Մինչև Ալիևների-Փաշաևների կլանների հանդեպ չկիրառվեն հստակ սանկցիաներ, իրենք ոչ մի բան չեն անելու. Լարիսա Ալավերդյան

Արդարադատության միջազգային դատարանը երեկ հրապարակեց Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը և պարտավորեցրեց Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ու թեև ՀՀ ԱԳՆ-ն կոչ արեց միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը, այդուհանդերձ, հանրային տարբեր շրջանակներ թերահավատ են վերաբերվում այդ սցենարին:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ևս մեծ կասկածներ ունի, թե Ադրբեջանը կիրականացնի Հաագայի վճիռը:

168.am-ի հետ զրույցում նա հատկապես ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ «այդ վճռում տեղ է գտել մի տարօրինակ կետ, որ հասկանալի չէ՝ ով է փակում այդ գազի փականը»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այս ձևակերպումը նորից հնարավորություն է ընձեռում Ադրբեջանին խաթարել Արցախի գազամատակարարումը:

Վճռին անդրադառնալով՝ իրավապաշտպանը նկատեց, որ թեև ուրախ է այս հայցով դատարանի որոշման համար, բայց, ըստ նրա՝ սրանով քողարկվում է բուն խնդիրը:

«Ադրբեջանը ոչ թե իրականացնում է ինչ-որ տարածքի շրջափակում, այլ քաղաքական խնդիր է լուծում՝ ասելով, որ չկա որևէ միավոր չճանաչված, կամ՝ հանրապետություն: Իսկ Հայաստանի հայցում չկա նման կետ:

Հնարավոր է՝ Հայաստանի հմուտ իրավաբանները գնացել են այն ճանապարհով, որ այդ պահանջով կարողանան ստանալ դրական պատասխան, բայց դրանով իսկ ունենք այնպիսի վիճակ, որ կարծեք՝ չենք բողոքարկում այն փաստը, որ Ադրբեջանն ամբողջովին օկուպացրել է չճանաչված հանրապետության մի մասը, իսկ մյուս մասը՝ շրջափակել:

Այսինքն՝ խնդիրը ոչ միայն հումանիտար հարցերի լուծումն է, այլ արձանագրելը՝ անկախությունը (տվյալ դեպքում որպես իպսո-ֆակտո գոյություն ունեցող պետություն),- պարզաբանեց Լարիսա Ալավերդյանը, ապա հավելեց՝ Ադրբեջանն առայժմ անդրդվելի է մնալու, որովհետև հստակ ձևակերպված պահանջներ ունի,- Այս առումով մինչև Ալիևների-Փաշաևների կլանների հանդեպ չկիրառվեն հստակ պատժամիջոցներ, սանկցիաներ, և չհստակեցվի, որ նրանք միջազգային բոլոր նորմերով (փողերի լվացման, կոռուպցիայի, ընդ որում՝ քաղաքական և միջազգային մակարդակով) մեղքի կրող են, իրենք ոչ մի բան չեն անելու»:

«Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ-ի և ՀՀ-ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետևանքների է հանգեցրել, և հետևանքները կրողները շարունակում են մինչ այս պահը դրանք կրել։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն` Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերում է նաև նրանց, որոնք ԼՂ–ում հիվանդանոցներում են։ Տեղեկությունների համաձայն՝ խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի պակասուրդ է առաջացել»,- ասված է Հաագայի դատարանի որոշման մեջ։

Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները:

Տեսանյութեր

Լրահոս