Գերմանիայի ռազմածովային ուժերը կարող են լազերային զենք ստանալ մինչև 2029 թվականը
Նոր լազերային համակարգերը, հավանաբար, Գերմանիայի ռազմածովային ուժերին կմատակարարվեն մինչև 2029 թվականը։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է գերմանական Rheinmetall AG պաշտպանական կոնցեռնը:
«Սպառազինությունների նոր լազերային համակարգը կարող է Գերմանիայի ռազմածովային ուժերին մատակարարվել մինչև 2029 թվականը։ Այն գործուն և շահութաբեր համալրում կդառնա սովորական կառավարվող հրթիռների համար», – ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ լազերային զենքի առաջին նմուշները հաջողությամբ փորձարկումներ են անցել Մեպենի (Ստորին Սաքսոնիա) հետազոտական կենտրոնում։
Rheinmetall-ը պարզաբանել է, որ գերմանացի զինծառայողները կկարողանան նոր մշակումն օգտագործել անօդաչու թռչող սարքերի, արագընթաց կատերների և, անհրաժեշտության դեպքում, կառավարվող հրթիռների ոչնչացման համար։
Նախագիծն իրականացվում է MBDA ընկերության աջակցությամբ, որը երկար տարիներ հաջողությամբ համագործակցել է Rheinmetall-ի հետ։

