Տավուշից զորքի հետքաշման վերաբերյալ կողմերի «դիվանագիտական հնարքները», գործակալների փաշինյանական փնտրտուքը

Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Սահմանային հարցերում մենք վերանայել ենք առաջընթացը և սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում ղեկավարները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ»:

Գոնե այստեղ սահմանազատումը հստակ չի կապվում զորքերի հետքաշման հետ:

Սակայն, մայիսի 15-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն առաջ էր քաշել սահմանազատմամբ զորքերը հանելու հարցը:

Կարդացեք նաև

«Մեկ-երկու կետ կա, որտեղ ՀՀ զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում պետք է լինի, դա է եղել ձևակերպումը Բրյուսելում հստակ օգտագործված, ես պարզապես կրկնում եմ»,- ՀՀ-ի վերաբերյալ ընդգծել էր դեսպանը:

Նույն հանդիպմանը ներկա ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերման գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի, այլև միջազգային մի շարք գործընկերների կողմից։

Իսկ թե Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվե՞լ է անկլավների թեման, ԱԳ փոխնախարարը նշել էր.

«Անկլավների մասին որևէ քննարկման վերաբերյալ տեղյակ չեմ, և նման քննարկումների մասին ընդհանրապես վերջին շրջանում և նաև նախկինում ես տեղեկություն չունեմ»:

Ինչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ տեղեկացնում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներին Ալիևի հետ իր խոսակցությունների մասին, քանի որ Պրահայում «Ազատության» հետ հարցազրույցում նա ասել էր, որ Տավուշի գյուղերի վերադարձի հարց Մյունխենում քննարկել է Ալիևի հետ զրույցում:

«Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունն օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել: Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա»,- ասել էր Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Բաքուն ՄԱԿ-ում ներկայացրել է նաև պահանջ, որ Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը»: Հիմա օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր Տավուշի հատվածից զորքի հայելային հետքաշման հարցը՝ կապելով սահմանազատման և խաղաղության պայմանագրի հետ: Սրա ռիսկերի մասին մենք զգուշացրել ենք և ոչ մեկ անգամ:

«Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի»,- նշել էր Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ:

«Ես ձեզ ավելին ասեմ՝ դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում: Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք: Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք՝ ինչ ենք անում: Կան ամենատարբեր տարբերակներ, օրինակ՝ եղած իրավիճակն արձանագրում ենք՝ որպես պետական սահման, չգիտեմ»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով նաև, որ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կիլոմետր Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և, որ ունենք սահմանամերձ գյուղեր, որոնց վարելահողերն Ադրբեջանի հսկողության տակ են:

Ի դեպ, այս հայտարարությունից մեկ օր առաջ՝ 2021 թվականի մայիսի 19-ին, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որ Փաշինյանը պատրաստ է Տավուշի մարզից տարածքների հանձնմանը:

2021 թվականի մայիսի 20-ին Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ այս առնչությամբ, մասնավորապես, ասել էր.

«Շատ անհարգալից իրադրություն ունենք Հայաստանի Հանրապետության հանրության հանդեպ. համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն՝ սևով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ:

Պատկերացնո՞ւմ եք: Պատկերացրեք՝ թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված է, ասենք՝ տեսեք, ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում:

Եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե է պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ, իհարկե, կրկին ասում եմ՝ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է, և այլ կերպ լինել չի կարող:

Ընդ որում՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ես ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից:

Եվ ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: 100 տոկոսով, ոչ թե 99.9: Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»:

Վերջին միտքը Նիկոլ Փաշինյանը կրկնել էր ՀՀ ԱԺ-ում նաև 2021 թվականի նոյեմբերի 17-ին:

«2021թ. մայիսին եմ հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, ես պատրաստ եմ և պատրաստվում եմ ստորագրել, բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով այդ պրոցեսը խափանվեց, և դրանից հետո էլ երկու անգամ եղել է առաջարկներ՝ սկսելու, և մենք համաձայնել ենք»,- ընդգծել էր նա:

Այս համատեքստում իր ընդդիմախոսներին ադրբեջանական գործակալ անվանած Փաշինյանը 2023 թվականի մայիսի 5-ին Պրահայում «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր՝ պատրաստ է հանձնել Տավուշի «անկլավները»: Այսինքն, ասել էր այն, ինչ դեռ 2 տարի առաջ գաղտնազերծել էր Միքայել Մինասյանը:

Իհարկե, սա նման առաջին դեպքը չէ. 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված էր.

«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը… Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։ Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:

Մեկ օր հետո սկսվեց 44-օրյա պատերազմը:

Վերադառնանք Տավուշի հատվածում զորքերի հայելային հետքաշման Նիկոլ Փաշինյանի առաջարկին և Վիկտորինի հավաստիացումներին:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը Գելա Վասաձեի հետ զրույցում այս հարցի վերաբերյալ ասել է.

«Ադրբեջանը ՀՀ տարածքում ոչ մի բնակավայր չի զբաղեցնում, այն դեպքում, երբ Հայաստանը վերահսկում է 8 բնակավայր: Հայկական կողմը պահանջներ է ներկայացնում, թե ինչ-որ բարձունքներ… իսկ դրանք սովորաբար սահմանների դելիմիտացիայի գործընթացում կարևոր դեր են խաղում: Կրկնում եմ՝ այդ ամենը կարգավորվելու է սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցություններում: Իսկ հայկական կողմի պահանջը, թե նախապես կողմերը պետք է հետ քաշեն իրենց զորքը, այսինքն, այդ տարածքը մնում է որպես չեզոք գոտի, դա չի ընդունվում: Ավելին, այն նույնիսկ չի էլ քննարկվել»:

Այսինքն, ադրբեջանական կողմը հստակ հայտարարում է՝ Տավուշի հատվածից զորք հետ չի քաշելու: Բայց Տավուշի հատվածում, ինչպես արդեն մի քանի անգամ գրել ենք, հայկական կողմը դիրքեր կորցնելու է, նաև՝ ռազմավարական նշանակության ճանապարհներ, մասնավորապես, Ոսկեպարի ճանապարհը:

Դեռ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտել էր.

«Եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի հատվածում, Պառավաքարի, Արծվաշենի խնդիր կա: Նման խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, որը բնական է` պատերազմի օրերից սկսած՝ այս 30 տարվա ցուցանիշներն են, որոնք եղել են: Մենք ենք առաջ գնացել, իրենք են առաջ եկել, բայց հիմա դա փոխելը մեծ խնդիրներ և բարդություններ կբերի: Կարծում եմ` միակողմանի ոչ ոք նման քայլի չի գնա` երկրի ղեկավարությունը, ՊՆ-ն, որ ՀՀ հատվածում դիրքերի փոփոխություն կատարեն»:

Որքանով կարդարացվեն Արտակ Դավթյանի հույսերը, ցույց կտա ժամանակը:

Իսկ մենք 2022 թվականի հունվարին նաև գրել էինք, որ 2020 թվականին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանը Ֆերեհլի գյուղից Փայտասար/Օդունդաղ սարի ստորոտով նոր ճանապարհ է կառուցում դեպի Մազամ և Ղուշչի Այրում գյուղերը:

168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ էր պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:

Նույնիսկ կոնկրետ ճանապարհ է փորվել ոչ միայն Ղըզըլհաջըլի (ադրբ.՝ Qızılhacılı) գյուղի հատվածում, որը հարավ-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այլև առաջ են եկել դեպի ջրամբար ու փորել, քանդել նաև մեր տարածքում՝ սահմանից ներս:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, կասկածելի ձողեր էին հայտնվել այն տեղերում, որոնք, ենթադրաբար, անկլավների տարածքում են:

«Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, միջազգային և հանրային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը սահմանազատման գործընթացի համատեքստում նշել էր.

«Ես լեռներում շատ եմ տեսել, կան սյուներ, որոնց հստակ կոորդինատները աշխարհի վրա որոշված են, և այնպես են դրանք կազմակերպվել՝ առնվազն խորհրդային տարածքում, որ ցանկացած տեղից երեք սյուն հնարավոր լինի գտնել: Եթե երեք սյան կետերի կոորդինատները հայտնի են, դրանց համեմատ անկյունով-բանով կարելի է որոշել ցանկացած այլ վայրի կոորդինատ»:

Այս թեմայի համատեքստում հիշեցրել էինք, որ 2016-ին հայ լրագրողների «թեթև» ձեռքով Ադրբեջանը «գրավել» էր Օդունդաղի բարձունքը:

