Ճապոնիան և ԱՄՆ-ն մտադիր են մեծացնել ներկայությունը տարածաշրջանում
Ճապոնիան և Միացյալ Նահանգները պաշտպանական դաշինքի շրջանակներում մտադիր են հետևողականորեն մեծացնել իրենց ներկայությունը տարածաշրջանում և ակտիվացնել համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարար Շինձիրո Կոիզումին իր ամերիկացի պաշտոնակից Փիթ Հեգսեթի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
«Աշխարհի ամենամեծ դաշինքը՝ ճապոնաամերկյան դաշինքը ամրապնդելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել համատեղ հրամանատարական կառուցվածքը, մեծացնել մեր համատեղ ներկայությունը (Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում) և ակտիվացնել զորավարժությունների անցկացումը», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Կոիզումին ընդգծել է, որ այդ ամենը ճապոնաամերիկյան դաշինքի առաջնահերթ խնդիրներն են, որոնք Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ զինված ուժերը կիրագործեն միասին:
Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության նոր ղեկավարը նշել է, որ իրենք Հեգսեթի հետ նաև համաձայնության են եկել ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը, ներառյալ տվյալների փոխանակումն այնպիսի դաշնակից երկրների հետ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ավստրալիան և Ֆիլիպինները:
Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան հնարավորինս շուտ կավելացնի պաշտպանական ծախսերը։
Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի դաշնակցային կապերի ամրապնդումը պահանջում է զինված ուժերի զարգացման շարունակում «հակամարտության կասեցման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մարտական գործողությունների համար՝ հանուն հաղթանակի»։ ԱՄՆ նախարարը նշել է Տոկիոյի պատրաստակամությունն՝ ավելացնելու պաշտպանության ծախսերը՝ դա որակելով «կարևոր քայլ դեպի առաջ»:

