«Յուրաքանչյուր զիջում Արցախի բլոկադայի պայմաններում, նաև դրանից հետո ուղիղ համեմատական է Արցախի վերջի սկիզբը դնելուն». Գառնիկ Դավթյան
Մարտի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Հենց նիստի ընթացքում էլ Արցախի Հանրապետության նախագահը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ: Ներկայացրեց ստեղծված իրավիճակը, հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ փետրվարի 24-ին ադրբեջանական կողմի հետ Արցախի ներկայացուցիչների հանդիպման մասին որոշ մանրամասներ:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում: Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր։ Դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»,- շեշտել էր Արայիկ Հարությունյանը։
Ի՞նչ զարգացումներ սպասել Ադրբեջանի այս պահանջները ներկայացնելուց հետո, ի՞նչ է նշանակում այս պահանջ-սպառնալիքը։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով մեր հարցերին՝ նշեց, որ ամեն ինչ պայմանավորված է Արցախի շրջափակումից հետո Արցախի իշխանությունների կատարած քայլերով և զիջումներով։
«Ադրբեջանն Արցախը շրջափակելուց հետո կրկին մի շարք պահանջներ էր ներկայացրել՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հեռացնելը, վերահսկողություն Արցախի հանքերի նկատմամբ և այլն։ Փաստացի կոնկրետ վերջին շրջանում՝ բլոկադայից սկսած նաև, Ադրբեջանը փորձ է անելու հնարավոր բոլոր մեթոդներով աստիճանաբար Արցախին զրկել սուբյեկտայնությունից և քաղաքական հնարավորություններից։ Այսինքն՝ Արցախում ստեղծել այնպիսի քաղաքական զարգացումներ, որի արդյունքում Ադրբեջանը կունենա իր քիմքին հաճո ներկայացուցիչներ՝ հայի կերպարով, որոնք էլ մեծ ջանասիրությամբ կիրականացնեն ինտեգրացիոն գործընթացները»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետի գնահատմամբ, այս բոլոր գործընթացների մեկնարկը սկսվել է Արցախը շրջափակելուց հետո, փաստորեն, արտաքին ճնշումների ազդեցության ներքո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականով։
«Անկախ այն հանգամանքից, թե այժմ Արցախը որքան բարդ վիճակում է գտնվում, հաշվի առնելով նաև Հայաստանի ոչ հայկական իշխանությունների քաղաքականությունը, կարծում եմ՝ որևէ պարագայում չպետք է զիջումների գնալ ու կատարել Ադրբեջանի պահանջները։ Յուրաքանչյուր զիջում Արցախի բլոկադայի պայմաններում, նաև դրանից հետո ուղիղ համեմատական է Արցախի վերջի սկիզբը դնելուն»,- հավելեց Գառնիկ Դավթյանը։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահի այն հայտարարությանը, որ Արցախի ժողովուրդը չի հրաժարվելու իր ինքնորոշման իրավունքից, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ այս հայտարարության մեջ կար նաև թաքնված հատված: Արայիկ Հարությունյանն առանց փակագծեր բացելու ասաց, եթե հասարակության մեջ «լինեն այնպիսի տրամադրություններ, թե պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, ու էն ժամանակ արդեն երկրում հնարավորություն կլինի ձևավորել նոր իշխանություն, որը կընդունի Ադրբեջանի առաջարկությունները»։
Գառնիկ Դավթյանի մեկնաբանությամբ՝ Արցախի նախագահի հայտարարության այս հատվածով ակնհայտ է դառնում.
«Նա մանևրելու և պատասխանատվությունից խուսափելու ճանապարհ է փնտրում։ Կարծում եմ՝ առաջիկայում Արցախում գործընթացներ են սկսվելու, մասնավորապես՝ ցույցերի, բողոքի ակցիաների մակարդակով, ինչպես կառավարության, այնպես էլ ռուս խաղաղապահների դեմ ուղղված։ Այստեղ կա օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, բազմիցս ասել ենք, որ Ուկրաինայի կոնֆլիկտով պայմանավորված՝ այսօր Ռուսաստանը չի կարողանում լիարժեք զսպել Ադրբեջանի լկտի վարքագիծը։ Սուբյեկտիվ պատճառները պայմանավորված են այն մարդկանցով ու խմբերով, որոնք ծառայում են Հայաստանի ու Արցախի կառավարություններին։
Արցախի քաղաքացիները, որոնք զբաղված են իրենց առօրյա հոգսերով, փորձում են նրանց համոզել, որ փոքր զիջումներով «հնարավորություններ» կլինեն Ադրբեջանի հետ, օրինակ, ժամանակ ձգեն, որպեսզի Ռուսաստանն ուկրաինական ֆրոնտում կայունանա, ու ամեն ինչ լավ կլինի, սա կեղծ իրականության մատուցումն է հանրությանը։ Կամ, օրինակ, մի հարցում Ադրբեջանին զիջեն, որ Ադրբեջանն էլ իրենց զիջի, մոռանալով, որ նա իր խոստումները չի կատարում։ Վիտալի Բալասանյանի և այլոց հրաժարականից հետո էլ որևէ բան չզիջվեց հայկական կողմին, դեռ ավելի վատ եղավ։ Ակներև է, որ կան մարդիկ, որոնք սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը՝ Արցախի անվտանգության և սուբյեկտայնության ողնաշարը կոտրելու համար»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։