Ավելի ուշ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը քարտեզի միջոցով մանրամասնել էր, թե իրականում ինչ է կատարվել սահմանի այդ հատվածում:

«Օդունդաղ լեռան գագաթով է անցնում հայ-ադրբեջանական «միջազգայնորեն ճանաչված» սահմանը, սակայն փաստացի սահմանը (իսկ ըստ էության՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գիծը) անցնում է ոչ թե լեռան գագաթով, այլ ավելի հարավ գտնվող Ջողազի ջրամբարով, որը բաժանում է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մազամ գյուղերը։ Իսկ Մազամից ավելի հյուսիս՝ ադրբեջանական Ղուշչի Այրում և Ֆերեհլի գյուղերի միջև գտնվող բարձունքը, արդեն 25 տարի է, ինչ ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ հակառակորդի դիրքերն էլ այնտեղ վաղուց կան»,– նշվում էր կայքի հոդվածում:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով, Տավուշի հատվածում դեռ 2021-ից տեղադրված ռուսական ուղեկալները մնում են: Մասնավորապես, 2021-ին տեղեկություններ ստացվեցին, որ Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում: Մամուլում տեղեկություն էր շրջանառվել նաև Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին ռուսական ուղեկալի տեղադրման վերաբերյալ, ինչը, ըստ էության, նախանշան էր Վերին Ոսկեպար (Յուխարի Աքսիպարա) գյուղի հանձնման, որի դեպքում Տավուշի մարզի շատ գյուղեր հայտնվելու են թշնամու «ափի մեջ»:

ՊՆ-ն հաստատել էր այս լուրը:

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ մեզ հայտնի էր դարձել, որ ռուսական կողմն Այգեպարի հատվածում մոդուլային ավան է կառուցում:

2022 թվականի հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված էր.

«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:

Նշված էր նաև, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում մատնանշված անվտանգային, արտաքին քաղաքական մի շարք գործոններից:

Շարունակենք զորքերի հետքաշման թեման: Նախ նշենք, որ ժամանակին ՀՀ իշխանություններն այդ մասին խոսում էին սահմանային անվտանգության ապահովման, հրադադարի խախտման և կրակոցների հետևանքով զոհերի բացառման տրամաբանության մեջ: Իսկ այսօր արդեն՝ զուտ սահմանագծման և խաղաղության պայմանագրի կնքման գործարքն ավարտին հասցնելու համատեքստում:

Ի դեպ, նախկին իշխանությունների օրոք երբ դիպուկահարային պատերազմի ժամանակ միջազգային կառույցները խոսում էին շփման գծից դիպուկահարների հետքաշման մասին, այդ ժամանակ ՀՀ ղեկավարությունը պահանջ էր դնում՝ թող նախ Ադրբեջանը գնա այդ քայլին, հետո միայն՝ մենք:

Հիշեցնենք, որ 2011 թվականին ՀՀ արտգործնախարարությունում՝ այդ ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինիուս Աժուբալիսը հայկական կողմին առաջարկել էր միակողմանի հեռացնել դիպուկահարներին:

«Այստեղ՝ Հայաստանում, իմ գործընկերոջն առաջարկեցի` միգուցե Հայաստանն առաջինը հետ քաշի դիպուկահարներին, իմ առաջարկն ավելի շուտ իմպրովիզացիոն բնույթ ուներ, բայց այնուամենայնիվ ես նրան առաջարկեցի դա անել: Բայց դա ավելի շուտ զգացական հարթության վրա է, ու կարծում եմ, որ դա Հայաստանի բարի կամքի լավագույն օրինակը կլիներ»,- լրագրողներին հայտնել էր նա:

Այդ ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Աժուբալիսի այս հայտարարությանն ի պատասխան՝ հիշեցրել էր, որ միջազգային տարբեր ամբիոններից բազմաթիվ անգամներ կոչեր էին հնչել շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու մասին: Թե Հայաստանը, թե Ղարաբաղն ընդունել էին առաջարկը:

Այն դեպքում, երբ Ադրբեջանը գործնականում անտեսել էր միջազգային հանրության կոչերն ու հորդորները, Հայաստանին այլ բան չէր մնում, քան պատրաստել բարձրակարգ դիպուկահարներ և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից դիպուկահար հրացաններ գնել:

Տեսանյութեր

Լրահոս