտեցումներն ուժի միջոցով պարտադրել: Սակայն, նորից ձախողվեց: Այսպիսով, Բաքուն չհասավ ո՛չ իր ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին: Դրա վառ վկայությունն էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները և դրանց հաջորդած Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարների հայտարարությունները՝ 2016թ. դեկտեմբերին՝ Համբուրգում, և 2017թ. դեկտեմբերին՝ Վիեննայում: Այս ամենը մեր դիվանագիտության, նախագահ Սարգսյանի ղեկավարությամբ, ձեռքբերումների մասին էին խոսում: Եվ նաև՝ Ադրբեջանի այս ձախողումները պատճառ դարձան Ալիևի՝ 2016թ. հոկտեմբերի 7-ի հայտարարության»:
Մանրամասները՝ տեսանյութում